Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Ինչպե՞ս են ապրում եւ ինչի՞ հույս ունեն վետերաններն Ադրբեջանում

Սեպտեմբեր 21,2012 13:24

Հարցազրույց Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ՝ Վետերանների միության նախագահ Էհթիմադ Ասադովի, կազմակերպության փոխնախագահ Ֆիրուդին Մամեդովի, Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամ Ֆահրադին Սաֆարովի հետ:

– Ինչպե՞ս են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում: Ինչպե՞ս են հասարակությունն ու պետությունը վերաբերվում պատերազմի հաշմանդամներին:

Էհթիմադ Ասադով- Ադրբեջանում կա Ղարաբաղյան պատերազմի 11 306 հաշմանդամ: Նրանցից 881-ը՝ առաջին, 8 194-ը՝ երկրորդ եւ 2 231-ը երրորդ կարգի հաշմանդամներ են: Չնայած, որ պետությունը հոգում է Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների մասին, այնուամենայնիվ, չնչին թոշակ է տալիս: Իհարկե, հաշմանդամներին բնակարաններ, ավտոմեքենաներ, անվճար բուժում եւ դեղորայք, սայլակներ, օրթոպեդիկ պրոթեզներ  են տալիս, կազմակերպում են բուժում երկրի առողջարաններում եւ արտասահմանում: Պետության եւ հասարակության վերաբերմունքը լրիվ նորմալ է: Խնդիրներ առանձին պաշտոնյաների դեպքում լինում են, որոնք երբեմն չեն արձագանքում հաշմանդամների դիմումներին, ձգձգում են այս կամ այն հարցի լուծումը:

Ֆիրուդին Մամեդով- Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների սոցիալական վիճակը վատ է: Պետությունը 2 500 հաշմանդամների բնակարաններ է հատկացրել: Ավելի քան 5 հազար հաշմանդամներ դեռ հերթի մեջ են: Պետական բուժհիմնարկներում հաշմանդամներին անվճար բուժում է տրամադրվում, սակայն դա չի վերաբերում մասնավոր հիվանդանոցներին: Հաշմանդամների իրավունքներն ապահովող օրենքներ կան, սակայն դրանց կեսը չի գործում: Պետությունը հաշմանդամներին լրացուցիչ վաստակի հնարավորություն չի տալիս: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն անտարբեր է հաշմանդամների խնդիրների նկատմամբ, այդպիսի վերաբերմունք ունեն նաեւ պաշտոնյաները: Շատ դեպքերում հերթում կանգնած հաշմանդամին չեն զիջում, մի՞թե սա անտարբերության ցուցանիշ չէ: Պաշտոնյաները Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների խնդիրները չեն լուծում, ինչը նույնպես անտարբերության դրսեւորում է:

Ֆահրադին Սաֆարով- Չնայած, որ Ղարաբաղյան պատերազմի  հաշմանդամների եւ վետերանների նկատմամբ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները կարծես թե պահպանված են, դեռ կան պետության եւ հասարակության ուշադրությունից դուրս մնացած հարցեր: Մասնավորապես, պաշտպանության նախարարությունն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում հաշմանդամների եւ վետերանների վրա, կարծես նրանք գոյություն չունեն:

Դա նրանց պատիվ չի բերում: Ես նախկին ուսուցիչ եմ, սակայն կրթության նախարարությունը նույնպես չի հետաքրքրվում նախկին ուսուցիչների աշխատանքի ապահովման հարցով, որոնք իրենց առողջությունը կորցրել են պատերազմի դաշտում:

– Սովորաբար ի՞նչ խնդիրների հետ են բախվում պատերազմի հաշմանդամները, ի՞նչ արտոնություններից են օգտվում:

Էհթիմադ Ասադով- Սրանք ավելի շատ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ են: Քաղաքներում եւ հաստատություններում հաշմանդամների ազատ տեղաշարժման պայմաններ չկան: Սա խնդիրներ է ստեղծում աշխատանքի տեղավորվելու եւ տեղաշարժման համար: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին տրվող թոշակները ոչ մի կապ չունեն ներկայիս սպառողական զամբյուղի հետ: Մասնավոր սեկտորում չկա ոչ մի արտոնություն:

Ֆիրուդին Մամեդով- Հիմնական խնդիրը փողի մշտական պակասն է, քանի որ թոշակները չեն համապատասխանում երկրի գներին: Այդ պատճառով, Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ բուհերում, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ վճարել ուսուցման համար: Ինչպես գիտեք, 2002 թ.-ից պետության կողմից բոլոր արտոնությունները վերացվել են: Արդեն նշել ենք դեռեւս պահպանվող արտոնությունների մասին: Ես կարծում եմ՝ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը պետք է տարբերվի սովորական քաղաքացիների հանդեպ վերաբերմունքից: «Մենք կռվել ենք, նշանակում է՝ իրավունք ունենք հատուկ վերաբերմունքի»:

Ֆահրադին Սաֆարով- Եթե անկեղծ լինեմ, ապա ես առավելություններ չեմ պահանջում, քանի որ չեմ կարծում, որ դրանց արժանի եմ. տարածքները կորսված են, եւ մենք չկարողացանք դրանք ազատագրել: Ես ամաչում եմ, որ լիովին չեմ կատարել պարտքս: Իսկ խնդիրներ միշտ էլ կան: Շատ վետերաններ, դիմելով պաշտպանության նախարարության արխիվին, չեն կարողանում վերցնել համապատասխան փաստաթղթեր: Պաշտոնյաներն իրենց պարտականությունները չեն կատարում, հատկապես վետերանների եւ հաշմանդամների հանդեպ: Ինչ-որ վկայական ստանալու համար, նրանք ստիպված են անցնել սարսափելի փորձությունների միջով: Եթե մենք այդ պատերազմի հաղթողները լինեինք, հնարավոր է՝ հասարակության եւ պետության կողմից վերաբերմունքն էլ այլ լիներ:

– Ինչպե՞ս են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները վերաբերվում պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին, կա՞, արդյոք, հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման հնարավորություն եւ անհրաժեշտություն:

Էհթիմադ Ասադով- Կարծում եմ, որ խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի լուծման հնարավորությունը սպառված է: Ես պատերազմի հաշմանդամ եմ, բայց ես նաեւ պատերազմի վերսկսման կողմնակից եմ, քանի որ կոնֆլիկտն այլ ճանապարհով լուծել հնարավոր չէ: Լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով անհնար է՝ Հայաստանի ղեկավարության դիրքորոշման պատճառով: Իհարկե, պատերազմը միշտ էլ ողբերգություն է: Սակայն տարածքները վերադարձնելու համար պատերազմն անխուսափելի է: Միշտ էլ պատվաբեր է հանուն Հայրենիքի զոհվելը:

Ֆիրուդին Մամեդով- Ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ուզում: Մենք արդեն ապրել ենք պատերազմի որբերգությունը, ընկերների, մտերիմների կորուստը: Սակայն օկուպացված հողերը պետք է վերադարձվեն: Մենք պարզապես ստիպված ենք պաշտպանվել եւ ինքնապաշտպանվել: Եթե անհրաժեշտության դեպքում ինձ կանչեն, ապա ես կգնամ: Ինչ վերաբերում է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ապա մենք դրան արդեն չենք հավատում: Մենք պիտի մեր հույսը միայն մեզ վրա դնենք:

Ֆահրադին Սաֆարով- Օկուպացված տարածքների վերադարձն առանց պատերազմի անհնար է: Մենք արդեն կրել ենք պատերազմի բոլոր ցավերը, սակայն այսօր էլ կարող ենք կռվել: Ինչ վերաբերում է խաղաղ կարգավորմանը, ապա բանակցային տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի հետ բանակցությունների միջոցով խաղաղությունն անհասանելի է: Միգուցե անհրաժեշտ է գտնել այլ ուղիներ, մոտեցումներ, օրինակ, արդար խաղաղության հասնելու համար դիմել գերտերությունների օգնությանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930