«Ազգային գաղափարներն անկախ գերիշխող լինելուց՝ հզոր ներուժ են եւ կրիտիկական պահերին լուծում են հանրության առջեւ դրված խնդիրները»,-այսօր ԵՊՀ-ում կայացած գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Ադրբեջանի «ազգային գաղափարախոսությունը» թեմայով:
«Այնպես ենք զարմանում Սաֆարովին մեծարելու վրա, կարծես առաջին անգամ ենք նման բանի ականատես լինում: Նույնը տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ մարդասպանի մորը թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շնորհակալություն էին հայտնում նման որդի դաստիարակելու համար: Ադրբեջանի պարագայում գործ ունենք խրոնիկական հիվանդության հետ, որը ծառայում է իրենց շահերին: Իսկ թե եղածը ինչպես կընկալի աշխարհը, այդ պետությանը չի հուզում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում, այսպես կոչված, «ազգային գաղափարախոսության» հիմքում ազգի միավորման համար դրված է հայատյացության մեխանիզմը. «Ըստ դրա՝ եթե խնդիր ունես, ուրեմն կարող ես այն լուծել հայ սպանելով: Առաջին հայացքից ծիծաղելի է, բայց Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում հայատյացության քաղաքականության մշակման վրա: Երբ խնդիրը բարձրացվեց, հայկական էլիտայի մի մասն ասաց, թե դա մեզ չի սպառնում, մինչդեռ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայն այսօր վտանգված է»:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանը հավելեց, որ Ադրբեջանում Ալիեւից դժգոհ ազգային փոքրամասնություններին փորձում են լռեցնել հայատյացություն սերմանելու միջոցով՝ որպես թշնամի ներկայացնելով հային. «Դա «փշրվող» ազգային գաղափարախոսություն է, բայց քանի դեռ Ադրբեջանն այն գործի է դրել, Հայաստանը առարկայական սպառնալիքի տակ է: Բայց եթե այդ պահը ճիշտ օգտագործենք, փլատակների տակ Ադրբեջանը կմնա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ