Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր մասնակցի վրա կարող էր ազդել. մահացածի՞

Սեպտեմբեր 21,2012 13:13

«Մանանա գրեյն» ՍՊԸ փոխտնօրենի մեքենայից ենթադրյալ գողության գործով

«Առավոտն» անդրադարձել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 400 000 ՀՀ դրամի գողության գործով մեղադրյալ Աշոտ Առուշանյանի գործին («Տեղեկություն էր տվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրենի գումարների մասին», 8 սեպտեմբերի 2012):

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վ.Ասլանյան) սեպտեմբերի 14-ին քննության առնելով Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Պողոսյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Աշոտ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որոշեց Աշոտի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 15 օր ժամկետով՝ մինչեւ 2012թ. հոկտեմբերի 5-ը:

Աշոտ Առուշանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի գնահատմամբ, ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական եւ հիմնավորված չէր, այն չէր բխում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից եւ ենթակա է վերացման:

Ըստ դատարանի՝ Ա. Առուշանյանը, մնալով ազատության մեջ, կարող է դատավարության մյուս մասնակիցների վրա անօրինական ազդեցություն ունենալ:

Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով. «Դատարանի հետեւությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:

Նախ՝ ինչպես երեւում էր դատարանի որոշումից, ապա քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությանը կցված չէր որեւէ հիմնավորող փաստ, որը կարող է դատարանի համար հիմք հանդիսանալ կասկածելու, թե Ա. Առուշանյանը դատավարության գոնե մի մասնակցի վրա կարող է որեւէ ազդեցություն ունենալ:

Դատարանը իր որոշմամբ չի պատճառաբանել, թե դատավարության այդ որ մասնակցի վրա կարող է Աշոտ Առուշանյանը ազդեցություն ունենալ եւ ինչպիսի ազդեցություն: Պատճառաբանված եւ հիմնավորված չէ, թե դատավարության այդ որ մասնակիցն է, որից իմ պաշտպանյալը որեւէ ակնկալիք ունի, որպեսզի նրա վրա ինչ-որ ազդեցություն ունենա»:

Ի դեպ, պաշտպանն ասում է, որ գործի նյութերում առկա չէ որեւէ դատավարության մասնակից՝ վկա, մեղադրյալ, տուժող եւ այլն, որը որեւէ կերպ վկայած լինի Ա. Առուշանյանի դեմ, կամ նրա ներկայացված նյութը դրված լինի Առուշանյանի մեղադրանքի հիմքում. «Եթե նախաքննական մարմինը եւ դատարանը որոշումը կայացնելիս ի նկատի ունի Արտաշես Գալուստյանին, ով միակն է, որ նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ, ապա Ա. Առուշանյանը չէր կարող մահացած անձի վրա անօրինական ազդեցություն գործադրել (Արտաշես Գալուստյանը 26.05.2012թ.-ին ինքնասպանություն է գործել)»:

Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցի ժամանակ նաեւ ասաց, որ դատարանի որոշման մեջ բացակայում է որեւէ պատճառաբանություն, թե այդ որ նյութերն են հիմք հանդիսացել համարելու, որ Ա. Առուշանյանը ազատության մեջ գտնվելով՝ կարող է ակտիվորեն խոչընդոտել գործի դատաքննությանը. «Նույնիսկ դատարանը չի կոնկրետացրել, թե Աշոտ Առուշանյանը ինչ ենթադրյալ գործողություններ կատարելով պետք է խոչընդոտի գործի դատաքննությանը»:

ԵԴ «Յագսինն ու Սաժինն ընդդեմ Թուրքիայի», ՀՀ վճռաբեկ դատարանի «Ֆելիքս Գալստյանի», «Սալովն ընդդեմ Ուկրաինայի», «Բոլդեան ընդդեմ Ռումինիայի», «Գրադինարն ընդդեմ Մոլդովայի» գործերին հղում անելով՝ Լիպարիտ Սիմոնյանն ասում է. «Աշոտ Առուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման հիմնավորվածության եւ պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէ օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ է կիրառել պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ՝ որոշման մեջ բերված հետեւությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930