Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը դիմել է Արդարադատության խորհրդին՝ դատավորի հարցով

Սեպտեմբեր 20,2012 17:24

նկարը՝ court.am-ի

«Օլիմպ» արտադրական  կոոպերատիվի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Տիգրան Հայրապետյանը դիմել է

ՀՀ արդարադատության խորհրդին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի վարքագծի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան:

Դատավոր Գ.Կարախանյանի կողմից 22.06.2012թ.-ին հայցադիմումը ընդունվել է վարույթ:

Դատավորին փաստաբանը հայտնել էր ինքնաբացարկ՝ նրա անաչառության և անկողմնակալության վերաբերյալ կասկած հայտնելով: Դատավորը մերժել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Տիգրան Հայրապետյանը ասում է, որ նախկին «Միլանո» խանութի շենքի օտարման հարցերով նույն դատավորն արդեն երկու անգամ գործ էր լսել և երկու անգամն էլ որոշում էր կայացրել ի վնաս գույքի սեփականատիրոջ: Ընդ որում՝ մեկ անգամ գործը քննվել էր առանց սեփականատիրոջ մասնակցության, ով չէր ստացել դատական ծանուցումը, և գործը ավարտվել էր 15-20 րոպեում, որի ընթացքում հնարավոր չէր անգամ արագ թերթել գործի նյութերը:

Մյուս գործով դատավոր Գ.Կարախանյանը համառորեն չէր ցանկացել նույն գույքի սեփականատիրոջ հայցը ընդունել վարույթ և 3 անգամ մերժվեց հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդությունը, ինչի արդյունքում քանդվեց այն գույքը, որի նկատմամբ ցանկանում էր սեփականություն ձեռք բերել նախկին սեփականատերը: Ըստ փաստաբանի, գործը դեռևս դատարանում չքննված՝ փաստացի դատական պաշտպանությունը դարձել է անիմաստ:

Փաստաբանը դիմելով ԱԽ-ին, գրել է, որ եթե դատավորի այս բոլոր գործողությունները եղել են բացարձակ օրինական և հիմնավոր, միևնույն է՝ այս հանգամանքների ուժով հայցվոր կողմի մոտ առաջացել են կասկածներ այս գործով նրա անաչառության և անկոմնակալության շուրջ, քանի որ այս հանգամանքները ցանկացած անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող են կասկածներ հարուցել դատավորի ամկողմնակալության վերաբերյալ: Այսպիսով, դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, որը չի կատարել, հետևաբար դատավորը չի առաջնորդվել օրենքով:

«Օլիմպի» ներկայացուցիչը խնդրում է ԱԽ-ից՝ կարգապահական վարույթ հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930