Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի տրամաբանությունը. քանի դեռ մեզ պարտք տալիս են, ուրեմն անհույս չե՞նք

Սեպտեմբեր 20,2012 22:47

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն օրերս հրավիրած ասուլիսում մի ուշագրավ արտահայտություն էր արել: Հարցին՝ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք սպասարկելու այս տարվա արտաքին պարտքը, Վարդան Արամյանը պատասխանել էր, որ հին պարտքը սպասարկելու համար նոր պարտք ենք վերցնելու:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, վերահաստատելով Վարդան Արամյանի միտքը, մեր արտաքին պարտքի հետ կապված մեկ այլ ուշագրավ դիտարկում արեց: Ըստ նրա, պարտք տվողն իմանում է՝ ինչի համար է պարտք տալիս. «Դու պարտք չես տա մեկին, որն անհույս է: Եթե ոչ մի բիզնեսով չզբաղվող, ինչ-որ անգործունյա մեկը ձեզանից պարտք ուզի` դուք չեք տա, չէ՞»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, քանի դեռ մեզ պարտք տալիս են, ուրեմն մեր վիճակն այնքա՞ն էլ անհույս չէ, ճի՞շտ ենք հասկանում` պարոն Այվազյանն ի պատասխան նշեց. «Վերջերս տեղի ունեցավ տնտեսական ֆորում, հրատարակվեց մրցունակության տեղը, ՀՀ պետական բյուջեի  դեֆիցիտի կառավարումը եւ արտաքին պարտքի կառավարումը ինքն իր առումով համարվեց ոչ վտանգավոր: Կախված կլինի, թե դրամական հոսքերը, որոնք վերցնում են, ինչի համար են վերցվում: Պարտքը ո՞ր ոլորտի համար է` գյուղատնտեսությունը զարգացնելու, ճանապարհների, ինֆրաստրուկտուրաների, ինչի՞ համար: Ես դեռ չեմ տեսել ԱԺ օրակարգում, որ այնպես լինի, որ նոր պարտք վերցնելու խնդիր լինի: Կգա ԱԺ` կմեկնաբանենք: Եթե պարտք վերցնում ես, որ շքեղությունը բարելավես` ես կասեմ պետք չի: Չկա այնպիսի գումար այսքան ժամանակ, զուտ մենակ ռուսական 500 մլն է եղել, որ  տրամադրվել է` կոնկրետ ուղղությունները չի ասել, տրամադրվել է ճգնաժամը մեղմելու համար: Բայց մնացած ֆինանսական պարտավորությունները որ մենք վերցրել ենք, ունեն իրենց հասցեագրված կոնկրետ ուղղվածությունները: Եթե ասում են պարտք եմ վերցնում, ինքը ասի ինչի համար է վերցնում, ես կասեմ դա նպատկահարմար է, թե նպատակահարմար չի: Եթե ձեր տունը վատ վիճակի մեջ է, դուք պարտք եք վերցնում մեբե՞լ առնելու համար, թե՞ սոցիալական խնդիրը լուծելու համար: Սա պետք է որոշել»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը օրերս հրավիրած ասուլիսում լրագրողներին բացատրեց, թե ինչ բան է տնտեսական ակտիվությունը, ինչ է տնտեսական աճը: Նա հորդորեց այս երկու ցուցանիշները չշփոթել, որովհետեւ իշխանությունները, հանրությանը մոլորեցնելու համար ներկայացնում են տնտեսական ակտիվության ցուցանիշները, որը տնտեսական աճի հետ կապ չունի:

Այս առնչությամբ Aravot.am-ը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են փորձում ապակողմնորոշել ժողովրդին, մեր  տնտեսությունն այնքան վատ վիճակում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշո՞վ են փորձում մոլորեցնել մարդկանց: Պարոն Այվազյանի բացատրելով՝ «Տնտեսական ակտիվությունը բերում է տնտեսական աճի: Այդ թվերը համադրելի են: Տնտեսական ակտիվությունն  իրականում բարդ է, որը բերելու է երկրում տնտեսական աճ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930