ՀՀ նախագահի` կառավարությունում վարած հայտնի խորհրդակցությանը, որտեղ երկրի ղեկավարը գերատեսչությունների ղեկավարներին մի լավ ամոթանք տվեց, այսօր հետեւց վարչապետի` պետգնումների ոլորտի ղեկավար մարմինների պաշտոնանկություն անելու որոշումը:
Ընդ որում, վարչապետին հենց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է հուշել, որ այդ ոլորտում առկա «ատկատները» մեծամասամբ ղեկավարների «մեղքով էին» կատարվում:
Պաշտոնանկության ենթակա ղեկավարները, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, ընդամենը քավության նոխազ էին, եւ պաշտոնանկ արվող նոխազների շարքը դեռ շարունակվելու է, բայց երբեւիցէ չի լինի կառավարության ղեկավար, կամ ֆինանսների նախարար:
Պարոն Խաչատրյանի խոսքերով` «Որեւէ նշանակություն չունի, թե ինչ տեսակի մարդ է աշխատում այս համակարգում: Բոլոր նմանատիպ հարցերի պատասխանատուն մի հոգի է` երկրի ղեկավար կոչեցյալը, այդ պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Որովեհետեւ ոչ թե առանձին մարդկանց գործունեության արդյունքում է այդպիսի իրավիճակ ստեղծվել, այլ` համակարգի արդյունքում: Ավելի ճիշտ կլիներ, իրականում այդպես էլ պիտի լիներ, որ կառավարությունն իր ղեկավարով` Տիգրան Սարգսյանով հրաժարական տար: Իզուր են Վաչե Գաբրիելյանն ու Տիգրան Սարգսյանը մեղավորներ փնտրում, իրենք են մեղավորները»:
Կարդացեք նաև
Ըստ Վահագն Խաչատրյանի` այսօրվա համակարգի դեպքում, ով էլ լինի նշված պաշտոնում, կատարելու է համակարգի պատվերը. «Այսինքն` ինքը էլի պիտի զբաղվի կոռուպցիայով, կաշառակերությամբ, գողություն անի ու մասնաբաժին հանի վերեւներին: Եվ այն ներկայացումը, որին մենք ականատես եղանք, երբ Սերժ Սարգսյանն էր գնացել կառավարություն, բոլոր ավտորիտար համակարգերին բնորոշ ցուցադրական բան էր: Երկրի ղեկավարը փորձում է ցույց տալ, ինքը տեղյակ չէր, ինքը փորձում է լուծել խնդիրը: Ռուսական կայսրության ժամանակ էլ էդպես էին ասում` ցարը մեզ կփրկի, ցարը տեղյակ չէր»:
Պարոն Խաչատրյանը պետգնումներում պաշտոնանկությունների «շոուն» կապեց հերթական վարկ ստանալու հետ. «Միգուցե իրենց խոստացել են հերթական վարկը` գնումների գործակալության աշխատանքները բարելավվելու նպատակով: Այս քանի օրը կասեն, որ հերթական պայմանագիրն են կնքել միջազգային որեւէ կառույցի հետ, որը կօգնի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը: Օրինակ` այդպիսի մի կազմակերպություն կա, որը գիլյոտինի քաղաքականությունն է իրականացնում` ահռելի գումարներով: Մեզ մոտ դրա կարիքը չկա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ