Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի հավատի եւ սպասումների օրն է: Այսօր նորից կհիշենք 21 տարի առաջվա մեր ձեռքբերումը եւ անկախ նախորդ օրը ունեցած մեր հոռետեսական տրամադրությունից` նորից հավատով կլցվենք ապագայի նկատմամբ. մենք կարողացանք անկախանալ 21 տարի առաջ, ուրեմն վաղը կկարողանանք ունենալ ամենը, ինչին այդքան ձգտում ենք: Ի՞նչ ձեռք բերեցինք անկախանալով, մեր նվաճումների, ձեռքբերումների, սայթաքումների եւ կորուստների մասին այսօր կխոսենք դերասան Հրանտ Թոխատյանի հետ, մեկի, ով այստեղ էր երկրի ուրախ եւ տխուր օրերին, ով միայն իր ներկայությամբ արդեն ներդրում ունեցավ երկրի կայացմանը:
«Եթե հիմա որեւէ մեկը հարցնի` որո՞նք էին իմ ամենաերջանիկ օրերը, կարող եմ ասել` իմ բալիկների ծննդյան եւ իմ երկրի ծննդյան օրերը, այսինքն` չորս ծննդյան օրեր, որոնք ինձ համար շատ կարեւոր էին,- ասում է դերասան Հրանտ Թոխատյանը, ավելացնում,- ինձ երբեք սենտիմենտալ մարդ չեմ համարել, բավական ամուր կանգնած եմ հողին, բայց երբ այդ փոքրիկ բալիկը դրոշակը դրեց, որքան էլ ես ուզում էի ինձ պինդ պահել, արցունքներս գնում էին աչքերիցս, որովհետեւ դա հրաշք էր…. ուրիշ բան, որ մենք չկարողացանք իրականացնել մեր ցանկությունը այնպես, ինչպես որ ուզում էինք…»: Մենք անկախությունը վերցրեցինք, հուզվեցինք, ուրախացանք, երջանկացանք, ըմպեցինք մի-մի գավաթ, շնորհավորեցինք իրար, ողջագուրվեցինք, մյուս օրը մեզ թվաց, թե անկախությունը կա, հիմա ինչ ուզենք, պիտի անենք: Հրանտ Թոխատյանն է այդպես կարծում եւ ասում է, որ դրանից շատ է ցավում. «Մեծամասնության մոտ այդ զգացողությունը առաջացավ անկախության հենց հաջորդ օրվանից: Իսկապես բոլորը սկսեցին անել այն, ինչ ուզում էին, բայց չէր կարելի, դրա համար մենք չկարողացանք էն փոքրիկ բալիկին, որ ունեցանք, նորմալ դաստիարակել, մարդ դարձնել… ինքը ուրիշ բան դարձավ, սխալ դաստիարակություն ստացավ»,- ասում է նա: Համարում է` անկախ պետությունը մի հնարավորություն էր, որ տրվեց մեզ բազմաթիվ երիտասարդների արյան գնով, մի սպիտակ թուղթ էր, որի վրա պետք է մեր գույներով, միասին, միասնական նկարեինք մեր ապագան. «Իսկ մեզանից յուրաքանչյուրը թուղթը քաշեց իր կողմ ու սկսեց խզբզել վրան, մենք չկարողացանք բոլորս միասին մի գեղեցիկ նկար նկարել… երեւի դարերի ընթացքում մոռացել էինք լավ նկարելը»,- ափսոսում է դերասանը, բայց հույս հայտնում, որ թղթի վրա դեռ բաց տեղեր կան, որոնք պետք է մեր երիտասարդությունը իր գույներով լցնի: Անկախությունից հետո մոռացանք արժեւորել եւ գնահատել անցյալը, փնտրել եւ նշել մեր թերությունները. «Մենք պիտի հաշիվ տանք` ի՞նչ արեցիքն 21 տարի: Թվում է, թե մեր երկիրը փոքր է, բայց 21 տարին արդեն չափահաս տարիք է, դա արդեն ծառայած երիտասարդ է, շուտով նաեւ ամուսնանալու է: Մենք անգամ մոռացանք սովետական միության անցյալը, մոռացանք, թե որքան բան տվեց մեզ այդ 70 տարին: Փնովելով սովետական տարիների մեր լիդերներին` մենք մոռանում ենք, որ պատմական դեմքերից ամենանշանակալին Ալեքսանդր Մյասնիկյանն էր, ում շնորհիվ մենք մտավորականություն ունեցանք»,- ասում է Հրանտ Թոխատյանը եւ ապագան փրկելու ուղիներից մեկն էլ համարում անցյալը հիշելը եւ գնահատելը:
Արվեստագետի կյանքում էլ անկախությունը փոփոխություններ բերեց. թվում էր, թե դրանք պետք է դրական տեղաշարժեր լինեին, բայց Հրանտ Թոխատյանը հիմա տարակուսում է. «Թվում էր, թե պետք է ավելի լավ լիներ, բայց այդպես չեղավ, մինչ անկախությունը ցուցադրում էիր թատրոն, փորձում էիր երկիմաստ նախադասությամբ ինչ-որ բան հասկացնել քո հանդիսատեսին, ինքն էլ հասկանում էր, 70-ականներին դեռ խոսվում էր քրիստոնեությունից, եղեռնից եւ երիտթուրքերից, որը վտանգավոր էր… Մենք սպասում էինք` կգա մի օր, երբ ավելի բաց կխոսես քո հանդիսատեսի հետ, բայց արիուտես` անկախություն, հաղթանակ, մեծ ձեռքբերումներ ու արվեստի մեջ ոչ մի պոռթկում չենք կարող օրինակ բերել` չծնվեց Սարյան, Սեւակ եւ այլն եւ այլն»,- ասում է Հրանտ Թոխատյանը: Նշում է, որ երբեմն թվում է, թե շատ բան չի փոխվել. եթե նախկինում Մոսկվան տանում էր մեր տաղանդներին, այժմ էլ տեսնում ենք այլ երկրների դրոշի տակ ներկայացող հայ երիտասարդների. «Էլի լավ ես զգում քեզ, բայց դրա հետ մեկտեղ, ինչքան ցավ ես ապրում, մտածում ես` ինչի՞ ուրիշի դրոշի տակ ներկայանա»:
Հրանտ Թոխատյանը խուսափում է որեւէ մեկին խորհուրդ տալուց` ինչպիսի՞ քաղաքացի կամ արվեստագետ լինել, բերում է սեփական օրինակը. «Ես փորձում եմ իմ երկրում ինձ ընձեռված հնարավորությունները օգտագործելով, բեմի վրա աշխատելով` անել իմ գործը լավագույն ձեւով: Անկախ նրանից` թե ես ինչպես եմ վերաբերում իմ նախագահին, ես` որպես քաղաքացի, ինձ թույլ չեմ տա Սերժ Սարգսյանին անվանել Սերժիկ, երբեք: Ես կարող եմ չհամաձայնվել իմ նախագահի վարած քաղաքականության հետ, բայց եթե ընտրել եմ նրան, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ` կողմնակի անձանց մոտ, ես երբեք ինձ թույլ չեմ տա: Լինում է, երբ իմ ընտանիքում իմ բալիկները կամ իմ կինը ինձ հետ որեւէ հարցում համաձայն չեն, պատկերացնու՞մ եք` նրանք դուրս գան, այլ մարդկանց մոտ իմ մասին պիտակներով խոսեն: Սա էլ ա ընտանիք, ունենք նախագահ, որին ընտրել ենք, որը էսօր ներկայանում է ընտանիքի հայր, էկեք մեր անհամաձայնությունները արտահայտենք, բայց ոչ կոպիտ, գռեհիկ ոճով,- ասում է Հրանտ Թոխատյանը,-սխալ է, երբ քաղաքացին բոլորին մեղադրում է` բացի իրենից` մոռանալով հարցնել` իսկ ես ի՞նչ եմ արել, ընտրությանը փող վերցրե՞լ եմ, լափե՞լ եմ էտ տասը հազարը, եթե` հա, ուրեմն ավելի լավ է սսկվես ու էտ տասը հազարը հինգ տարի լումա առ լումա լափես, սպասես, մինչեւ որեւէ մեկը նորից քեզ կշպրտի էտ ոսկորը, իսկ փորձե՞լ ես հրաժարվել, մի մարդու պես` ասես`չէ, ես այսօր այսպես եմ ուզում ապրել, որովհետեւ ինձ համարում եմ քաղաքակիրթ հասարակության մաս»:
Հրանտ Թոխատյան դերասան եւ քաղաքացին այսուհետ Արցախում է լինելու. այս առիթով դերասանը նշել է, որ այնտեղ նրա կարիքը առավել շատ կա. Անկախ Հայաստանի եւ Արցախի մասին դերասանն ունի իր դիրքորոշումը. «Ես կարծում եմ, որ Արցախը ավելի գրագետ ընկալեց իր անկախությունը, քան մենք` Հայաստանում, էնտեղի մեր հայրենակիցները ավելի սրտացավ են վերաբերում իրենց անկախությանը: Երբ առավոտյան դուրս ես գալիս Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ ու տեսնում ես` ինչպես են մարդիկ դուրս գալիս, ավլում ու լպստում իրենց փողոցները, ջրում ծառերը եւ այլն եւ այլն… գիտե՞ք` ինչ նախանձով եմ ես էտ ամեն ինչին նայում, ախր ես այդպիսի քաղաք ունեցել եմ ու տեսել եմ նույնը Լենինականում , Կիրովականում, Դիլիջանում, ու՞ր գնաց էտ ամեն ինչը…»:
Նկատելով անկախ եւ ազատ Հայաստանի թերությունները, կորուստները, Հրանտ Թոխատյանը տեսնում է գալիք Հայաստանի ապագան. «Հայաստանը ունի փայլուն ապագա, պետք ա ունենա, որովհետեւ ինքը արժանի ա դրան, արժանի ա իր պատմությամբ, իր մարդկանցով, իր մտքով, հոգով, արժանի ա իր ամեն մի միլիմետրով: Ես հավատում եմ դրան, դրա համար դեռ այստեղ եմ, ինձ զգում եմ պինդ, ապահով, զբաղվում եմ իմ գործով, փորձում եմ ամեն ինչ անել, որ այդ լուսավոր օրերը մի քիչ շուտ գան»: Անկախության տոնի առթիվ շնորհավորելով իր համաքաղաքացիներին` ասում է. «Էն, ինչ որ ես ցանկանում եմ իմ ընտանիքին, ցանկանում եմ նաեւ իմ երկրին, ուզում եմ` իմ ընտանիքում լինի խաղաղություն, որ իմ երեխաները ստանան լավ կրթություն, ապրեն բարեկեցիկ կյանքով, կազմեն լավ ընտանիք, բայց որպեսզի կատարվեն իմ ցանկությունները, ես պետք է դրա համար այնքան ջանք թափեմ… մենք էլ մեր այս 21 տարեկան երեխային պետք ա փայփայենք, էնքան սեր տանք էս երկրին… էսօր մեր 21 տարեկան երկիրը դպրոցի պատերի տակ ծխում է, ի՞նչ, տանք սպանե՞նք: Չի կարելի, պետք է ճիշտ ուղին ցույց տանք: Տա Աստված մեզ այն հարյուրամյա կամ հինգ հարյուրամյա երկիրը, որի մասին մենք ու մեր նախնիները միշտ երազել ենք, մենք սովոր ենք միշտ ներկայի մասին մտածելու, բայց դեռ վաղը կա, ախր մեզանից չի սկսվել այս երկիրը ու մեզանով այն չի ավարտվելու»: