Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դիլիջանում վախի մթնոլորտ կա». Քաղաքապետի թեկնածուն կոչ է անում հնարավորություն տալ մարդկանց խղճի մտոք ընտրություն կատարելու

Սեպտեմբեր 20,2012 22:37

Սեպտեմբերի 23–ին Դիլիջանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած փաստաբան  Գուրգեն Հարությունյանը այն կարծիքին է, որ թեեւ  սպասվող ընտրությունները սկզբունքային նշանակություն են ունենալու դիլիջանցիների համար, այնուհանդերձ, քաղաքում տիրում է վախի մթնոլորտ:

«Դիլիջանում կա վախի մթնոլորտ: Այն տարբեր կերպ  է դրսեւորվում, մի դեպքում պետական կառույցների հետ հետագայում խնդիրներ ունենալու վախ կա,  եւ կա որոշակի վախի մթնոլորտ ամեն տեսակի ճնշումներից: Ամեն դեպքում վախի մթնոլորտ կա, եւ մարդիկ վախենում են, որ ինչ-որ բանից կզրկվեն »,-ասում է անկուսակցական թեկնածուն:

Նման մթնոլորտում կայանալիք ընտրությունները, ըստ քաղաքապետի թեկնածուի, հղի են մի շարք վտանգներով. «Դա արդեն խնդիր է ընտրողի կամքի վրա ազդելու տեսակետից, արդյունքում ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը»:
Նա ահազանգում է, որ մինչ  Դիլիջանում խախտվում են ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթները, նախընտրական պաստառներ են  փակցվում սննդի օբյեկտների եւ օրենքով արգելված այլ վայրերում, ամենաթողության ու վախի մթնոլորտը հող է նախապատրաստում ընտրակաշառքների համար. «Տեղեկություններ ունենք, որ թեկնածուներից մեկի համար ինչ-որ հիմնարկության տնօրեն ստիպել է իր աշխատողներին, որ յուրաքանչյուրը 10 ձայն պարտադիր բերի, որպեսզի այդ մարդիկ քվեարկեն այդ թեկնածուի օգտին: Նաեւ այս պահին որոշակի մտավախություններ կան. որոշ թեկնածուներ սկսել են ցուցակագրել մարդկանց,  վտանգ կա, որ ընտրակաշառք կբաժանվի»: Նա տեղեկացնում է, որ  յուրաքանչյուր նման դեպք արձանագրվելու է եւ անմիջապես տեղեկացվելու է ՀՀ նախագահի  աշխատակազմ:

Գուրգեն Հարությունյանը այս ընտրությունները տարբերվող է համարում նախորդներից: «Մինչեւ այսօր դիլիջանցին որպես այլընտրանքային թեկնածու չի ունեցել, չի ունեցել այնպիսի թեկնածու,  ով կգա առանց որեւէ կուսակցության կամ խմբի աջակցության: Այս ընտրությունների նախընտրական փուլը   ցույց տվեց, որ յուրաքանչյուր մարդ ունի ոչ միայն ընտրելու, այլեւ ընտրվելու  իրավունք»,-ասում է թեկնածուն:

Բացի փաստաբան Գուրգեն Հարությունյանից` համայնքապետի պաշտոնի համար պայքարի են ելել գործող եւ նախորդ քաղաքապետերը` ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյան ու ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանը:

Հարությունյանը  հերքում է բոլոր այն լուրերը, թե ինքը իր թեկնածությունը դրել է ԲՀԿ-ական թեկնածուից ձայներ տանելու նպատակով` պարզաբանելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. «Չնայած այն հանգամանքին, որ  թեկնածությունս դնելը շատ կեղտոտ ձեւով ներկայացվեց որոշ թեկնածուների կողմից, որպեսզի որոշակի օգուտներ քաղեն դրանից, ժողովրդի մոտ իմ  անձի նկատմամբ անվստահություն առաջացնեն, այնուամենայնիվ, ես ողջամտության կոչ եմ անում եւ ակնկալում, որ այսուհետ բոլոր թեկնածուները կհարգեն օրենքն ու մարդկանց կթողնեն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր կամքով  ընտրություն կատարի»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930