«Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդուն` 42-ամյա Անդրանիկ Հակոբյանին սեպտեմբերի 28-ին ազատ են արձակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Հակոբյանը եւ կասկածներ հայտնեց, որ շատ հնարավոր է խոչընդոտներ ստեղծեն եւ ազատ չարձակեն: Անդրանիկ Հակոբյանի հայրը պատմեց, որ որդուն բերման են ենթարկել բանդայի գործի շրջանակներում, սակայն հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափերով ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու նպատակի: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Սուրիկ Հակոբյանը նաեւ պատմեց, որ Անդրանիկ Հակոբյանին եւ բանդայի գործով անցնող Արման Դալլաքյանին բերման են ենթարկել Վարդենիսից: Անդրանիկ Հակոբյանը Վարդենիսում բնակվող ընկերոջը վառարան է նվիրել եւ Արման Դալլաքյանի հետ գնացել է Վարդենիս, որ խորհուրդներով օգնեն: Սակայն, երբ աշխատանքները վերջացրել են եւ գնացել ռեստորանում ճաշելու, Անդրանիկ Հակոբյանին եւ Արման Դալլաքյանին բռնել են: Ավելին` Սուրիկ Հակոբյանը ընդգծեց, որ որդուն շինծու են դատապարտել եւ անձամբ ինքն է թմրանյութը տարել տվել քննիչներին, որի հիման վրա որդու դեմ քրեական գործ են հարուցել:
«Եկան մեր տուն եւ ասացին կամ զենք տվեք կամ թմրանյութ: Ես էլ գնացի մեկից կանեփի տերեւներ խնդրեցի, որ տանեմ տամ: Սրբությամբ եմ երդվում, ո ր այդ տերեւները ես եմ տարել տվել, իր մոտ նման բան չի եղել»,- հավաստիացրեց Սուրիկ Հակոբյանը եւ ընդգծեց, որ որդուն սեպտեմբերի 24-ին են բերման ենթարկել, այնինչ ուշացնում են նրա ազատ արձակումը:NEWS.am-ը դիմեց ՀՀ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանին: Վերջինս էլ ասաց, որ Անդրանիկ Հակոբյանը, ով Էրեբունի քրեակատարողական հիմնարկում է պատիժը կրում դատավճռով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով`28.09.2011թ-ին: «Պատժաժամկետը կալանավորման օրվանից է հաշվվում: Եթե 24-ի գիշերը լույս 25-ի առավոտյան նրան բերման են ենթարկել, ապա դրանից հետո 3 օրյա կալանք են տալիս եւ ստացվում է, որ նա կալանավորվել է սեպտեմբերի 28-ին: Դատավճռով կալանքից սկսած են ժամկետը հաշվել, ինչն էլ ենթադրում է, որ նա 28.09.2012թ-ին պետք է ազատ արձակվի»,- պարզաբանեց Գոռ Ղլեչյանը: Հարցին, թե հնարավո՞ր է հետագայում հետաձգվի նրա ազատ արձակումը ասաց. «Բացառված է: Սեպտեմբերի 28-ին նրան բաց կթողնեն»:
Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Արտյուշա Հակոբյանի բացից կալանավորել էին նաեւ նրա եղբորը եւ կնոջը: Իսկ գործի նախաքննության ընթացքում 16 կալանավորվածներից 10-ին ազատ են արձակվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը