Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ավագանու 5 անդամներից 4-ի պահանջով ավագանու արտահերթ նիստ է կայացել: Ավագանու անդամներն իրենց բողոքն են հայտնել համայնքապետարանի ծառայողական «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու դեմ:
Ավագանու անդամները մեզ հայտնեցին, որ մտավախություն ունեն, թե ծառայողական ավտոմեքենան սեպտեմբերի 23-ին ՝ ՏԻՄ ընտրությունների օրը Ոսկեպարում կօգտագործվի ընտրողներին ընտրատեղամաս բերելու համար:
Ժողովի ավարտից քիչ անց ծառայողական այդ մեքենան մեկնել է Երեւան: Վարորդը՝ Ամրամ Աղբալյանը սահմանամերձ Ոսկեպարի բազմամյա ՀՀԿ-ական ղեկավար Հրուշ Աղբալյանի հոր հորեղբորն թոռն է: Նա ունենալով միջնակարգ մասնագիտական կրթություն (ավարտել է ռադիոտեխնիկում) տնօրինում է գյուղի մշակույթի տունը, նաեւ՝ ծառայում որպես վարորդ: Ամրամն ունենալով անձնական ավտոմեքենա, այդ օրը համայնքապետարանի ծառայողական մեքենայով Երեւան է մեկնել սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանից ժամանող իր մորը Ոսկեպար տեղափոխելու համար:
Ավագանու նիստում ավագանու անդամները հարց են բարձրացրել նաեւ Ոսկեպարի մշակույթի տան նորոգման եւ գույքով հագեցնելու համար գործարար Միքայել Վարդանյանի նվիրաբերած 3 միլիոն դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ: Գյուղապետն ասել է, որ այդ հարցին կանդրադառնան սեպտեմբերի 23-ի ընտրություններից հետո:
Կարդացեք նաև
Ավագանու անդամներն ասացին, որ գյուղապետարանի աշխատակիցներից շատերը գյուղապետ Հրուշ Աղբալյանի հարազատներն են: Գյուղապետի տեղակալ Իշխան Աղբալյանը Հրուշ Աղբալյանի հոր հորեղբոր տղան է,գյուղապետարանի հաշվապահը՝ Իշխանի կինն է, գրադարանի աշխատող Նառա Սիրադեղյանը՝ գյուղապետի քեռու հարսը:
Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, հետո դարձավ ժամանակավորապես անհասանելի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ