«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Ահա այս հարցին էին պատասխանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվող հանրաքվեի ժամանակ:
Ընտրությունը մեծ չէր` այո կամ ոչ: Հայաստանցիների 95 տոկոսը պատասխանել է «Այո» և սեպտեմբերի 23-ին` ամփոփելով հանրաքվեի արդյունքները՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է անկախ պետություն:
«Շնորհակալ եմ բոլորին, որ ժամանակին իրենց «Այո» պատասխանով հնարավորություն են տվել մեզ ծնվել և մեծանալ ազատ ու անկախ երկրում»,- ասում է 20-ամյա ուսանողուհի Մարինան:
Մենք մի փոքրիկ հարցում անցկացրեցինք երիտասարդների շրջանում, թե ինչքանով են ծանոթ օրվա նշանակությանը, ինչ գիտեն անկախության մասին:
24-ամյա Ռոբերտի խոսքով`շատ բան չգիտի, գիտի երբ է տեղի ունեցել հանրաքվեն, հռչակագիրը երբ է ընդունվել. «Նաև գիտեմ, որ անկախության մասին հռչակագրի տեքստը կարդացել է Արամ Մանուկյանը»: 19-ամյա Լուսինեն մի փոքր ավելի տեղեկացված է. «Գիտեմ, որ ՀՀ անկախությունը առաջինը Լիտվան է ճանաչել»: Նաև վերը նշված տեղեկություններից էր տեղյակ: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչը կփոխեին երիտասարդները ազատ ու անկախ Հայաստանում:
«Ես կցանկանայի ավելի ժողովրդավար երկրում ապրել, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի արժևորված կլինի»,- ասում է 22-ամյա Դավիթը:
Իսկ 27-ամյա Գայանեի համար մեր երկրում պակասում է բարությունը, միմյանց նկատմամբ հարգանքը. «Ուզում եմ` մեր ազատ երկրում քաղաքացիները ազատ ապրեն»:
«Առավոտ երիտասարդականը» շնորհավորում է բոլոր երիտասարդներին անկախության 21-ամյակի կապակցությամբ, լինենք մեր երկրին արժանի քաղաքացիներ:
Լիլիթ Սարգսյան