Լրահոս
Օրվա լրահոսը

Բանդայի հայտնի գործի մասին. «Արտուշ Հակոբյանին կարողացան կպցնել այդ խմբի հետ և դատարան ուղարկել»

Սեպտեմբեր 20,2012 17:10

 

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Իսկ օրեր առաջ Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի ու Դավիթ Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը տեղեկացրել էր, որ ինքը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ քրեական գործի նախաքննությունը վերսկսվի, քանի որ թերի և մակերեսային քննություն է կատարվել, քննությունը, ըստ էության, չի կատարվել:Սակայն միջնորդությունը մերժվել էր և ավելին, մի քանի օր հետո գործը ուղարկվել է դատարան:

Aravot.am-ը այս կապակցությամբ մեկնաբանություններ ստացավ Հ. Արսենյանից: Նա նշեց. «Ինչ արած, իրենց իրավունքն էր, արել են: Սակայն ես հիմա էլ այն համոզման եմ, որ Արտուշ Հակոբյանն այդ ամենի հետ կապ չունի և մեղավոր չէ և շարունակելու եմ նրա շահերը պաշտպանել»:

Մեկնաբանելով կատարվածը, պարոն Արսենյանը նկատեց. «Կալանքի ժամկետը լրանում էր, ուստի պիտի հասցնեին գործը մտցնել դատարան, քանի որ նախնական կալանքի տակ մեկ տարուց ավելի պահել չի կարելի: Դատարանին էլ պետք է միջնորդեմ, որ պահանջի բջջային օպերատորների մուտքի ու ելքի վերծանումները: Միջնորդեմ, որ ոստիկանապետը, երբ ասուլիսներ էր տալիս և Արտուշ Հակոբյանին կազմակերպիչ և բանդայի ղեկավար էր համարում, դրա վերաբերյալ գործի նյութերում որևէ փաստական ապացույց գոյություն չունի»:

Հ. Արսենյանն այս գործում ենթատեքստ տեսնում է և նշում. «Իհարկե, կան ենթատեքստեր: Նախկին ոստիկանապետի վրա խնդիր էր դրված, որ կարողանար բացահայտել այդ հանցագործությունը: Կարծում եմ, որ օպերատիվ գործը կազմվել էր Արտուշ Հակոբյանի նկատմամբ, քանի որ նա չկար այդտեղ, պետք էր հնարավոր ամեն ինչ անել, որ ռեալիզացնեին, և Արտուշ Հակոբյանին կարողացան կպցնել այդ խմբի հետ և դատարան ուղարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930