Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:
Այսօր մենք գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ տարիների ընթացքին արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ` ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը:
Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո ամուր ու անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին