Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի անցյալը

Սեպտեմբեր 21,2012 14:42

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը 88-ի շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից: Եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: Սումգայիթյան դեպքերից հետո մի խումբ նվիրյալների հետ ձևավորեց առաջին մարտական ջոկատներից մեկն ու մասնակցեց ազատամարտին: Հետագայում ջոկատի մեջ ընդգրկվեցին նաև աֆղանական պատերազմի վետերանները, և ջոկատը դարձավ, կարելի է ասել, հատուկ հանձնարարություններ կատարող զինվորական միավոր: Ջոկատը, սկսելով Զանգեզուրում ու Նոյեմբերյանում տեղի ունեցող մարտական գործողություններից, հասավ մինչև Ղարաբաղյան կռվի ամենաթեժ կետերը:

Սմբատ Հակոբյանը եղել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անվտանգության հարցերով օգնականը: Իսկ մինչև 2001 թ. աշխատել է ՀՀ զինված ուժերում: Պահեստի գնդապետ է:

«Նուվել դ’Արմենի Մագազին» ֆրանսիական պարբերականին տված իր աղմկահարույց հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը, մատնացույց անելով Սմբատ Հակոբյանին, նշել էր, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել է` կռվելով նրա ջոկատում: Այդ առթիվ «Հայացք»  օրաթերթը հարցեր է ուղղել Սմբատ Հակոբյանին:

– Ռուբեն Հայրապետյանն իր աղմկահարույց հարցազրույցում ասում է, որ ինքը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Ապա ավելացնում է` գնացեք` հարցրեք Սմբատ Հակոբյանին: Մենք հարցնում ենք Ձեզ` իրո՞ք մասնակցե՞լ է:

– Ռուբեն Հայրապետյանն այն կերպարներից է, որ երբեք իր արած լավ բաների մասին չի խոսում` դրոշն առած: Ես հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, որոնց հասարակությունը տեղյակ էլ չէ: Իսկ ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին, Ռուբեն Հայրապետյանը, այո, մասնակցել է մարտական գործողություններին: Եվ ավելին է արել շատ շատերից, ովքեր այսօր շքանշաններ ունեն կամ գեներալի ուսադիրներ են կրում: Ես ասեմ. ճիշտ է, պատերազմական լուրջ գործողություններն սկսվել են 1992 թ. գարնանից, բայց ամենածանր շրջանը եղել է 1989, 1990, 1991 թթ.: Եվ նրանցից շատ շատերը, ովքեր այսօր հորինել ու լեգենդներ են դարձրել իրենց կենսագրությունները, այդ ծանր տարիներին փախել էին ռուսաստաններ կամ տնից ընդհանրապես դուրս չէին գալիս: Իսկ երբ պետությունը սկսեց կազմավորվել, և երբ արդեն հնարավոր էր նաև ինչ-որ բան փախցնել ու լցնել սեփական գրպանը, իսկույն հայտնվեցին: Ես շատ ուրախ եմ, որ Ռուբեն Հայրապետյանն այդ դասին չի պատկանում: Նա ռազմաճակատի առաջին գծում օրերով մեզ հետ մնացել ու կռվել է: Ես լուսանկարներ էլ ունեմ, տեսանյութեր էլ ունեմ, որ կարող եմ ներկայացնել:

– Հարցազրույցի մեջ ասում է, որ նաև նյութական օգնություն է ցուցաբերել պատերազմի տարիներին:

– Անշուշտ: Տարբեր գործողություններից առաջ նա ֆուռերով մթերք ու ծխախոտ է բերել ու հասցրել առաջին գիծ: Թիկունք ապահովելն էլ է կռվին մասնակցել. հո պարտադիր չէ՞, որ բոլորը ավտոմատը վերցրած կռվեն: Եթե կարողանում ես կապը պահել թիկունքի և առաջին գծի միջև, դա էլ է մասնակցություն: Եթե Գորիսից Ղափան գնացող ճանապարհի Չայզամի կոչվող հատվածով, որն անընդհատ գնդակոծության տակ էր, և որի համար են ասում` օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել, գիշերվա կեսին Հայրապետյան Ռուբենը հրանոթներ էր հասցնում առաջին գիծ, ուրիշ ինչպե՞ս կոչենք: Մի դրվագ էլ ասեմ. Խոջալուի գործողությունից հետո Քոլատակ գյուղում երկու ամիս մնացինք շրջափակման մեջ: Ոչ հաց կար, ոչ ծխախոտ: Նաև վիրավորներ ունեինք: Ռուբեն Հայրապետյանը սեփական միջոցներով ռուսական ուղղաթիռ վարձեց, բերեց իջեցրեց Քոլատակ: Ուտելիք, զենք-զինամթերք հասցրեց: Վիրավորներին էլ դուրս հանեց ու տեղափոխեց:

Այնպես որ ես շատ ուրախ եմ, որ առիթ է ընձեռվել խոսելու ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի, այլև բազմաթիվ այլ տղաների մասին, որոնք հսկայական ներդրում ունեն այս ամենի մեջ: Նույն Ալեքսանյան Սամվելը: Էլի անուններ կարող եմ տալ:

– Սմբատ, իսկ ո՞նց եք դիտում այն փաստը, որ հայրենիքի համար նման գործեր արած մարդիկ դարձան օլիգարխներ, որոնց հասարակությունը չի կարող դրական աչքով նայել: Օլիգարխ ասելով նկատի ունեմ նաև հատուկ արտոնյալներին:

– Ես չեմ ընդունում, որ ասում են «օլիգարխ»: Դա մեր հասարակության մեջ միտումնավոր «գցված», թուղթ ու գրի պես բան է: Այս մարդիկ պարզապես գործարարներ են: Նույն Ռուբեն Հայրապետյանի օրինակով: Եթե շատերի ղեկավարության տակ գտնվող գործարանները ժամանակին թալանվեցին կամ հաստոցները վաճառվեցին որպես մետաղի ջարդոն, նա իր «դուխով» պահում էր ծխախոտի գործարանը ու 24 ժամ աշխատեցնում:

– Դա միայն Ռուբենի՞ շնորհքն էր: Բա Հրանտ Վարդանյա՞նը, բա տնօրե՞նը:

– Ես շատ լավ ճանաչում եմ Հրանտ Վարդանյանին ու գործարանի նախկին տնօրեն Լիդա Հարությունյանին, նրանց հարգում եմ որպես գործարար մարդկանց: Բայց ճշմարտությունից չխուսափենք` Ռուբեն Հայրապետյանի շնորհիվ էր, որ գործարանը պահպանվեց:

– Լավ, ինչո՞ւ հասարակությունը սկսեց չսիրել այս մարդկանց:

– Եթե հիշում եք, Շեքսպիրի “Համլետում” ասում է` ժողովուրդը սպունգ է. սեղմում ես` կեղտը բաց է թողնում, բաց ես թողնում` ինչքան կեղտ կա, հավաքում է վրան:

– Գուցե երկրում վարվող քաղաքականությո՞ւնն էր պատճառը, որ ստեղծվեց այսպիսի իրավիճակ:

– Ռուբեն Հայրապետյանին, մյուս գործարար մարդկանց այսօր վարկաբեկողներից շատերը գուցե ժամանակին ավելի մեծ հնարավորություններ ունեին. գործարաններ ունեին, այլ կարողություններ ունեին, որպեսզի հաջողությունների հասնեին: Բայց մսխեցին դրանք. գուցե կազինոներում, գուցե գործարանները ծախեցին ու տարան Ռուսաստանում բիզներսներ դրեցին: Ու չգիտեմ, թե ուրիշ ինչ արեցին: Բայց այսօր եկել են ու երկրում մնացած տղերքի մասին այլ բաներ են խոսում:

– Լավ, իսկ ինչո՞ւ են գործարարները վախ ներշնչում մարդկանց, մեղմ ասած` հասարակության համար «բոբո» են դառնում:

– Դա հասարակությունից է: Արդեն մոտ 15 տարի է, մեր հասարակության մեջ նկատվում է ցավոտ միտում. մարդկանց առաջ, ովքեր կամային բնավորություն են և կարող են շատ բան անել երկրի համար, այս հող ու ջրի համար, միտումնավոր դրվում են արգելապատնեշներ: Եվ հատուկ դարձվում են «ժողովրդի թշնամիներ»:

– Բայց նույն հարցազրույցի մեջ Ռուբեն Հայրապետյանը կրկին սպառնում է մարդկանց. էս եմ անելու նրանց, էն եմ անելու, շաքար են ստանալու իմ վախից…

– Ցավն այն է, որ մենք ազգովի դարձել ենք փոքրոգի. միայն շրջապատի վատն ենք տեսնում, լավը երբեք չենք ուզում նկատել: Մեկի ոտքը որ սայթաքեց, կարևոր չէ, թե ով է` նախագահ է, նախարար է, թե հասարակ բանվոր է, թուր ու թվանքը վերցրած հարձակվում ենք վրան: Է՜, այս դեպքում մարդն էլ բնազդով պետք է պաշտպանվի: Նույնն է, երբ գյուղովի ընկնում են առյուծի հետևից, ազատության մեջ առյուծը տեղ է փնտրում, որ փախնի-գնա:

Բայց երբ տանում փակուղի են մտցնում, սկսում է պայքարել: Ես չեմ եկել Ռուբեն Հայրապետյանին արդարացնելու, ես իմ կարծիքն եմ ասում, իմ աչքի տեսածն եմ ասում: Ես նույն այդ Հայրապետյան Ռուբենին տեսել եմ, որ ականանետների կատաղի կրակի տակ ինձ զինամթերք է հասցրել: Նշանակում է` պետք է պարզենք, թե ի՞նչ պատահեց. ինչո՞ւ որոշ անհատների հակադրվեց հասարակության մի մասը: Սրանում բոլորս ենք մեղավոր:

Հեղինակ` Գոհար Սարդարյան

Հայացք օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930