Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չորրորդ չափման սահմանը

Սեպտեմբեր 21,2012 13:03

Ժամանակը՝ թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը՝ կտրելով չորրորդ չափման սահմանը՝ անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը չես այլեւս:

Կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա ընդամենը ճակատագիր է, կարելի է ընդունել նաեւ, որ ով չի ընդունում իր ճակատագիրը, ճակատագիրն է նրան քարշ տալիս իր հետեւից: Կարելի է մտածել… Բայց մեզանից հեռացող եւ մեր կյանքն իր հետ տանող ժամանակը նաեւ այլ բաներ է հուշում մեզ: Օրինակ՝ ազգի համընդհանուր կամքի եւ նպատակի մասին: Մի երազելի վիճակ, որ կարծես թե մի ժամանակ մենք ունեինք՝ կայուն տերություն, հզոր բանակ, երբ Միջերկրականից մինչեւ Հնդկական օվկիանոս, լինելով երրորդ մեծ պետությունը, մի օր մեր հիմքերը սասանվեցին, քանի որ երրորդն ավելորդ էր, եւ պարզվեց, որ մյուս երկու մեծերին խանգարող ավելորդը մենք էինք, մենք էինք թույլ օղակը: Հետո, արդեն անհողմության մեջ ընկած նավի նման, սկսեցինք աննպատակ ճոճվել ժամանակների ջրերում: Երբ մեր քաղաքները մեր աչքի առաջ իրարից գրավում էին օսմանները, օղուզները, մոնղոլները, խաչակիրները, նույնիսկ Խորեզմից փախած անփառունակ Մուհամեդ շահի որդի՝ Ջալալ Ալ-Դինը:

Այնինչ, նույն ժամանակներում մեր փառապանծ, բայց տարաբախտ Այրուձին, կորցնելով սեփական թագավորներին, պատերազմ էր մղում օտար տերերի համար՝ կիսված ռուսների եւ Մամայ խանի միջեւ, կռվում էր Եվրոպայի համար, Գրյունվալդում, լեհերի, հունգարացիների համար, մինչեւ որ հայրենական հիշողությունը կորցրած՝ աննկատելիորեն թուլացավ, հալվեց փափկակյաց կանանց կրծքերի վրա՝ որպես մահվան բարձի, ու վերացավ աշխարհից… Եվ այսօր ոչ մի լեհ չի կարող ասել, որ իր երակներում հայկական արյուն չի հոսում, բայց ի՞նչ… հայկական արյունը տարրալուծվեց՝ Լեհաստանը մնաց, ինչպես նաեւ մնաց Թուրքիան, բայց իր հողի վրա ապրող հայն այլեւս այնտեղ չէ:

Եվ չնայած որ խղճի օրենքը շարունակում է հուշել, թե չի կարելի որբացնել երեխաներին, չի կարելի ուժով խլել ուրիշի ունեցվածքը, չի կարելի բռնությամբ ստրկացնել ուրիշ ժողովուրդներին, բայց միեւնույն է՝ պատերազմի պտտահողմը շարունակում է կախված մնալ մարդու գլխին եւ երկնային ավելի նման ամայացնում քաղաքներ ու գյուղեր:

Եվ ընդամենը մի քանի օր առաջ, երբ Սիրիայի ներքին պատերազմի տագնապն իմ մեջ՝ վերադառնում էի Ջավախքից, հասկացա հանկարծ, որ փոքր եւ առաջին հայացքից թույլ թվացող տերությունները խաղալիք են դառնում մեծերի ձեռքին, ովքեր հանուն իրենց գաղտնի շահերի խոսում են ժողովրդավարությունից եւ ուրիշին թելադրում ապրել այնպես, ինչպես իրենք են ուզում: Այնինչ այդ ուրիշն իր հազարամյա ապրելու կերպն ունի, իր ներքին հոգեւոր կահավորանքը:

Այդպես մտածում էի եւ հասկացա նաեւ պարզ մի ճշմարտություն, որ եկել է մեր ցեղի ժամանակը, եկել է հայի ժամանակը դրսում եւ հայրենիքում, ում արյունը չի տարրալուծվել օտար երակների մեջ ու մնացել է ինքը: Եկել է ժամանակը կորուստները ետ բերելու, Հարավային Կովկասի կայունության կենտրոնը դառնալու, որին հասնելու համար պետք է համազգային կամք, համազգային միասնություն մեր պետության ու պետականության շուրջ, պետք է համազգային նպատակ եւ չսխալվելու իմաստություն, նոր հերոսի ծնունդ, քանի դեռ մենք ենք մեր տերը եւ քանի դեռ ճակատագիրը մեզ քարշ չի տվել իր հետեւից:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930