Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ տառաճանաչության ռեկորդ են սահմանում ոչ միայն Գյումրու ավագանու նորաթուխ անդամները,այլեւ ԱԺ պատգամավորները

Սեպտեմբեր 21,2012 18:37

Գյումրու մտավորականներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել` վերլուծելով Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններն ու խոսելով առաջիկա ծրագրերի մասին: Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատկերացնում իրենց միակ ներկայացուցչի` Գյումրու ավագանու անդամ ընտրված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դերը լավ «պապաներ» ունեցող, ոչ տառաճանաչ ջահելների կողքին, որոնք «նախագահ» բառի մեջ կարող են 3 տառասխալ թույլ տալ` գրելով «նաղակա»: Ի պատասխան մեր հարցի, նախաձեռնության անդամներից մեկը` Սեյրան Մարտիրոսյանն ասաց. «Ասեմ, որ նախագահ բառը 3 տառասխալով գրած ավագանու անդամի ռեկորդը մեկ տառով պակաս է Ազգային ժողովի պատգամավորի սահմանած ռեկորդից, որովհետև ինքը կարողացել էր «ողջ» բառը գրել չորս տառասխալով` «վօխչ»: Այնպես որ ավագանու անդամը հլը աճելու տեղ ունի: Իսկ Լևոն Բարսեղյանը էդ առումով պետք է շարունակի այն, ինչ որ ինքը միշտ անում է. որովհետև ինքը նաև սովորեցնում է ոչ միայն լրագրողների, այլ ուրիշ մարդկանց, այնտեղ էլ բացի մնացած ամեն ինչից, պետք է վարպետ-դաստիարակի –ուսուցչի դերը ստանձնի: Էդ կլինի մեծ լավություն ավագանու շատ անդամների նկատմամբ, բայց սա իմ ասածի կատակով հատվածն էր: Մեր իրականությունն է սա, որ այլևս ոչինչ խոչընդոտ չէ, որպեսզի մարդը ուզի դառնալ իշխանության որևէ կառույցի անդամ. սեփական անգրագիտությունը բացարձակապես խոչընդոտ չէ:

Կարելի է ապրել աննկատ, երբևէ որևէ բան չգրել, ստիպված չլինել գրելու և մնալ հասարակության մեջ ինչ-որ որոշակի դիրք, հեղինակություն ու կշիռ ունեցող մարդ: Եվ կարելի է դառնալ նկատելի, առանձնանալ մյուսներից, բարձրանալ վերև`այդ ձևով ցույց տալով բոլոր արժանիքները և հատկապես ցույց տալով բոլոր թերությունները: Կան մարդիկ, որ նախընտրել են դա, որոշ մարդիկ նույնիսկ նախընտրեցին դա անել բողոքարկելու ճանապարհով: Ես օրինակ խորհուրդ կտայի էդպես չվարվել, կարելի էր զոհի կերպարով անընդհատ դժգոհել, թե ինչպես անարդարության զոհ դարձան իրենք, և չգնացին էնտեղ: Հիմա էդ մարդիկ ամեն օր ստիպված են լինելու դառնալ Գյումրու հումորասեր, սուր խոսքի պակաս չունեցող բնակիչների թիրախը: Իրե՛նց ընտրությունն է»:

«Քաղաքը մերն է» նախաձեռնության մեկ այլ անդամ էլ` Կարեն Պետրոսյանը, կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ընտրող պատասխանատու պետք է լինի իր ընտրած թեկնածու համար, և եթե ընտրյալներն իրենց ոչ տառաճանաչությամբ կամ այլ «փայլուն» հատկանիշներով կձախողեն իրենց առաքելությունը, ապա դրա համար պատասխան կտան նրանց ձայն տվածները: «Ամեն ջանք կներդնենք, որ այնտեղ լինի քաղաքակիրթ, բանավիճային, խորհրդակցական ավագանի` որպես ինտիտուտ , և ոչ թե լինի ընկերների, ջան-ղուրբանի և մնացածի միջավայր», -ասաց Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930