Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում

Սեպտեմբեր 22,2012 10:26

Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:

Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի  հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է սկանդինավյան տարածաշրջանի և, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ և փոխշահավետ համագործակցության հաստատումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու  երկրների միջև քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, եւ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի  քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով` միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա եւ  իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրեց  Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները եւ եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի  փոխանցումը եւ ազատ արձակումը գնահատեց որպես անթույլատրելի եւ աննախադեպ երեւույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում  Եվրոպայում եւ Հունգարիայի իշխանությունների այդ  քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ  ԵԽ անդամ Ադրբեջանի  արարքը միջազգային նորմերի և եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի  հաջորդ  հանդիպումը  Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա  Պրամմերի  հետ էր: Ողջունելով տիկին Պրամմերին` պարոն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ  այս տարի լրանում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձեւաչափերով:  <<Հայ – ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում>>,- նշեց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության  ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով:

Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ համարեց ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջեւ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Տիկին Պրամմերը շեշտեց, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին:

Նույն օրը  ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Շնորհակալութուն հայտնելով հանդիպման համար` ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտեց Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով  բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը:  Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարեւոր համարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է:  <<Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը եւ վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը>>,- նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930