Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պետգնումներում արդարությո՞ւն է հաստատում

Սեպտեմբեր 20,2012 19:25

Պետական գնումների ոլորտի պատասխանատուներին պաշտոնանկ անելը շուկայում այս կամ այն չափով արդարություն հաստատելու փորձ է:  Aravot.am-ին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Մեր այն հարցին, արդյոք դա առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված շոո՞ւ չէր` հասարակությանը ցույց տալու, որ մեր երկրի ղեկավարները պայքարում են կոռուպցիայի դեմ, պարոն Սաֆարյանն ասաց. «Գնումների համակարգը, որտեղ լավ բուն է դրել «ատկատների» մեխանիզմը, չեմ կարծում, որ առանձնապես լուրջ ընտրական ռեսուրս է նախագահի կամ իշխանության համար, միգուցե` ֆինանսական` այո: Ես շատ քննադատաբար կվերաբերվեի, եթե նրանց հանեին աշխատանքից, ոչ թե իրենց մասնագիտական աշխատանքները կատարելու համար, այլ օրինակ`իշխանության վերարտադրությանը չծառայելու համար: Հետեւաբար, եթե նրանք նախընտրական ռեսուրս չեն, ես տեսնում եմ, որ այս փոփոխություններով  փորձում են համակարգում որոշակի շտկումներ անել»:

Պարոն Սաֆարյանի ներկայացմամբ` ԱԺ-ում «Ժառանգության» գործունեության շնորհիվ «Պետական գնումների մասին» օրենքում փոփոխություններ եղան, եւ այդ ոլորտում խնդիրները շտկելու համար օրենսդրական փոփոխության կարիք չկա. «Պարզապես օրենքի ամենժամյա կիրառման պահպանման խնդիր կա, որպեսզի պետական լիազոր մարմինները, որոնք կազմակերպում են գնումներ պետական այս կամ այն հաստատության համար, գործեն օրենքի դաշտում եւ չդիմեն այդ «ատկատների» մեխանիզմին: Կարծում եմ, գնումների ոլորտի կադրերի փոփոխությունները պայմանավորված են եղել այն բանով, որ մինչեւ այժմ անգամ օրենքի այդ  փոփոխությունները դեռեւս չեն տվել ցանկալի արդյունք եւ առաջ է եկել կադրերի փոփոխության խնդիրը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել