Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի տարածած այն հաղորդագրությանն ի պատասխան, թե օդանավակայանը չի սպասարկելու ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությանը, մինչեւ որ օդանավակայանը չմարի բոլոր պարտքերը, Aravot.am-ին «Արմավիայի» մամլո ծառայությունից ասացին. «Քանի որ ներառյալ երկուշաբթին ոչ աշխատանքային օրեր էին, ապա «Զվարթնոց» օդանավակայանի հանդեպ «Արմավիայի» ընթացիկ պարտքերի վճարումը ժամանակին չի հասել: Տվյալ գումարը կհասնի 2-3 օրում, այլ կերպ հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով, դա օդանավակայանի կողմից ընդամենը նախազգուշացում է: Այսօր, տոնական օրերի նախաշեմին օդանավակայանն ուզում է, որպեսզի «Արմավիան» կատարի կանխավճար, քանի որ հաջորդ օրերն էլ կրկին լինելու են ոչ աշխատանքային: Դա նույնպես հնարավոր չէ: Իսկ Ազգային ավիափոխադրող «Արմավիային» զգուշացնել նման կերպ` ուղեւորների համար ստեղծելով անհարմարություններ` անկախության օրվա նախաշեմին, ճիշտ չէ»:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-«Զվարթնոց» հակամարտությունը «սառեցվել» էր այն պայմանով, որ ազգային ավիափոխադրողը մաս-մաս կմարի օդանավակայանին ունեցած պարտքը: Եվ, ըստ «Արմավիայի», իրենք համաձայն պլանի, պարտաճանաչ կատարում են իրենց վճարումները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ. Տեղեկացնենք նաեւ, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որում, մասնավորապես, ասվում էր. «Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն, ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ»: