Հանրային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով արտագաղթի պատճառը բնավ էլ սոցիալ-տնտեսական չէ. «Կարողության տեր մարդիկ էլ են գնում, մարդը չի հավատում այս երկրին»: Նա առաջարկում է Հայաստանի փրկության կոմիտե ստեղծել, որտեղ ներգրավված պետք է լինեն ազգությամբ հայ, բանիմաց ու սրտացավ մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից եւ անկախ տվյալ պահի նրանց քաղաքացիությունից:
Նա չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում կուսակցական քվոտայով բաժանված պաշտոններ. «Կուսակցություններ կան, որ կադր չունեն, սա ի՞նչ խաղ է, որի հետեւանքը լինում է ողբերգական: Մարդը երեք ամիս աշխատում է եւ 100-րդ օրն ասում է՝ ես դեռ ուսումնասիրում եմ ոլորտը: Այ մարդ, էդ ոլորտն ուսումնասիրած մարդիկ կան»: Պարոն Սարգսյանի համար չափանիշն այն է, որ անգամ իր ընտանիքում են արդեն սկսում խոսել արտագաղթի մասին, քանի որ իրենց հայրենիքում մարդն իրեն երկրի տեր չի զգում:
«Սովին էլ ենք դիմացել, պատերազմին էլ ենք դիմացել, էլի կդիմանանք, բայց վստահ լինենք, որ այսքան զրկանքներից հետո, մենք մեր ազատագրված տարածքներում բնակիչ կունենանք: Վստահ լինենք, որ մեր արածի արդյունքը պետք է շարունակական լինի, ոչ թե կեսից մարդիկ հասկանում են, որ անձնական շահն ավելի կարեւոր է, քան հանրայինը: Իսկ մեր մոտ ի՞նչ եղավ: Պետական գերակա շահի մասին օրենքն աշխատեց ժողովրդի դեմ: Սայլակով երեխուն հանեցին դուրս շպրտեցին, ասում է` պետական շահ: Պետությունը ժողովուրդն ա: Հետո, ժամանակը ցույց տվեց, որ պետական գերակա շահը մասնավոր մի անհատի շենք կառուցելն էր»,- ասում է Դավիթ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ «էլիտար շենք» հասկացության սեփական մեկնությունն ունի. «Եթե ախոռում աշխատում է Հովհաննես Իմաստասերը, այդ ախոռը դառնում է պալատ, եթե այնտեղ աղա է նստած, բայց եթե պալատի մեջ անասուն ես պահում, պալատը դառնում ա ախոռ: Ի~նչ էլիտար: Էլիտարը Տերյան փողոցի շենքերն են, որտեղ ամեն մուտքի վրա հուշաքար է դրված ու բոլորս խոնարվում ենք: Սրանք ի՞նչ են գրելու` այս տանն ապրել են Բբենզին Վալոդներն ու Կռիս չգիտեմ ինչե՞րը: Վերաձեւում հասկացությունը մենք վերածեցին արժեզրկման»:
Պարոն Սարգսյանը նաեւ չի վստահում այն թեզին, որ հայ ժողովրդի ուժը իր հավաքականության մեջ է: Նրա կարծիքով անհատները կարող են շատ բան վճռել մեր իրականության մեջ: Իսկ 1988-ի հավաքականությունը նա բացառիկ է համարում այն առումով, որ այդ ժամանակ մարդիկ լավ էին ապրում եւ էլ ավելի լավի հույս ու հավատ ունեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ