Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Թոշակների ու արտոնությունների փոխարեն մեզ հնարավորություններ են պետք

Սեպտեմբեր 21,2012 13:20

Ինչպե՞ս են ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակից հայերն ու ադրբեջանցիները, ի՞նչ են մտածում պատերազմի եւ այդ թեմայով ընթացող խոսակցությունների մասին: Այս հարցերի շուրջ են ստորեւ բերված հարցազրույցները:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են

Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Թոշակների ու արտոնությունների փոխարեն մեզ հնարավորություններ են պետք

Մեր զրուցակիցները պատերազմի մասնակիցներ Ժորա Ֆարայանը, Հրանտ Աղաբեկյանն ու Նորայր Շահբազյանն են: Երեքն էլ ծառայել են Շուշիի առանձնակի գումարտակում: Ժորա Ֆարայանն այժմ աշխատում է «Սարանիստ» ապակյա տարաների արտադրության ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Ունի 6 հոգուց բաղկացած ընտանիք: Հրանտ Աղաբեկյանն աշխատում է հրուշակեղեն ներկրող երեւանյան ընկերությունում՝ որպես կառավարիչ: Իր 5 հոգուց բաղկացած ընտանիքով ապրում է հանրակացարանում: Նորայր Շահբազյանը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո զբաղվել է իր մասնագիտությամբ, նա բժիշկ է: 2004թ.-ից որեւէ տեղ պաշտոնապես չի աշխատում: Հիմա զբաղվում է հողագործությամբ եւ մասնավոր բժշկությամբ: Ապրում է կնոջ եւ երկու դուստրերի հետ:

– Ինչպե՞ս են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները Հայաստանում եւ Ղարաբաղում: Ինչպե՞ս են հասարակությունն ու պետությունը վերաբերվում պատերազմի հաշմանդամներին:

Նորայր Շահբազյան- Դժբախտաբար, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին շերտավորեցին՝ հհշականների, դաշնակցականների, հանրապետականների եւ այլն, եւ այս մարդկանց այդպես բաժանեցին «մեր» ու «ձեր» խմբավորումների: Իհարկե, սխալ է միանշանակ ասել, որ Հայաստանում եւ Ղարաբաղում ազատամարտիկները վատ են ապրում: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ապրում: Իսկ իմ մասին կարող եմ ասել՝ ես ապրում եմ մի կերպ:

Հրանտ Աղաբեկյան- Ազատամարտիկների միջեւ տարբերակումներն սկսվեցին այն ժամանակ, երբ շատերը գալիս էին պատերազմ՝ նախապես ունենալով որոշակի ծրագիր. այսինքն՝ ինչ-որ ժամանակ գտնվել պատերազմի դաշտում, հետո վերադառնալ Երեւան ու այդ հանգամանքն օգտագործել պաշտոն ստանալու, կարիերա անելու համար: Ղարաբաղյան պատերազմի մասին մի քանի գրքեր եմ տեսել, որտեղ այնպիսի մարդկանց ազգանուններ կան, որոնք մի քանի շաբաթ են գտնվել պատերազմի դաշտում: Մարդիկ կեղծ կենսագրություններ են ստեղծել՝ իրենց շահադիտական նպատակների համար:

Նորայր Շահբազյան- Այն մարդիկ, ովքեր պատերազմով են իրենց համար կենսագրություն ստեղծում, ամբողջ օրը դրանից են խոսում, հարցազրույցներ են տալիս: Իրական պատերազմողը չի սիրում խոսել պատերազմից: Մենք պատերազմով չենք ստեղծում մեր կենսագրությունը:

Ժորա Ֆարայան- Ինչպե՞ս են ազատամարտիկները ապրում. ես այս պետության հետ կապ ունեմ այնքանով, որ հարկ եմ վճարում, ու եթե օրենք խախտեմ, ինձ կնստեցնեն: Եթե պատերազմի ժամանակ կամ պատերազմից հետո մարդիկ վատ են ապրում, դա կարելի է հասկանալ, բայց այսօր կան շատ վատ եւ չափից լավ ապրող մարդիկ. սա արդեն աննորմալ է:

Հրանտ Աղաբեկյան- Պատերազմի հիմնական մասնակիցներից շատ-շատերն ապրում են շատ վատ: Ունենք պատերազմի մասնակից հաշմանդամ ընկերներ, ես նրանց օրինակներով եմ ասում: Ասենք, ունենք ոտքը պատերազմում կորցրած մի ընկեր, որի հաշմանդամության կարգը 2-րդից դարձրին 3-րդ կարգ, կարծես թե այդ ընթացքում նրա կտրված ոտքը աճել էր: Անարդարություններ ցանկացած ոլորտում կան:

– Սովորաբար ի՞նչ խնդիրների հետ են բախվում պատերազմի հաշմանդամները, ի՞նչ արտոնություններից են օգտվում:

Նորայր Շահբազյան- Իմ համոզմամբ, պետք է ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար, որպեսզի մարդիկ, անկախ այն բանից պատերազմում հաշմանդամ են դարձել, թե հիմա ոչ հաշմանդամ գործազուրկ ազատամարտիկ են, ունենան ինքնադրսեւորվելու եւ խաղաղ կյանքով ապրելու հնարավորություն: Թոշակներ ու արտոնություններ պետք չեն, պետք են հնարավորություններ, որպեսզի մարդիկ լիարժեք ապրեն իրենց կյանքը Երեւանում, Վարդենիսում կամ ուրիշ տեղ: Ինչո՞ւ ես պետք է թոշակ ստանամ: Ես ընդամենը ցանկանում եմ ունենալ այս երկրում սեփական ուժերով ու կարողություններով աշխատանք ստեղծելու կամ աշխատանք ունենալու հնարավորություն: Ընդ որում՝ ուզում եմ հնարավորություն բոլորի համար, ոչ միայն ազատամարտիկի կամ հաշմանդամի:

Ժորա Ֆարայան- Մենք երեքս էլ պատերազմի ժամանակ վիրավորվել ենք, բայց հաշմանդամության կարգ չունենք: Հիմա պատերազմն ավարտվել է, ես ինչո՞ւ պետք է թոշակ ստանամ: Ես պետք է ընդամենը օրինական երկրում ապրեմ: Չէ՞ որ ազատ եւ անկախ երկրի համար էինք պատերազմում: Ես այսպիսի երկրում ինձ հաղթող չեմ զգում:

Հրանտ Աղաբեկյան- Ես ինձ զգում եմ հաղթող Ղարաբաղյան ճակատում, սակայն պարտված՝ իմ պետությունում: Համաձայն եմ Նորայրի հետ, որ բոլոր հնարավորությունները կենտրոնացվում են Երեւանում եւ անուշադրության են մատնվում մարզերը:

Ժորա Ֆարայան- Ես տեղյակ չեմ ազատամարտիկներին աջակցող ծրագրերի մասին: Հեռուստատեսությամբ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Հայաստանը դրախտ է: Շատ եմ զարմանում, ինչ արտոնությունների ու աջակցող ծրագրերի մասին է խոսքը, երբ իմ աչքերով եմ տեսնում իմ ընկերների ընտանիքների ապրուստը:

Նորայր Շահբազյան- Հաշմանդամներին օժանդակող ինչ-որ բնակ-կենցաղային ծրագրեր կան, բայց դրանցից ես, օրինակ, տեղյակ չեմ: Եթե ուզում եք թվերի մասին իմանալ, ապա դիմեք համապատասխան մարմիններին: Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսվում է նաեւ հեռուստատեսությամբ: Ուղղակի ծիծաղելի է, երբ իմանում ես, թե որքան մարդ է հաշմանդամության թոշակ ստանում, եւ որքանը՝ սպասում իր հերթին: Եթե այդ թվերը գումարենք, ապա կստացվի, որ ադրբեջանական բանակը մեր ամբողջ բանակին հաշմանդամ է սարքել: Բայց մենք հո այդքան մարդ չենք ունեցել ռազմաճակատում:

– Ինչպե՞ս են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները վերաբերվում պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին, կա՞, արդյոք, հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման հնարավորություն եւ անհրաժեշտություն:

Ժորա Ֆարայան- Երիտասարդները ֆիլմերից են ծանոթ պատերազմին, նույնիսկ դրա մեջ արկածախնդրություն են տեսնում: Բայց պատերազմն արհավիրք է բոլորի համար, կոնկրետ մարդիկ են զոհվում: Պատերազմն ամենասարսափելի բանն է, եւ մարդ մինչեւ վերջին վայրկյանը պետք է ամեն ինչ անի պատերազմ չլինելու համար:

Նորայր Շահբազյան- Մենք պատերազմի կայծակի տակ արդեն ընկել ենք, գիտենք ինչ է դա: Եվ չի կարելի նոր սերունդը դաստիարակել տխմար սերիալներով, որ հիմա ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Պետք է ճիշտն ասվի պատերազմի մասին: Պատերազմը թուլություն է, ուժեղները պատերազմ չեն անում: Ղարաբաղյան պատերազմը եւ մեր, եւ ադրբեջանցիների թուլությունն էր: Եվ այդ պատերազմը ոչ մենք սկսեցինք, ոչ իրենք: Բոլորը գիտեն, որ պատերազմը քայքայվող կայսրության արդյունքը դարձավ: Այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմով, պետք է հասկանան, որ երկու կողմերի համար էլ կա խնդիր. մեր երկրների առաջ դրված թիվ մեկ խնդիրը պետություն ստեղծելն է, որտեղ իշխում է գրագիտությունն ու օրինականությունը: Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ արեց Ադրբեջանի նախագահը Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված, ինձ միայն հետաքրքիր է ադրբեջանական հասարակության վերաբերմունքը. հերոսացնո՞ւմ են նրան, թե՞ դատապարտում նրա արարքը: Դարեր շարունակ այն զորավարը, որ քնած մարդկանց վրա էր հարձակվում, երբեք փառքի չէր արժանանում: Ես ուզում եմ հավատալ, որ Ադրբեջանում կան մարդիկ, որ ասում են՝ «Այ ժողովուրդ, էս ի՞նչ ենք անում, ո՞ւմ ենք հերոսացնում»:

Հրանտ Աղաբեկյան- Ցանկացած պատերազմ իր հետ բերելու է կորած ծնողներ ու որբացած երեխաներ: Ոչ մեկին դա պետք չէ: Ես հաստատ համոզված եմ, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մենք կանգնելու ենք մեր երիտասարդ զինվորների կողքին: Ու քանի որ երկու երկրներում էլ չկա ժողովրդավար իշխանություն, ես արդեն վստահ չեմ, որ պատերազմ չի լինի: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը կլինեն օրինական ու ժողովրդավար պետություններ, այդ դեպքում ես կբացառեմ պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930