Այսօր Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Խենթ աբստրակցիոնիստների» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Մոկո Խաչատրյանի, Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սև Բլեքի (Հենրիկ Խաչատրյան), Վահան Ռումելյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Արմենուհի Մարտիրոսյանի, Նարինե Իսաջանյանի և Լեւոն Վարդանյանի շուրջ 22 ստեղծագործություններ:
Նկարչուհի Մոկո Խաչատրյանի խոսքերով, ցուցահանդեսի նպատակն է համախմբել արտերկրում ու Հայաստանում ապրող հայ նկարիչներին եւ կազմակերպել ընկերական ցուցահանդես-հանդիպում: Ցուցահանդեսի առանցքը կլինի սև գույնը, նկարիչները ներկայացրել էին սև գույնով արված իրենց ստեղծագործությունները.
«Աբստրակցիոնիստը իր ներքինով անկախ է, նա չպետք է այլ ժանրում ստեղծագործի, նկարիչը միայն մեկ ուղղություն պետք է ունենա, եթե բոլոր ժանրերում ստեղծագործի, ուրեմն նա նկարիչ չէ: Աբստրակցիոնիստը ծաղիկ նկարող չէ, նրան պետք է հասկանալ: Ամեն մարդ իրեն է տեսնում նկարների մեջ, նկարում է իր ներքինը»:
Աբստրակցիոնիստ Քիքին նշեց, որ շետշը դրված է մուգ, սեւ եւ իրական կտավների վրա: Հայաստանում 2006 թ.-ին նկարված 2 կտավ է ներկայացնում նկարիչը, դրանք ցուցադրվում են առաջին անգամ: Սեւ գույնը ներկայացվում է, որպես իրականություն. «Հավաքվել են հին ընկերներ, որոնք ներկայացուցիչներն են մաքուր, աբստրակտ արվեստի: Աբստրակտ արվեստն է պատճառ հանդիսացել, որպեսզի ես նկարեմ, մտքովս անգամ չէր անցնի, որ կդառնամ նկարիչ»:
Նկարիչ Սև Բլեքը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ աբստրակցիոնիստ չէ, այլ ռեալիստ է. «Արվեստը ազատության մասին է, իսկ աբստրակտ ոճի պարագայում ազատությունն ամենից լավ է ներկայացվում, որովհետեւ չկա ժամանակ, չկա պատմություն»:
«Նկարիչները բարձր են, հանճարեղ ու խենթ, հոգով եւ մտքով ազատ: Ցուցահանդեսը էքսպրոմտ էր, 16-րդն էր Ժամանակակից արվեստի թանգարանում, նմանը չկար, երբ նմանատիպ են լինում դա արդեն հետաքրքիր չէ, բոլորն էլ տարբեր էին ու յուրովի»,- Aravot.am-ին ասաց թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ