Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

Սեպտեմբեր 22,2012 10:36

 Սեպտեմբերի 21-ին  Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին »  թեմայով:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին`  ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Իմ ելույթը ուզում եմ սկսել պարոն Նախագահին շնորհավորելով մեր հասարակություններին հուզող այս արդիական թեման ընտրելու համար: Այս համաժողովը նման կարևոր խնդիրները քննարկելու կարևոր հարթակ է:

Այսօր ինձ համար շատ խորհրդանշական է ժողովրդավարության այս տաճարի` ԵԽԽՎ բարձր ամբիոնից, ելույթ ունենալը. 21 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով  հռչակեց իր անկախությունը:

Հայաստանի համար անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգը հանդիսացել է մեր երկրի կառուցման ուղենիշը`արտահայտելով մեր ժողովրդի կամքը:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա թեման մեր քաղաքական օրակարգում է արդեն տևական ժամանակ: Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը և դրա արդյունքում պարտադրված կոշտ տնտեսական քաղաքականությունը մարտահրավեր են մեր համընդհանուր եվրոպական ժողովրդավարության արժեհամակարգին` ստիպելով մեզ անընդհատ անդրադառնալ այդ երևույթին: 2010 թվականին Հայաստանում կայացած  «Ժողովրդավարության ապագայի » ֆորումը անդրադարձ կատարեց  ճգնաժամի հիմնական պատճառներին և նախանշեց հաղթահարման հնարավոր ուղղությունները:

Իհարկե, խորհրդարանները` լինելով ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարևոր օղակներից մեկը, առանցքային դերակատարություն ունեն այս հարցում:

Սակայն ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին ժամանակակից հասարակության ժողովրդավարական կյանքի ակտիվ մասնակից դառնալ: Մարդիկ ազատ բանավիճում են և շփվում անկախ տարածություններից և սահմաններից: Նման միջավայրում առկա է վտանգ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը անկարող լինի արտահայտել ավելի դինամիկ հանրային կամքը: Ընդ որում վտանգն առկա է նաև այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմությունը որևէ կասկած չի հարուցում:

Գոյություն ունեցող կառավարման համակարգերը իրականությանը ներդաշնակեցնելու հրամայականը պահանջում է հասարակական գործընթացների դերակատարների նոր փոխհարաբերություններ: Որքան էլ հակասական հնչի` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը պետք է հաղթահարվի ժողովրդավարության գործիքակազմի ընդլայնմամբ: Ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է լինի ժողովրդավարության միակ արտահայտչամիջոցը: Մենք պետք է գտնենք ժողովրդի և իշխանությունների միջև փոխգործակցության նոր, առավել կենսունակ, արդյունավետ միջոցներ: Դրանք պետք է նաև ներառեն տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործում անմիջական ժողովրդարության տարրեր:

Հարգելի գործընկերներ,

Ժողովրդավարությունը կենսունակ չէ առանց ժողովրդավարության մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթում, որի հիմնական պատասխանատուն քաղաքական վերնախավն է: Հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ այն ճանապարհն է, որը կկանխի եվրոպական արժեքային համակարգի չարաշահումը, երբ դրանով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները դառնում են միջոց ծայրահեղ գաղափարախոսության տարածման համար: Սա այն վտանգն է, որ մենք պետք է կանխենք միասին:

Այս տեսանկյունից անհանգստությամբ եմ արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռևս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը: Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած և  ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց և հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից: Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երևույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի  կայքը և դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների: Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան:

Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք և աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930