Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ ամյակի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն:
Եկեղեցականների թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցեց Մայր տաճար, որտեղ Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց գոհաբանական մաղթանք:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցեց «Գոհանամք զքէն» աղոթքը` Աստծուց հայցելով անսասանություն, պայծառություն ու բարօրություն հայոց անկախ պետության համար: Այնուհետև եկեղեցական դասն օրհնությամբ մաղթեց, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը:
Հանրապետական մաղթանքի ավարտին Նորին Սրբությունն իր պատգամը բերեց համայն հայ ժողովրդին: Անդրադառնալով անկախության 21 տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած դժվարություններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ, հակառակ բոլոր փորձություններին, երբեք չընկճվեց հայորդու ազատատենչ ոգին, և հայ ժողովուրդը շարունակեց տոկալ հայրենիքի ու պետության համար իր պայքարում: Իր խոսքն ուղղելով ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց, որ պետք է միասնական կամքով կերտել մեր երազների հայրենիքը, որը պիտի լինի յուրաքանչյուր հայորդու հպարտությունը և յուրաքանչյուր հայ զավակի տունը: Նորին Սրբությունը հորդորեց չտկարանալ ներկայիս կյանքի դժվարությունների առջև, զորեղ պահել հողի ու հայրենիքի հանդեպ սերը, որն անպարտելի ուժ է և կարող` շենություն բերել մեր հայրենիքին, հայ օջախներին ու հայ կյանքին: