ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 20-ի նիստում փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` հնարավորինս պարզեցրել և թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։
Որոշման համաձայն, քաղաքացին այլևս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։ Վարորդական վկայական ունեցող անձը որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն։
Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վկայական փոխանակելիս, կորած վկայականի կրկնօրինակը տրամադրելիս, քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր։
Ըստ այդմ, գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը կամ կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում։