«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հունգարահայ համայնքի ղեկավարը՝ Սեւան Սարգսյանը, Ձեր հարազատ եղբայրն է, եւ առավել կառավարելի Հունգարիայի իշխանությունների կողմից: Նշվում է նաեւ, որ Հունգարիայի իշխանությունների կողմից հայ համայնքը ստացել է ֆինանսավորում:
– Մամուլում, ավելի ճիշտ՝ մամուլի որոշ ներկայացուցիչների կողմից հաճախ են շրջանառության մեջ մտցվում անհեթեթ «լուրեր»՝ գուցեեւ «ընկերների» կողմից ստացվող ֆինանսական օգնությունը արդարացնելու համար:
Կարդացեք նաև
Եթե չեմ սխալվում, խմբագիրներից մեկն էր հայտարարել, որ թերթը չի կարող գոյատեւել թերթի վաճառքից գոյացած գումարով, այդպիսով փորձելով արդարացնել կողմնակի ֆինանսական աջակցությունները: Սակայն անգամ թերթը պահելու մտահոգությունը չի կարող արդարացնել ակնհայտ անհեթեթությունների տարածումը: Սեւան Սարգսյան անուն-ազգանունով եղբայր չունեմ ու չեմ էլ ունեցել: Իմ եղբայրը Ադամ Սարգսյանն է, ով բնակվում է Հունգարիայի Հանրապետությունում 1988 թվականից, Հունգարիայի համայնքի ներկայացուցիչների կողմից ընտրված է եղել համայնքի ղեկավար 2006 թվականից մինչեւ 2011 թվականը: 2011 թվականից համայնքի ղեկավարն է Սեւան Սարգսյանը, ում հետ ազգակցական որեւէ կապ չունեմ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարող եմ հստակ նշել, որ հայկական համայնքը երբեւիցե կառավարելի չի եղել Հունգարիայի իշխանությունների կողմից:
Հունգարիայի ազգային փոքրամասնությունների մասին 1993թ. օրենքի համաձայն՝ այդ երկրում ապրող 13 առավել խոշոր համայնք ունեցող ազգությունները, այդ թվում նաեւ հայկական, պետական բյուջեից ֆինանսավորվում են իրենց ազգային սովորույթները, մշակույթը եւ մայրենի լեզվով ուսուցումը պահպանելու համար: Այսինքն՝ միայն հայ համայնքը չէ, որ ստանում է պետական աջակցություն, այլ նաեւ մյուս ազգային փոքրամասնությունները: Եվ սա շահարկելը, մեղմ ասած, անմտություն է:
– Նույն լուրերի համաձայն՝ քանի որ Ձեր եղբայրն է համայնքի ղեկավարը, հետեւապես դատախազությունը պետք է որ տեղյակ լիներ Սաֆարովի արտահանձնման մտադրության մասին: Կանխարգելելու ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են:
– Ինչպես նշեցի, իմ եղբայրը համայնքի ղեկավար չէ: Դատախազությունը որեւէ ձեւով տեղեկացված չի եղել այդ երկրում ոճրագործի փոխանցման գործընթացի մասին եւ, թերեւս, չէր էլ կարող տեղեկացված լինել, քանզի դատապարտյալների փոխանցումը դուրս է դատախազական լիազորությունների շրջանակներից թե՛ Հայաստանում ե՛ւ թե Հունգարիայում: «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիան կանոնակարգում է պատժի հետագա կրման նպատակով դատապարտած երկրի կողմից դատապարտյալի քաղաքացիության երկրի իրավասու մարմիններին անձի փոխանցումը:
Այս կոնվենցիայով եվրոպական մի շարք երկրներում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունում, նման գործառույթ իրականացնող կենտրոնական մարմինը հանդիսանում է արդարադատության նախարարությունը:
– Դատախազությանն ուղղված մեղադրանքներ են հնչում, թե ինչու 2007 թվականին Հունգարիայի դատախազության հետ համագործակցության Հուշագիր ստորագրելիս չի ներառվել Սաֆարովի գործը:
– Կոնկրետ մի լրատվամիջոց է հանդես եկել նման կարծիքով, ինչը, մեղմ ասած, անտեղյակության հետեւանք է, եթե բացառեմ չարամիտ դիտավորությունը: 2007թ. Հունգարիայի դատախազության հետ համագործակցության հուշագրում հանցագործություն կատարած որեւէ կոնկրետ անձի կամ գործի վերաբերող դրույթներ արտացոլված չեն: Եվ ընդհանրապես նման պրակտիկա գոյություն չունի: Միջազգային-իրավական համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում իրականացվում է բազմակողմ կոնվենցիաների, երկկողմ պայմանագրերի, ինչպես նաեւ գերատեսչությունների միջեւ իրենց իրավասության ոլորտն ընդգրկող հարցերի շուրջ համաձայնագրերի, համագործակցության մասին հուշագրերի հիման վրա:
ՀՀ դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի, ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, դատախազների միջազգային ասոցիացիայի հետ՝ միաժամանակ զարգացնելով այլ երկրների դատախազությունների հետ երկկողմանի փոխգործակցությունը: Արդեն 14 երկրների դատախազությունների հետ ունենք ստորագրված համագործակցության հուշագրեր:
Հուշագրերը միջազգային պայմանագրեր չեն համարվում, տվյալ դեպքում դատախազությունների միջեւ կնքված հուշագրերը ընդամենը կարեւորում են պետությունների կողմից արդեն իսկ կնքված կամ վավերացված միջազգային-իրավական փաստաթղթերով ստանձնված պարտավորությունների շրջանակներում տվյալ կառույցների միջեւ փոխգործակցության զարգացման եւ ակտիվացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դատախազությունների հաստատակամությունը երկկողմանի հանդիպումների, խորհրդատվությունների, կլոր սեղանների, խորհրդաժողովների, ինչպես նաեւ գլխավոր դատախազների փոխադարձ այցերի միջոցով կատարելագործելու այդ համագործակցությունը:
Կոնկրետ քրեական գործերի դրանք չեն կարող վերաբերել: Առավել եւս դատապարտյալների փոխանցմանը, որը դատախազական գործառույթ չէ, եւ արհեստականորեն դա դատախազության հետ կապելը անհեթեթություն է:
– Հունգարիայի դատախազության հետ ընդհանրապես երբեւէ քննարկե՞լ եք Գուրգեն Մարգարյանի սպանության գործը:
– Իհարկե: Հայ սպայի սպանության գործը դատաքննության փուլում միշտ գտնվել է մեր ուշադրության կենտրոնում, եւ Հունգարիայի դատախազության հետ բանակցությունների ժամանակ մշտապես քննարկել ենք գործին վերաբերող մեր կարծիքով՝ խնդրահարույց հարցերը: Դատախազությունները համագործակցել են մասնավորապես դատավարության ընթացքում, քանզի փորձ էր արվում անմեղսունակության պատճառաբանությամբ Սաֆարովին ազատել քրեական պատասխանատվությունից: Ցուցաբերված հետեւողականության արդյունքում դատաքննության ժամանակ նրա նկատմամբ նշանակվեց դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվեց, որ Սաֆարովը մեղսունակ է եւ ենթակա քրեական պատասխանատվության: Այդ փուլում կատարվեց առավելագույնը:
– Իսկ արտահանձնման հարցով քննարկումներ իրականացրե՞լ եք հունգարացի ձեր գործընկերների հետ:
– Արդեն նշեցի, որ դատապարտյալների փոխանցումը դուրս է դատախազական լիազորությունների շրջանակներից: Մենք համագործակցում ենք մեր իրավասությանը վերաբերող հարցերով: Յուրաքանչյուր պետական մարմին իր գործունեությունն իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում:
«Առավոտ» օրաթերթ