Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը։
«Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից, ուրախ եմ լավագույն մաղթանքներ հղել Հայաստանի ժողովրդին», – ասված է, մասնավորապես, պետքարտուղարի հայտարարությունում։
«Սա առանձնահատուկ առիթ է` արժանին մատուցելու հայերի եւ ծագումով հայերի ձեռքբերումներին։ Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացնում են մեր հասարակությունը` առավել ամրապնդելով մեր երկու երկրների միջեւ բարեկամության տեւական կապերը», – հայտարարում է Քլինթոնը։
«Ես հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը վայելելու հնարավորությունը եւս մեկ անգամ ունեցա, երբ անցած հունիսին այցելեցի Երեւան։ Ինչպես այն ժամանակ եմ ասել, Ամերիկան նվիրված է Հայաստանին օժանդակելուն` իր ժողովրդավարական կառույցները ամրապնդելու, իր տնտեսական բարեփոխումները խորացնելու եւ խաղաղ ու բարգավաճ ապագա կառուցելու գործում», – ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունում։
Կարդացեք նաև
«Տոնելով անկախության 21 տարին` իմացեք, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին որպես գործընկեր եւ բարեկամ։ Շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարեւոր տոնի կապակցությամբ եւ մաղթում ձեզ մեծ հաջողություն գալիք տարում», – իր հայտարարությունը եզրափակում է Հիլարի Քլինթոնը։
Արման Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայան