Միացյալ Նահանգների համոզմամբ` Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների: Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին:
«Ադրբեջանի որոշումը, որով Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, նրա հերոսացումը` այս ամենը մեզ լրջորեն անհանգստացնում է: Դա իրական սադրանք էր տարածաշրջում», – համոզված է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Գորդոնի խոսքով, սակայն, պաշտոնական Վաշինգտոնը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հունգարիայի իշխանությունների քայլերից է հիասթափված:
«Մենք հստակ ասել ենք, որ չենք հասկանում եւ ցավում ենք Հունգարիայի որոշման համար, որով Սաֆարովը ազատ արձակվեց», – ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Դեռ օգոստոսի 31-ին Սպիտակ տունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ` նշելով, թե կատարվածի առթիվ հստակ պարզաբանումներ է պահանջել պաշտոնական Բաքվից ու Բուդապեշտից: Այսօր արդեն` այդ հայտարարությունից երեք շաբաթ անց, Գորդոնը խոստովանում է, որ ամերիկյան կողմը բավարարված չէ հունգարական ու ադրբեջանական իշխանությունների արձագանքից:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մեզ չի գոհացնում: Մեր կարծիքով, [Սաֆարովը] այն մարդն է, որ պետք է շարունակեր կրել իր պատիժը: Մենք պարզապես ցնցված ենք որոշ շրջանակներում հնչող փառաբանող հայտարություններից, որոնք ուղղված են մի մարդու հասցեին, ով դատապարտվելէ սպանություն կատարելու համար։ Այնպես որ, ես կարող եմ ասել` ոչ, մենք բավարարված չենք մեզ տրված պարզաբանումներից», – հայտարարեց Ֆիլիպ Գորդոնը։
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի համոզմամբ, ի դեպ, Սաֆարովի շուրջ վերջին զարգացումները է՛լ ավելի ապակայունացրեցին իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում:
«Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը մեզ անհանգստացնում է: Լեռնային Ղարաբաղում որեւէ առաջընթաց չկա, եւ դուք իրավացի եք, երբ նշում եք, որ այդ դատապարտված մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը է՛լ ավելի է մեծացրել առկա մտահոգությունները», – նշում է Գորդոնը` այնուհանդերձ, պաշտոնական Երեւանին եւ Բաքվին կոչ անելով շտկել առկա իրավիճակն ու աշխատել «Մինսկի խմբի շրջանակներում»:
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան