Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության քսանմեկերորդ տարեդարձի առթիվ:
Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով կանխորոշելու հնարավորություն:
Արդեն 21 տարի է, Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է: Շուրջ 21 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն այո՛ ասեց Անկախությանը՝ իրականացնելով անկախ պետություն ունենալու իր դարավոր երազանքը: Անկախության հանրաքվեով ՀՀ քաղաքացին ամրագրեց իր ցանկությունն ունենալու ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրավական, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա հիմնված պետություն:
Անկախության հաստատումն, իհարկե, անհրաժեշտ քայլ է, սակայն նույնքան անհրաժեշտ է նաև այդ անկախության արժևորումն ու այն ի նպաստ ժողովրդի ծառայեցնելը: Այսօր՝ անկախության 21-րդ տարեդարձին, պետք է արձանագրենք, որ դեռևս շատ չլուծված խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, որ այս 21 տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումների կողքին եղել են նաև կորուստներ, անուղղելի բացթողումներ և որոնց առկայությունը թույլ չի տալիս մեզ լիարժեքորեն արձանագրել, որ 21-ամյա անկախ Հայաստանն հենց այն պետությունն է դարձել, որի մասին երազում էր Հանրաքվեում կողմ քվեարկող ՀՀ քաղաքացին:
Կարդացեք նաև
Թեև անկախության հռչակմամբ մենք ամրագրեցինք մեր ինքնիշխանությունը, սակայն այսօր վտանգի տակ է նաև այդ արժեք, թեև մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պետք է լինեին այն արժեքները, որոնց վրա պետք է խարսխվեր մեր պետությունը, սակայն անցած տարիներն ապացուցեցին այդ հիմնարար սկզբունքներից իշխանությունների հեռացումը:
Մենք վստահ ենք, որ անկախության լիարժեք ամրապնդումը պայմանավորված է հենց վերը նշված արժեքների իրացմամբ:
<Ազատ դեմոկրատներ> կուսակցությունը, ևս մեկ անգամ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, համոզված է, որ ազատական
գաղափարները, ժողովրդավարության զարգացումը, ՀՀ քաղաքացու անքակտելի իրավունքների իրացումը, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումն են այն խթանները, որոնց շնորհիվ պետք է առաջ գնա և միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդի Հայաստանի Հանրապետությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն