Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն այսօր ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից։ Մինչ այդ կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հորդորով որոշվեց աշխատանքից ազատել գնումների աջակցման կենտրոնի պատասխանատուներին` ստորաբաժանումների ղեկավարներից մինչեւ տնօրեններ եւ տեղակալներ:
Aravot.am-ը ԲՀԿ անդամ եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, արդյոք
միայն անձերի փոփոխությունով պետգնումների ոլորտում կոռուպցիան կվերանա՞: «Պետք է համակարգային փոփոխություն լինի: Այսինքն եթե ինչ-որ բան գնումների գործընթացում ճիշտ չի կատարվում, ուրեմն դա շուկայի անկատարության մաս է կազմում: Այսինքն` ոչ միայն կանոնակարգերի եւ նորմատիվների հետ է կապված խնդիրը, այլեւ շուկայում ստեղծված ստատուս քվոն է: Այսինքն` եթե որեւէ ոլորտում ծավալային հավելագրումներ են անում, եւ շուկան ընդունում է դա, նշանակում է` շուկայում առաջանում է մի հատ նոր արդյունք, որը որ շուկայական ազատ մրցակցությանը հարիր չէ, բայց շուկան ընդունում է դրանց: Ես գտնում եմ, որ առանձին կադրեր միայն փոխելով կարող է որոշակի բարելավումներ լինել, բայց համակարգային լուծումներ են պետք` մրցակցային դաշտը պետք է բարեփոխվի, որոպեսզի ազատ մրցակցություն լինի»,-նման կարծիք հայտնեց ԲՀԿ անդամը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, եթե ամբողջ համակարգը հիվանդ է, իսկ պետգնումներն այդ հիվանդ համակարգի մի մասնիկն է, ապա միայն գնումների ոլորտն առողջացնելով, ոչինչ չի փոխվի. «Օրինակ` օրենքը թույլ է տալիս անցկացնել մրցույթ, բայց էդ մրցույթի կազմակերպման բովանդակությունը շուկայական չէ»:
Պարոն Մելքումյանը պետգնումների ոլորտի խնդիրների լուծման իր տարբերակն առաջարկեց. «Ես կողմնակից եմ, որ գնումների համակարգը պրոֆեսիոնալ, միջազգային հեղինակություն ունեցող օպերատորի տան, ոչ թե պետությունը մասնակցի գնումներ կազմակերպելուն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ