ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Երբ ոճրագործ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունը դավադրաբար արտահանձնեց Ադրբեջանին, հայ ժողովուրդը, Հայաստանում եւ Սփյուռքում, արդարացիորեն ընդվզեց: Նույն հայ մարդը, սակայն, իր իսկ հայրենիքում պարբերաբար ենթարկվում է նվաստացման, ստորացման, հաճախ՝ շարունակական տեռորի: Նման պնդմանը կասկածելու դեպքում պարզապես երեկոյան ժամը 18:00-ից հետո այցելեք երեւանյան այն վայրերը, որտեղ ռեստորաններ, սրճարաններ ու բարեր են գործում: Իմ հնարավոր եւ վիրավորված ընդդիմախոսներին կանխելու համար ասեմ, որ ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում, թե այլատյացության եւ ազգային մոլագարության հողի վրա՞ են սպանում քնած մարդուն, թե՞ ամեն օր հանգստից, քնից, առողջությունից զրկում են սեփական երկրի քաղաքացիներին՝ իրենց ազգակիցներին՝ նրանց հանձնելով ուժգին եւ չդադարող երաժշտության դղրդոցների ճիրաններին՝ դույզն-ինչ անգամ չմտահոգվելով երաժշտախառն տեռորի իրականացման համար պատասխան տալու մասին: Ի վերջո՝ այդ ամենն անհետեւանք չի անցնում: «Հարսնաքարի» պատմությունն ի ցույց դրեց այն բարքերը, որոնք թաքնված են հայկական ռեստորանային անպատժելիության ետեւում: Եթե ամեն օր դավադրաբար բազմաթիվ մարդկանց են խեղդում ռեստորանային մղձավանձի մեջ, ապա ռեստորանում ծեծելով սպանելն ընդամենը սպանության տեխնոլոգիայի փոփոխման խնդիր է դառնում:
Մեր տնից հիսուն մետր հեռավորության վրա, արդեն մի քանի տարի, ի դժբախտություն թաղամասի բնակիչների, գործում է «Վարդանանք» ռեստորանը: Սկզբում ռեստորանը հարսանքավոր այցելուներ ունենում էր միայն շաբաթ օրերին, եւ դրա գոյությունն առանձնապես չէինք նկատում: Հետո հայկական ավանդական հարսանիքների պահանջարկն աճեց, եւ «Վարդանանքի» մղձավանջը դարձավ ամենօրյա: Դեռ մի կողմ, որ ամեն օր ստիպված ենք լսել գռեհիկ, անճաշակ, ահասարսուռ երգերն ու պարեղանակները: Գրեթե ամեն օր ժամը 18:00-ից սկսում են «Վարդանանքի» երաժշտախառն դմդմբոցները: Իմ ֆեյսբուքյան բողոքները Երեւանի քաղաքապետին միայն երկու շաբաթվա խաղաղ կյանք ապահովեցին: Աստիճանաբար բողոքների ազդեցությունը նվազեց, եւ «Վարդանանքը» շարունակեց դղրդալ նույն ուժգնությամբ: Տարբեր օրերին այդ դղրդոցներն ավարտվում են տարբեր ժամերի՝ կեսգիշերին՝ լավագույն դեպքում, դա արդեն երազանք է, կեսգիշերն անց, երբեմն՝ մինչեւ ժամը 1:30-ը: Այս ամենին գումարվում են սոսկալի հրավառությունները հոծ բնակեցված թաղամասում, ուր միահարկ տներ են՝ հրդեհի վտանգն՝ ակնհայտ: Տարբերություն չկա՝ ռազմի դաշտում ադրբեջանցինե՞րն են կրակահերթ արձակում, թե՞ հրավառություններ են մեր բակում: Հրավառություններն իրենց ետեւից թողնում եմ ծուխ, փոշի, պինդ գոյացության կտորտանքներ: Տարիներ առաջ թաղամասում փոքիկ երեխայի «լեզուն կուլ գնաց» հրավառության վախից: Երբ մեր տանն են հյուրեր լինում երեխաների հետ, շտապում են հեռանալ մինչեւ հրավառությունը սկսելը:
Կարդացեք նաև
Մղձավանջը կրկնապատկվում է, երբ օրերը սկսում են տաքանալ, եւ ռեստորանն ու մենք բացում ենք պատուհանները: Այս դեպքում արդեն լսում ես նաեւ բոլոր կենացներն անուն առ անուն: Նկարագրեմ: Բուհական ընթացիկ քննություններից հետո պիտի ստուգեմ ավելի քան վաթսուն քննական տետր: Սպասում եմ կեսգիշերին, որ ռեստորանն ավարտի աղմուկը: Կեսգիշերն անցնում է՝ աղմուկը չի դադարում: Աշխատել չեմ կարողանում: Աղջիկս «Քաղաքացիական իրավունք» է փորձում պարապել: Ականջները փակելով: Հարցնում եմ դստերս՝ այդ քաղաքացիական իրավունքի մեջ ոչինչ չի՞ ասվում ռեստորանային աղմուկի մասին: Պարզվում է՝ «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի» հոդված 180-ն է կարգավորում, որն արգելում է ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը խախտել լռությունը, անդորրը՝ բարձր երաժշտություն միացնելով: Նախատեսված պատժամիջոցները, սակայն, խորհրդանշական բնույթ են կրում. նախազգուշացում, ապա՝ տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (20 հազ. դրամ), իսկ հրավառության ժամերի խախտման դեպքում՝ հարյուրապատիկի (100 հազ. դրամ. երկու դեպքում էլ որպես չափման միավոր ընդունվում է հազար դրամը): Հայաստանում օրենքներն ու նորմատիվ ակտերը հենց նրա համար են, որ դրանք անտեսվեն:
Ժամանակ առ ժամանակ իրավիճակն անտանելի է դառնում, եւ ես Ֆեյսբուքով բողոքում եմ քաղաքապետին: Իմ բողոքներից հետո Տարոն Մարգարյանը դիմեց ոստիկանություն: Մի քանի օր անց տեղամասային ոստիկանական տեսուչը մեր տուն եկավ. պիտի չափեին աղմուկի հզորությունը: Չգտեմ որտեղից տեղեկացած ռեստորանի տիրուհին լավ հոգացել էր աղմուկի խլացման մասին, եւ թեպետ ռեստորանում հարսանիք էր, սակայն պատուհանները փակ, երաժշտությունն այնքան ցածր, որ գրեթե չէր լսվում: Եվ ստացվեց այնպես, որ աղմուկ-աղաղակը հալյուցինացիա է, խաբկանք: Աղմուկի հզորության չափման ներկայացումը դրանով ավարտվեց: Թեպետ, երբ տեսուչը մտել էր ռեստորան՝ միացնելու հսկայական բարձրախոս-բուֆերները, տիրուհին սպառնացել էր՝ «Միշիկին կասեմ»: Ես չգիտեմ՝ կապ ունի՞, արդյոք, Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն այդ ամենի հետ, թե՞ ոչ:
Ես երբեմն-երբեմն զանգում եմ ռեստորանի տիրուհուն՝ «Ռուզան, անջատիր երաժշտությունը, թող քնենք»: Այդ զանգերից հետո, որպես կանոն, անջատում է: Իմ ննջասենյակի պատուհանը ռեստորանից հիսուն մետր հեռավորության վրա է: Երկու օր առաջ, երբ կեսգիշերն անցավ, բայց ռեստորանը դղրդում էր, դարձյալ զանգեցի՝ «Ռուզան, կթողնե՞ս քնենք»: «Ես իրանց չեմ կարա բան ասեմ»,- պատասխանեց: «Իրենք ովքե՞ր են»՝ հետաքրքրվեցի: «Իրա աշխատակազմը»՝ պատասխանեց: «Ո՞ւմ»՝ հարցրեցի: «Սերժի: Կասեմ՝ քեզ կզանգեն»,- ու հեռախոսն անջատեց: Բարեբախտաբար, 15 րոպե անց, մոտավորապես 12:45-ին՝ երաժշտությունն անջատեցին, բայց արդեն քնել չկարողացա եւ որոշեցի ի վերջո հոդվածով անդրադառնալ այս իրավիճակին:
Մեր տան շրջակայքում, չորս կարճ կանգառների երկարությամբ, երեք ռեստորան է գործում, եւ օրեր են լինում, երբ միանգամից երեք կողմից ռեստորանային հրթիռակոծության տակ ես հայտնվում, պարզապես մյուս երկուսը՝ «Ռենեսանսն» ու «Ոսկե գավաթը» մոտ չեն այնքան, որքան «Վարդանանքը»:
Անկեղծ ասած, ինձ համար միեւնույն է, թե ովքե՞ր են այդ ռեստորանների տերերը՝ Ռուզա՞նը, Պողո՞սը, թե՞ Պետրոսը: Իմ բողոքն այս անվերահսկելի եւ անպատժելի երեւույթի դեմ է, երեւույթի, որը կոչվում է հայաստանյան ռեստորանային բիզնես: Բնակիչները, որպես կանոն, քիչ են բողոքում կամ չեն էլ բողոքում՝ վախից, անզորությունից, թերահավատությունից եւ գերադասում են կամ հարմարվել, կամ հեռանալ: Կամ էլ՝ աղմուկը հայ ժողովրդի գեների մեջ է:
Ակնհայտ է, որ ոլորտը պետք է կանոնակարգվի, սակայն կանոնակարգել չի նշանակում թույլ տալ, որ մինչեւ ժամը 23:00-ը հրավառություններով ռմբակոծեն քեզ, իսկ մինչեւ կեսգիշեր՝ երաժշտությամբ դիվադադար անեն: Մինչդեռ ռեստորանները չպետք է գործեն բնակավայրերում, այլ դրանք, ինչպես խաղատները, պետք է դուրս բերվեն բնակավայրերից: Ինչ վերաբերում է հրավառություններին, ապա դրանք ոչ թե պետք է կանոնակարգել, այլ արգելել ընդհանրապես: Նաեւ՝ արգելել պայթուցիկների՝ «հրագործական արտադրատեսակների» ներկրումը Հայաստան:
Քանի դեռ ռեստորանային այս հարայ-հրոցը չի դադարել, անհնար է հավատալ, որ այս իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ի զորու է կամ ձգտում է որեւէ բան կարգավորել Հայաստանում:
Ի վերջո, այն ագրեսիան, որ կուտակվում է մարդկանց մոտ ռեստորանային տեռորի հետեւանքով, հայտնի չէ, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող է դրսեւորվել:
«Առավոտ» օրաթերթ