Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթի հանձնաժողովի նախագահ Վահե Բավեյանը հայտնեց, որ այս տարի մրցույթներին մասնակցում են տնօրեններ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներից: Ներկա տնօրենները ներկայացրեցին իրենց ղեկավարման ընթացքում գրանցված կրթական եւ տնտեսական հաջողությունները՝ պատասխանելով հարցաթերթիկում ներառված հարցերին: Պատասխանների հիման վրա հանձնաժողովը ընտրելու է տարվա լավագույն տնօրենին, ում անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցիչների օրը:
Ներկայացնելով իր գործունեությունը եւ դպրոցում ունեցած ներդրումը՝ Լոռու մարզի Վանաձորի թիվ քսանհինգ միջնակարգ դպրոցի տնօրեն Սիլվա Ճաղարյանը նշեց, որ վերանորոգվել եւ կահավորվել են դպրոցի բոլոր դասասենյակները. «Բացվել է համակարգչային երկու սենյակ: Թաղամասում ընտանիքների միայն 20 տոկոսն է ապահովված համակարգիչներով, բայց դասասենյակների շնորհիվ երեխաները կարողանում են ստանալ ինֆորմատիկա առարկայի անհրաժեշտ գիտելիքները»:
Տնօրենի խոսքով՝ նախկինում ցանկապատ չունեցած դպրոցի բակում ծեծկռտուքի ու գարեջրի շշերի հետքեր էին գտնվում, սակայն ցանկապատումից հետո խնդիրը լուծվեց. «Դպրոցի բակում աշակերտների ջանքերով նաեւ ծառատունկ է իրականացվել: Թաղամասի ընտանիքների մեծ մասի հայրերը մեկնել են արտագնա աշխատանքի եւ ընտանիքների ղեկավարներն այժմ կանայք են: Նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով դպրոցի ճաշարանում շուրջ 320 աշակերտ տաք սնունդ է ստանում»:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանն ասաց, որ ղեկավարման ընթացքում շեշտը դնում է աշակերտների հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության վրա. «Դպրոցը տվել է երեսուն ազատամարտիկ, որոնցից տասն իրենց կյանքը զոհել են Արցախյան պատերազմի ընթացքում: Ունենք Դուշմանի անվան ռազմական կաբինետ»:
Կարդացեք նաև
Գալստյանը հավելեց, որ դպրոցն ապահովված է համապատասխան գույքով կահավորված մարզադահլիճով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ