Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքի վերաբացմանը՝ լրացուցիչ նոր ցուցասրահներով և ցուցադրությամբ:
Հանրապետության ղեկավարը շրջել է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ճիշտ մեկ տարի անց վերաբացված հիմնական մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման արդի չափանիշներին համապատասխան ստեղծված պայմաններին, Մատենադարանի նոր ցուցասրահների ցուցադրանյութին: Նախագահին զեկուցվել է, որ Մատենադարանի հիմնական մասնաշենքը գործելու է իբրև թանգարանային համալիր՝ լայն հնարավորություն ընձեռելով հայ և համաշխարհային պատմամշակութային արժեքների հանրահռչակման համար: Նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն՝ գործելու է 15 ցուցասրահ («Արցախի», «Վասպուրականի», «Արևելյան մանրանկարչության», «Միջնադարյան քարտեզների», «Բժշկագիտության», «Հնատիպ գրքերի», «Արխիվային փաստաթղթերի», «Նվիրատվությունների» և այլն): Առաջին անգամ գործելու է «Վիրտուալ Մատենադարան» ցուցասրահը, որն զգալիորեն նպաստելու է ցուցադրվող նմուշների յուրացմանը, Մատենադարանի, հայ գրչության կենտրոնների ու գրավոր մշակույթի վերաբերյալ տեղեկության տարածմանը, տարաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը:
Բացման կապակցությամբ կազմակերպված ցուցադրություններում ներկայացված են Մատենադարանի հավաքածուների լավագույն ձեռագրական նմուշները, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերի բացառիկ օրինակները, որոնք արտացոլում են ոչ միայն հայոց մշակութային ժառանգությունը, այլև օտար ազգերի հոգևոր, պատմական ու քաղաքական իրողությունները: Պատասխանատուների հավաստմամբ, հիմնական ցուցադրություններից բացի, կազմակերպվելու են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ: Ընդգծվել է, որ նորոգված հիմնական մասնաշենքի շահագործմամբ Մատենադարանն ամբողջանում է իբրև հայ հոգևոր արժեքների պահպանման ու հանրահռչակման համալիր, հայագիտական կենտրոն և մշակութային արժեք՝ գիտական և թանգարանային առաջնակարգ հաստատությունների արդի չափանիշներին համապատասխան:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապերի վարչություն