Վարդան Այվազյանը պահանջում է, որ իրեն դատեն հայկական օրենքներով
«Ես պահանջում եմ, որ ինձ դատեն եւ դատեն ՀՀ-ում: Խոստանում եմ, որ վաղեմության հայց չեմ ներկայացնելու: Մանավանդ, ասում են, որ հիմնավոր, ծանր փաստեր կան: Դատեք: Բաց դատ արեք՝ լրագրողներով, բնապահպաններով, եթե այդքան փող ունեն, թող ուղիղ եթեր էլ հեռարձակեն: Վախենում են գրանտից զրկվե՞ն: Դատեք ինձ, դատվել եմ ուզում: Եկեք ասեք՝ պարոն Այվազյան, կաշառք ես ուզել: Թողնենք դրսի արդարադատությունը, նրանք իրականացնում են արդարադատությունն իրենց օրենքների համաձայն, ոչ թե միջազգային, քանի որ միջազգային արբիտրաժը մերժել է Վ. Այվազյանի՝ կողմ լինելու հանգամանքը եւ գործը փորձել է շարունակել երեք հայտնի բաժնետերերի հետ: Ու եթե ես չեմ սխալվում, նրանք ասել են, որ ցանկություն չունեն գործը շարունակելու: Հանքը ստեղ ա, աշխատանքները ստեղ են կատարվել, դուք վիճարկում եք դա. ստեղ դատի տվեք: Էս երկրին չես հավատում, ինչի՞ ես եկել էս երկիր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց բնապահպանության նախկին նախարար, ներկայումս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Խնդիրը, բնականաբար, վերաբերում է «Գլոբալ Գոլդ կորպորացիա» ընկերություն-Վարդան Այվազյան ծավալվող հակամարտությանը: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Հարավային Շրջանի դատարանը 2012 թվականի հուլիսի 10-ին կայացրել է որոշում (ուժի մեջ է մտել 2012թ.-ի օգոստոսին), որով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ, 2001-2007թթ. հատվածում ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանից դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տուգանք է նշանակել 37,5 միլիոն դոլար:
«Թեղուտի հանքարդյունաբերության լիցենզիան Այվազյանը չի տվել, երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիան Այվազյանը չի տվել»,- ընկերության եւ իր վեճի մասով մամուլի վերջին հրապարակումներին անդրադառնալով՝ հայտարարում է նա: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հենց իր անունը շոշափվում, պատասխանում է. «Էդ էլ իրենց հարցրեք: Ով փողը տվել ա, որպեսզի Այվազյանի անունը տան…»: Մեղադրանքը կոնկրետացնելու մեր խնդրանքին, նա հակադարձեց. «Ինչի՞, իրենք կարող են ենթադրություն անել, ես չէ՞»: Այվազյանը հիշեցնում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ինքն ընդհանրապես չի տրամադրել, քանի որ նման իրավասություն չի ունեցել: Այն տրամադրում է տնտեսական զարգացման նախարարությունը: Իր նախարար եղած ժամանակ Վարդան Այվազյանը դիմել է ՀՀ ԱԱԾ նախարար Գորիկ Հակոբյանին՝ Հայաստանում գրանցված մի շարք ընկերությունների միակ սեփականատեր «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության գործունեությունը ստուգելու համար, քանի որ վերջիններս, ըստ նախկին նախարարի, ապօրինի գործողություններ են կատարել Սեւանում՝ ուրանի որոնողական աշխատանքների համար. «18 թերթով զգուշացրել ենք, բանի տեղ չեն դրել»: 2007-ին Այվազյանը դիմել է նաեւ հարկային պետական տեսչության պետին՝ ընկերության ներդրումները ստուգելու համար, քանի որ ուսումնասիրությունների համաձայն՝ աշխատանքներ չեն կատարվել: «Վերը նշված ամերիկյան ընկերության անունից Հայաստանում հանդես է գալիս գործարար Վան Գրիգորյանը: Նա իրականացնում է գործունեության մի ձեւ, որի արդյունքում Հայաստանի ընդերքում առկա ոսկու հանքերի երեւակումները ուսումնասիրելու անվան տակ ձեռք է բերում հանքային իրավունքներ եւ չի կատարում երկրաբանահետախուզական աշխատանքներ: Վ. Գրիգորյանն իրականում զբաղվել է իրեն պատկանող հանքային իրավունքները վերավաճառելով, հանքային իրավունք ունեցող այլ ընկերությունների բաժնեմասեր գնելով: Արդյունքում՝ երկար տարիներով հետաձգվել է շահագործումը՝ Մարջանի եւ Հանքավանի տնտեսության զարգացման համար բացասական հետեւանքներով»,- գրված է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին հասցեագրված Վարդան Այվազյանի նամակում, որը երեկ «Առավոտի» հարցերից վրդովված՝ վերջինս տրամադրեց մեզ: Նամակում Գորիկ Հակոբյանին նաեւ ծանուցվում է, որ Վան Գրիգորյանը մասնակցություն ունի նաեւ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի, Թուխմանուկ, Տերտերասար եւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրերը վաճառելու հետ կապված գործարքներին. «Հաշվի առնելով վերոգրյալը, նաեւ այն, որ «Գետիկ մայնինգ քոմփանի» ՍՊԸ-ն չունենալով համապատասխան թույլտվություն, այնուամենայնիվ, շարունակում է իր ապօրինի գործունեությունը, իսկ ուրանը համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածո եւ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի՝ ուրանի մասին տեղեկատվությունները գաղտնի են, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- գրել է Վարդան Այվազյանը:
Կարդացեք նաև
Իսկ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հետ վեճի մասով նաեւ այսպիսի փաստեր բերեց. «Մեր հարգելի, միջազգային ասպարեզում հայտնի «քցող» գործընկերները ունեցել են երկու ուսումնասիրություն իրականացնելու լիցենզիա: Մեկը՝ Հանքավանում, որը ավարտվում էր 2004-ի դեկտեմբերի 31-ին, մյուսը՝ Մարջանի հանքավայրում, 2008-ի ապրիլի 22-ին»: Հանքավանի հանքում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնելու լիցենզիան երկարաձգվել է մեկ տարով: Այվազյանը պնդում է, որ ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել, ինչի մասին կա նաեւ համապատասխան հանձնաժողովի արձանագրությունը, որը որեւէ անգամ վարչական վարույթով չի անցել: Ի դեպ, հանձնաժողովի արձանագրության տակ կա նաեւ ընկերության տնօրենի ստորագրությունը: Վ. Այվազյանի՝ «Առավոտին» ներկայացրած փաստաթղթում արձանագրված է. «Աշխատանքները դադարեցված են բարդ լեռնատեխնիկական պայմանների պատճառով, որոնց շարունակելը կարող էր բերել մարդկային զոհերի: Նմուշարկման նախատեսված ծավալներից չի վերցված ոչ մի նմուշ: Վերականգնողական աշխատանքները կատարված են միայն ձեռքով: (…) Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրում ուսումնասիրության համար ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Հանքավանի հանքավայրի տարածքում «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ն երկրաբանահետախուզական աշխատանքներ չի իրականացնում»: Այս արձանագրության տակ նույնպես կա ընկերության պատասխանատուի ստորագրությունը: Այս ամենն ի նկատի ունենալով՝ Այվազյանը հարց է հնչեցնում. «Ո՞վ իմ տեղը լիներ, որպես նախարար, 2005 թվականից թույլատրեր, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը: Այ, սրա համար են ինձի դատի տվել ու ասում են, որ Վարդան Այվազյան ֆիզիկական անձը 37,5 միլիոնի տուգանք պետք է վճարի… ոմանք էլ կարծում են, թե 37,5 միլիոն փող եմ վերցրել»: ՀՀ բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության եզրակացության մեջ էլ ասվում է, որ ընկերությունն իր աշխատանքների արդյունքը նկարագրել է խորհրդային տարիներին եղած տեղեկատվության հիման վրա, եւ թարմ տեղեկատվություն չկա:
Մարջանի հանքավայրի մասով էլ բնապահպանության նախկին նախարարը նկատում է. «Մարջանի բազմամետաղային երեւակումը, որովհետեւ դեռ ինքը հանքավայր չի դարձել, որովհետեւ չունի հաստատված պաշար, մինչեւ այսօր գտնվում է «Գլոբալ Գոլդ» կազմակերպության իրավասության ներքո: 27.04.2006-ին բնապահպանության նախարարության կազմակերպության կողմից՝ նախարարի հանձնարարականով, ուսումնասիրություն է եղել, եզրակացության մեջ ասվում է. «27.04.2006-ի դրությամբ հանքերեւակում աշխատանքներից ոչինչ կատարված չէ»: Մինչդեռ, եթե հիշողությունս չի դավաճանում, 2004-ին են իրենք սա ստացել: Այս եզրակացությունը հաստատել է նաեւ իրենց՝ «ՍՀԱ» ՍՊԸ-ի երկրաբանը՝ 05.05.06-ի դրությամբ: Իրենց պատճառաբանություններից մեկն այն էր, որ տարածքը ականապատված է, այդ պատճառով էլ չեն կարողացել աշխատանքներ իրականացնել: Իրենց երկրաբանը ձեռագիր գրել է՝ ռուսերեն լեզվով. իրենք հինգ նմուշարկում են կատարել, մինչդեռ պարտավոր էին 30 հազար տոննա փորձնական նմուշի հանքաքար տանել: Մեկ տարի հետո կատարված ուսումնասիրությամբ դարձյալ արձանագրվել է, որ հանքերեւակում աշխատանքներից ոչինչ կատարված չէ, տեղանքը ականապատված չէ, եւ որեւէ խոչընդոտ չկա տեղանք այցելելու համար: Ստորագրել է նաեւ Յուրի Լալազարյանը՝ «Գլոբալ Գոլդ» կազմակերպության տնօրենը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ