Անկախության օրվա արձագանքը սովորաբար լինում է երեք տեսակի: Պաշտոնական, որը բաղկացած է դատարկ, ձեւական, մեխանիկորեն արտասանած բառերից: Ընդդիմադիր. «անկախությունն» իհարկե, լավ բան է, բայց մեր անկախությունն իսկական չէ, այ, եթե մենք գանք իշխանության, ապա այդ ժանանակ կապրենք կատարյալ անկախության պայմաններում»: Եվ «ժողովրդական». «Էս անկախությունն ո՞ւմ էր պետք, գյոզալական երկիրը քանդին, թալանին, էս խեղճ ժողովրդին դարձրին ստրուկ»: Վերջին արձագանքն ամենավատն է, որովհետեւ հենց խեղճ ստրուկի հոգեբանությամբ ապրող բնակչության պայմաններում են հնարավոր քաղաքական վերնախավի դատարկ եւ կրկնվող բանաձեւերը:
Մեր զգացմունքները ծնողների կամ երեխաների նկատմամբ մենք չենք պայմանավորում «ռեժիմով», իշխանությամբ, նախագահներով, քաղաքական լիդերներով, փոքր ու մեծ չինովնիկներով: Բայց հենց գործը հասնում է հայրենիքին եւ պետությանը, մենք սկսում ենք ընդվզել բացարձակ արժեքների դեմ՝ բա սա հայրենի՞ք է, բա սա պետությո՞ւն է, որտեղ այս պաշտոնյան սա է անում, այն օլիգարխն իրեն այսպես է պահում, իսկ հարեւանն էլ «Մերսեդես-600» է առել, որի հնարավորությունը ես չունեմ: Բայց մեր այդ բոլոր «անդնդախոր» դարդերը բացարձակապես չեն նսեմացնում այն փաստը, որ մենք՝ հայերս, պետություն ունենք՝ մի բան, որի մասին դարեր շարունակ երազում են մեզնից շատ ավելի բազմաքանակ ազգեր:
Այս՝ բացարձակապես ոչ անձնական խնդիրը մեզանում անձնավորվում է: Օրինակ՝ «անկախություն» ասելով Պարույր Հայրիկյանը պատկերացնում է միայն ինքն իրեն: Իսկ մնացած քաղաքացիները տեսնում են իրենց սիրելի կամ ատելի քաղաքական գործիչներին, առաջին հերթին՝ երկրի ղեկավարներին: Տարբեր ձեւով վերաբերվելով այդ բոլոր անձերին՝ կարծում եմ, որ անկախությունը շատ ավելի մեծ եւ կարեւոր բան է, քան ցանկացած մահկանացու:
Բայց մտածելով անկախության մասին՝ ես, այնուամենայնիվ, պատկերացնում եմ մարդկանց՝ այն մարդկանց, որոնք 21 տարի ապրել են այս երկրում, որոնք երբեք ոչ մի պաշտոն չեն ունեցել ու չեն ձգտել դրան, որոնք երբեք չեն եղել պատգամավոր, իշխանություն կամ ընդդիմություն, որոնք երբեք չեն կախել կուսակցական վեղարը: Մարդկանց, որոնք իրենց տեղում համեստորեն արել ու անում են իրենց գործը եւ առավոտվանից երեկո չեն տրտնջում իրենց դժբախտ ճակատագրից: Այնպիսի մարդկանց, որոնց Գերմանիայում անվանում են «բյուրգեր», իսկ ԱՄՆ-ում՝ «միջին ամերիկացի»՝ հենց նրանք են ցանկացած անկախ պետության հիմքը: Հայաստանում էլ նման հազարավոր մարդիկ կան, բայց նրանք, ցավոք, մեծամասնություն չեն կազմում: Եվ պատճառները միայն նյութական չեն:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ