Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ

Սեպտեմբեր 21,2012 12:22

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երրորդ

ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ

Ի տարբերություն շատ ու շատ բանաստեղծների, ես պոեզիայի գծով միանգամայն արհեստավարժ էի եւ կրկնվելս միանգամայն հստակ էի զգում ու հասկանում, մինչդեռ արձակի էս ընդարձակ ու սանձարձակ ասպարեզում միանգամայն սկսնակ լինելով` էս նոր ու ընդարձակ դաշտում հաճելիորեն վազվզում ու հաճելիորեն կրկնվում եմ, եւ կրկնվելուցս էլ  առանձնապես վատ չեմ զգում, որովհետեւ երբ ասելիքդ ու ասածներդ ես կրկնում, վատագույն դեպքում նմանվում ես մի սովորական շատախոսի, որը շատ խոսելով` շատ հաճախ եւ միանգամայն անխուսափելիորեն է կրկնվում, մինչդեռ պոեզիայի ասպարեզում ու տարածքում կրկնվելիս ոչ միայն ասելիքդ է կրկնվում, այլեւ` հանգերդ էլ, եւ արդյունքում ինչ-որ տափակություն է ստացվում, որովհետեւ եթե ասելիքիդ կրկնության դեպքում ընդամենը ձանձրույթ ես պատճառում մարդկանց, հանգերի ու ռիթմերի կրկնության դեպքում նույն էդ հանգերն ու ռիթմերն ես իմաստազրկում, ճիշտ այնպես, ինչպես նույն բառը հարյուր ու հազար անգամ կրկնելու դեպքում մեջը որեւէ իմաստ չի մնում, եւ եթե փորձեք, ասենք, ԿՅԱՆՔ բառը հարյուր ու հազար անգամ կրկնել, արդյունքում էդ ԿՅԱՆՔՆ էնպես կիմաստազրկվի ու հօդս կցնդի, որ տակը շոշափելի որեւէ բան չի մնա, եւ շուտով էդ ԿՅԱՆՔԻՑ էնպես կհիասթափվեք` ինչպես որ իսկական բանաստեղծություն սիրող մարդիկ են կրկնվող հանգերից ու ռիթմերից հիասթափվում, եւ, էս ամենից էլ բացի, ես բանաստեղծությանը վերադառնալու պատճառ չունեմ նաեւ էն առումով, որ պոեզիայի մեր անդաստանում բոլորից շատ եմ բանաստեղծություն գրել` բացի, թերեւս, Միլիտոնյան Էդիկից, ու, թերեւս, նաեւ Սարմենից, ու էս երկուսին առանձին-առանձին հիշեցի, որովհետեւ միանգամայն տարբեր երեւույթներ են, եւ, բնականաբար, ես էլ իրենցից եմ տարբեր, եւ մյուսներից անհամեմատ շատ բանաստեղծություններ գրելով` վատագույն դեպքում ինքներս մեզ ենք կրկնել, այլ ոչ թե` իրար կամ ուրիշներին, որովհետեւ մարդ արարածը, բանաստեղծները ներառյալ, անկրկնելի երեւույթ է, եւ քանի որ առանձին վերցրած յուրաքանչյուրս Աստծո ուրույն ստեղծագործություն է, առանձին վերցրած՝ միանգամայն անկրկնելի ենք, եւ եթե նույնիսկ շատ ուզենանք, էլի չենք կարող մեկս մյուսիս մեկին մեկ նմանվել ու կրկնել, եւ եթե նույնիսկ շատ ուզենանք ու շատ փորձենք որեւէ մեկին կրկնելով նմանվել, վերստին միանգամայն նոր երեւույթ կհանդիսանանք, որովհետեւ, ճիշտ է,  Աստված ամենքին էլ իր իսկ պատկերով ու նմանությամբ է արարել, այդուհանդերձ, բոլորս ոչ միայն մեզ ստեղծած Աստծուց ենք էապես տարբեր, այլեւ՝ միմյանցից, ընդ որում՝ իրարից ու մանավանդ մեր Աստծուց տարբեր ենք ոչ միայն արտաքնապես, այլեւ ու հիմնականում մեր էությամբ ու ներաշխարհով, եւ չնայած արտաքին նմանությունները երբեմն-երբեմն պատահում են, Աստծո ձեռամբ  արարվածներս մեր էությամբ ու բովանդակությամբ չափազանց տարբեր ենք իրարից, որովհետեւ Աստված չեղած տեղից  նախ Ադամին արարեց, այնուհետեւ Եվային՝ Ադամի կողոսկրից, իսկ դրանից հետո էլ  մեր իսկ ծնողների միջնորդությամբ մյուսներիս է անձանձիր արարում՝ անձանձիր ու արարչական ներշնչանքով, եւ քանի որ Աստծո ներշնչանքը մշտապես անկրկնելի է, մեկս մյուսիցս չափազանց տարբեր ենք ստացվում, եւ եթե որոշ նմանություններ լինում էլ են, դրանք ընդամենն արտաքին  նմանություններ են լինում, որովհետեւ մեր արտաքինը մեր անմիջական ծնողներից է բխում, իսկ մեր էությունը՝ մեր միակ ու միածին Աստծուց՝ Ով հավերժորեն անկրկնելի է, եւ եթե որոշ դեպքերում մեր էությամբ ու մեր ներքին պատկերով մեր անմիջական ծնողաց նման ենք թվում, էդ նրանից է, որ մենք խորապես ու էապես ոչ միայն մեր ծնողներին չենք ճանաչում, այլեւ՝ ինքներս մեզ, եւ ինքներս մեզ խորապես ու ըստ էության չճանաչելով՝ ոչ միայն մեր անմիջական ծնողներին ըստ էության չենք ճանաչում, այլեւ բոլորիս համընդհանուր ծնող Աստծուն ըստ էության չենք ճանաչում, որովհետեւ Աստծուն ըստ էության ու խորապես ճանաչելն էլ է ստեղծագործական անխառն ու անմնացորդ ջանքեր պահանջում, եւ ինչքան էլ էսպես մեծամեծ բաներից խոսեմ, էս խոսելս էլ չի նպաստելու, որ Աստծո էությունն իմանամ ու ճանաչեմ, որովհետեւ Աստծո էությանը մոտենալու ու մանավանդ  Աստծո էությունն ընկալելու համար լռությունն ավելի նպատակահարմար է, քան՝ էսպես շատախոսելն ու էսպես ճամարտակելը, բայց քանի որ լռությունն էլ է Աստծո շնորհ, եւ քանի որ էդ շնորհին դեռեւս չենք արժանացել, էսպես  անվերջ ու անկատար ճամարտակում ենք՝ մինչեւ վերջնականապես դադարենք խոսել, ավելի ճիշտ՝ մինչեւ վերջնականապես լռենք, եւ մեր լռելն էլ է անխուսափելի՝ ինչպես մեր շատ խոսելը, ու էս ասածս անխտիր բոլորիս՝ ներառյալ շատախոսներիս է վերաբերում, որովհետեւ ամենաշատախոսներս անգամ լռությունից խուսափելու եւ լռությունը շրջանցելու տարբերակ չունենք, եւ խոսքս, իհարկե, իմ ու ամենքի ամենամեծ, ամենատեւական ու ամենավերջնական լռությանն  է վերաբերում, եւ էդ ամենամեծ ու ամենաօրինակելի լռությունը, որին պայմանականորեն մահ ենք անվանում, միակն է,  որ ամենքիս հավասարապես է շնորհված՝ ի տարբերություն կյանքի, որը ոչ միայն անհավասար է շնորհվում, այլեւ երբեմն՝ անարդարացի, եւ եթե հաշվի առնենք, որ մահը բացառապես ապրածներին ու ապրողներին է շնորհվում, պիտի համաձայնվելով ընդունենք, որ մահն էլ է շնորհ ու ընծա, թեկուզեւ էն առումով, որ մահը բաժին է հասնում բացառապես նրանց՝ ում նախ կյանք է շնորհված ու ընծայված լինում. այսինքն, կյանքը շնորհ ու պարգեւ համարողներս, ուզենք թե չուզենք, մահն էլ պիտի շնորհ ու պարգեւ համարենք, եւ Աստծուն կյանքի  աղբյուր համարողներս էլ, ուզենք թե չուզենք, պիտի վերջնականապես ընդունենք, որ մահն էլ է Աստծուց, եւ եթե էդպես ընդունենք ու համարենք, պիտի նաեւ համարենք, որ մահն էլ է յուրօրինակ արարչագործություն, եւ եթե ապրողներս էդ հասարակ բանը չենք հասկանում, էդ նրանից է, որ ապրածներից ու ապրողներից շատերը մինչեւիսկ կյանքը արարչագործություն չեն համարել ու համարում. ավելին. շատերս կյանքից ու կյանքով գայթակղվելով՝ մինչեւիսկ կյանքը իբրեւ շնորհ ու պարգեւ չենք ընկալում, եւ հիմնականում էդ է պատճառը, որ շատերս կյանքից ու մահից հավասարապես ենք վախենում ու երկնչում, ու էս ասածս հատկապես դասալիքներին է վերաբերում, եւ հատկապես ու առանձնապես մեր վերջին պատերազմի դասալիքներիս է վերաբերում, եւ հիմա էս հարցի շուրջբոլոր մլուլ տալով ու մտմտալով՝ դժվարանում եմ պատասխանել հետեւյալ հարցին. ես կյանքի՞ց եմ ավելի վախենում, թե, այնուամենայնիվ, մահից, ու էդ մասին ահագին մտածելուց հետո էլ եմ դժվարանում էդ հարցին պատասխանել, որովհետեւ երբ կյանքի մասին եմ երկարբարակ ու միանգամայն լրջորեն մտածում, սկսում եմ վախենալ իմ ու բոլորիս  էս մինուճար կյանքից, եւ, ընդհակառակը, երբ մահվան մասին եմ լրջորեն ու տեւականորեն մտածում, սկսում եմ ահավոր վախենալ մահից, բայց հիմա՝ էս պահին, երբ վերստին կյանքի ու մահվան  մասին եմ մտածում, ահագին մտածելուց հետո սկսում եմ հասկանալ նաեւ, որ, փաստորեն, կյանքն ու մահը նույն բանն են, ավելի ճիշտ՝ մահը կյանքի ուղղակի ու միակ շարունակությունն է, ու էս հասարակ բանը նախկինում չէի հասկանում, որովհետեւ նախկինում ավելի շատ խոսում էի, քան՝ մտածում, եւ հիմա որ շարունակում եմ մտածել, հասկանում եմ նաեւ, որ մենք մեր իսկ շատախոսության պատճառով լիքը բաներ չենք հասկանում, որովհետեւ շատախոսելիս ավելի ու ավելի ենք խճճվում ու մոլորվում մեր չիմացած ու չհասկացած բաների մեջ, եւ շատախոսության պատճառով նույնիսկ իմացածդ բաների մեջ ես խճճվում ու մոլորվում, եւ հատկապես հիմա՝  էս բաները գրելիս եմ էդ բանը հասկանում, որովհետեւ կյանքի ու մահվան մասին էսքան խոսելով ու գրելով՝ արդեն չեմ կողմնորոշվում՝ մահի՞ մասին եմ էսքան մտածում, թե՝ մահվան մասին. այսինքն, ես ժամանակին բանասիրականն ավարտելով ու այնուհետեւ բանաստեղծ դառնալով եւ դրանից հետո էլ էսքան արձակ ու էսքան մահի եւ մահվան մասին գրելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում պարզել հետեւյալը. մահ բառի սեռականի ճիշտ ձեւը ո՞րն է՝ մահի՞, թե՝ մահվան, եւ ինչքան շատ եմ էդ մասին մտածում, էնքան ավելի եմ խճճվում ու մոլորվում, եւ հիմա ավելի ու ավելի խճճվելով ու մոլորվելով՝ սկսում եմ հասկանալ նաեւ, որ էսպես շատախոսելով՝ մենք երբեք էլ ճիշտը չենք իմանա, որովհետեւ ճիշտն իմանալու համար նախ մտածել է հարկավոր, ընդ որում՝ լռության մեջ պիտի մտածես, այլ ոչ թե՝ էսպես ու էսքան շատախոսելով, բայց իմ դեպքը բացառիկ ու ներելի է հատկապես էն իմաստով, որ եթե շատ խոսելուս ու մանավանդ շատ գրելուս հանգամանքները չլինեին, միգուցե էս ու էսքանն էլ չմտածեի, որովհետեւ առանց շատախոսելու՝ լռելյայն մտածելու շնորհը  հազվագյուտներին ու բացառիկներին է շնորհված, եւ հիմնականում՝ փիլիսոփաներին, ընդ որում՝ ոչ թե մասնագիտությամբ փիլիսոփաներին, այլ՝ կոչումով ու առաքելությամբ, որովհետեւ մասնագիտությամբ փիլիսոփաները դիպվածով ու պատահաբար են փիլիսոփա եւ հիմնականում մասնագիտության բերումով են փիլիսոփայում, մինչդեռ կոչումով ու առաքելությամբ փիլիսոփաներն ամեն օր ու ամեն վայրկյան են փիլիսոփայում, որովհետեւ ոչ թե գործի ու մասնագիտության, այլ կյանքի բերումով են փիլիսոփայում, եւ դա նրանից է, որ իրենք առանց փիլիսոփայելու չեն կարողանում ապրել՝ ինչպես որ ձեր խոնարհ ծառան առանց գրելու ու առանց էսպես  շատախոսելու արդեն չի կարողանում ապրել, բայց, ի տարբերություն իսկական փիլիսոփաների, ես գրելու ու խոսելու ընթացքում եմ մտածում, ավելի ճիշտ՝ գրելու ու խոսելու շնորհիվ, մինչդեռ իսկական իմաստուններն ու բնածին փիլիսոփաներն, ըստ ամենայնի, նախ լռության մեջ ու մեկուսի մտածում են, հետո նոր միայն՝ մահկանացուներիս ներկայությամբ բարձրաձայն արտահայտվում, ու բարձրաձայն արտահայտում են լռության մեջ իրենց մտածածը, բայց էս ասածս էլ է ընդամենը ենթադրություն, որովհետեւ իսկական ու բնածին իմաստուն Եզոպոսի օրոք չեմ եղել ու հնարավորություն չեմ ունեցել իրեն հարցնել՝ լռության մեջ մտածել ու հետո նո՞ր է մահկանացուների ու իշխանավորների ներկայությամբ բարձրաձայնել, թե, ընդհակառակը, իշխանավորների ու մահկանացուների առկայության պայմաններում են իր էդ իմաստուն մտքերն ու իմաստախոսություններն առաջացել ու գոյացել, եւ չնայած Հայաստանում ու իմ ժամանակակիցների մեջ էլ են իմաստուններ ու փիլիսոփաներ եղել, եւ չնայած դրանցից  մի քանիսին անձամբ եմ ճանաչել, այդուհանդերձ, զլացել եմ իրենց էդ տեսակ անմիջական ու ինտիմ հարցեր տալ, ավելի ճիշտ՝ ոչ թե զլացել եմ, այլ՝ չեմ համարձակվել, եւ եթե էսօր ու էս պահին Լեւոն Ներսիսյանը ողջ լիներ, էլի չէի համարձակվի իրեն հարցնել՝ իր էդ պերմանենտ իմաստություններին լռությա՞ն պայմաններում է հասել, թե, այնուամենայնիվ, հընթացս՝ ժամանակակիցներիս ու սեղանակիցներիս ներկայությամբ ու առկայությամբ, եւ եթե ժամանակին համարձակված ու հարցրած լինեի, ինքը լավագույն դեպքում միանգամայն քաղաքավարի կերպով ինձ իր տնից դուրս կհրավիրեր, որովհետեւ Լեւոն Ներսիսյանն ինձ միանգամայն հանդուրժողաբար վերաբերվելով՝ չէր հանդուրժում, երբ իրեն իր մշտական պաթոսից ու փիլիսոփայական  բարձունքներից կտրելով ու  իջեցնելով՝ դեպի առօրյա ու գետնատարած թեմաներ  էին ուղղորդում, եւ Հրանտ Մաթեւոսյանն էլ առօրյա հարցերից խոսելու հակումներ առանձնապես չուներ, բայց, այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ իր գրական ու փիլիսոփայական բարձունքներից ու  հիմնական զրուցակիցներից հոգնելով՝ ինձ փնտրում եւ նույնիսկ կարոտում էլ էր, բայց իմ ու Հրանտի բանավոր առերեսումներն ավելի հաճախակի էին, քան՝ իմ ու Ներսիսյանինը. ավելին. Լեւոն Ներսիսյանին շուրջ երեսուն տարի անձամբ ճանաչած լինելով՝ չեմ կարողանում հիշել մի դեպք, որ իրար  հետ դեմ առ դեմ ու առանձին զրուցած լինենք, որովհետեւ ինքը սովորաբար մեկից ավելի ունկնդիրների ներկայությամբ էր բացվում ու փիլիսոփայում, եւ իր մուսան հիմնականում բավարար քանակի ունկնդիրների առկայությամբ էր իրեն բռնացնում, որովհետեւ Լեւոն Հրաչեւիչն առանձին վերցրած որեւէ մեկին չէր հանդուրժում, ու էդ իմաստով Ֆրունզիկն ու Շերենցը բացառություն էին, եւ Հրանտն ու Տիգրան Մանսուրյանն էլ էին բացառություն, ինչպես նաեւ՝ Շիրազն ու Արա Շիրազը, ինչպես նաեւ՝  քանդակագործ Եսայան Ռուբոն, եւ վերջին տարիներին՝ Ֆերեշեթյան Վարդանը. այսինքն, սրանք էն մարդիկ էին, որոնց Լեւոն Ներսիսյանն առանձին-առանձին էլ էր հանդուրժում, եւ ուրիշ անուններ չեմ ավելացնում, որովհետեւ որեւէ ուրիշի Լեւոն Ներսիսյանի հետ առանձին տեսած չկամ, եւ հնարավոր էլ չէր տեսնել՝ մանավանդ Նկարիչների սրճարանում, որովհետեւ հենց Լեւոն Ներսիսյանը հայտնվում էր էդ սրճարանում, նկարիչներն ու ոչ նկարիչները վայրկենապես լցվում էին գլխին, եւ հենց նկարիչներն ու ոչ նկարիչները լցվում էին գլխին, ինքն սկսում էր իմաստախոսել ու փիլիսոփայել, եւ շռայլորեն իր իմաստությունները շաղ տալով՝  մեկումեջ նաեւ կատակում էլ էր, եւ իր կատակներն էլ իր մտքերի պես յուրահատուկ ու անզուգական էին, ինչպես նաեւ՝ բարձրաշխարհիկ ու էլիտար, եւ էլիտար եմ ասում, որովհետեւ Սովետի տարիներին եւ հատկապես մտավորականների ու արվեստագետների շրջանում էլիտարը միանգամայն դրական իմաստ ու նշանակություն ուներ, եւ էլիտարն էն մարդիկ ու էն երեւույթներն էին, որոնք էականորեն ու դրականորեն էին տարբերվում բուն սովետական քաղաքացիներից եւ բուն սովետական երեւույթներից, եւ Լեւոն Ներսիսյանն ու իր իմաստախոսությունն ամենից շատ էին տարբերվում, եւ նույնիսկ իր կատակներն էին մյուսներիս կատակներից էականորեն տարբերվում, եւ ընդամենը մի քանի րոպե Լեւոն Ներսիսյանի սեղանակիցը լինելով՝ հետո օրեր ու ամիսներ շարունակ քեզ լիարժեք ու արժանավոր մարդ էիր զգում, մանավանդ էն տարիներին, երբ այլ ինստիտուտների ուսանողությունը հեղեղի պես լցվում էր համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները լսելու, եւ մի քանի անգամ էլ ձեր խոնարհ ծառան է մանկավարժականի իր համակուրսեցիների հետ սլացել համալսարան՝ Լեւոն Ներսիսյանի խոսքն ու փիլիսոփայությունը վայելելու, բայց երրորդ կուրսից սկսած՝ ես դադարեցրի իմ էդ համալսարանական հաճախումները՝ ոչ միայն էն պատճառով, որ համալսարանականները մանկավարժականցիներիս վերեւից արհամարհական նայելով ասում էին՝ «գեղցիք էլի էկան», այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ես դեռեւս երրորդ  կուրսից սկսած՝ հնարավորություն ու իրավունք ունեի շատ մոտ տարածությունից լսել ու վայելել մեծն  Լեւոն Ներսիսյանին, որովհետեւ Կոջոյանն ավարտած լինելով ու Թերլեմեզյանում էլ մի ամբողջ տարի սովորած լինելով՝ լիքը նկարիչ ընկերներ ունեի, որոնցից Սերոբն ու էլի մի քանիսը Լեւոն Ներսիսյանին անձամբ էին ճանաչում ու Նկարիչների սրճարանում էլ հետը ժամերով նստում էին:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930