Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանում չեն մեր լեգենդար նվագախմբի ղեկավարները

Սեպտեմբեր 21,2012 13:40

Ջազում եւ ջազից դուրս

Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանի 75-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 22-ին կկայանա շքեղ միջոցառում:

Հայաստանում ջազային նվագախմբերը ստեղծվեցին 1935-ին։ «Մոսկվա» կինոթատրոնի բացման օրվանից (1936թ.) երաժշտագետ Ռոբերտ Աթայանի ղեկավարությամբ սկսեց գործել ջազային նվագախումբ, իսկ 1937-ին այն ղեկավարեց շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ 1938թ. Հայաստանի պետական էստրադային (հետագայում՝ ջազ) նվագախումբ հիմնադրեց կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը, որը ղեկավարեց մինչեւ 1956թ., ապա նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, որն էլ 36 տարի շարունակ մնալով այդ պաշտոնում, հայկական ջազը ճանաչելի դարձրեց աշխարհի 40 երկրներում։ Մաեստրոյից հետո ջազ նվագախումբը ղեկավարեց Արմեն Մարտիրոսյանը, որն էլ 2010-ին էստաֆետը հանձնեց Արմեն Հյուսնունցին։ 1975թ. Հայաստանի պետական էստրադային նվագախումբը ԽՍՀՄ-ում գործող նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք՝ ԱՄՆ։ Հեղինակավոր «Նյու Յորք թայմս» թերթը այդ տարի գրեց. «Հայկական նվագախումբը հերքում է խորհրդային ջազի արգելումն ու ստվերային գործունեությունը»։ Առաջին անգամ մեր նվագախումբը արտերկիր՝ Չեխիա մեկնեց 1966թ.։

Ժամանակին «Առավոտին» տված հարցազրույցում Կոնստանտին Օրբելյանը հայտնել է. «Երբ ԽՍՀՄ-ը փակ էր ջազի համար, այնուամենայնիվ, ջազի որոշակի ներհոսք տեղի էր ունենում։ Խորհրդային երկրի ջազամոլները, այդ թվում՝ ես, սպառնալով սեփական ազատությանը, ապօրինի կերպով արեւմտյան ջազի սկավառակներ էինք ներկրում»։

Հայկական ջազն ու այսօրվա մեր ջազմենները մեծ հաշվով պարտական են Օրբելյանին։

1998-ին Երեւանում կազմակերպվեց ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ հանրահայտ Լեւոն Մալխասյանի եւ պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով։ 2000թ. փառատոնի հյուրն էր աշխարհահռչակ Չիկ Կորեան։ 2005-ից էլ Երեւանում անցկացվում են ամենամյա փառատոներ։ Այսօր Երեւանում գործում են բազմաթիվ ջազ ակումբներ, նույնիսկ՝ «Ռադիո ջազ» ռադիոկայանը։

Փաստենք, որ լեգենդար Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը 1992-ին նեղսրտած մեկնեց Սան Ֆրանցիսկո. Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանը բոլոր կոլեկտիվներին, այդ թվում՝ նաեւ Օրբելյանի նվագախմբին «վտարել» էր «Արամ Խաչատրյան» համերգասրահից: Ասում են՝ Արմեն Մարտիրոսյանն էլ է նեղացած գնացել Կանադա, թեեւ չի խոստովանում: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ Մոնրեալ է մեկնել զավակներին բարձրակարգ կրթություն ապահովելու նպատակով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930