Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Նալչաջյան. խաբեբաները, չինովնիկներն ու կաշառակերները ավերում են երկիրը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2012 17:03

Ինչպես հաղորդել էինք, այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակին:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը ներկայացրեց «Էթնոհոգեբանությունը և ազգային գաղափարախոսությունը» թեմայով զեկույց: Նալչաջյանի խոսքով` հայ ազգը պետք է ամրագրի ազգային գաղափար հասկացությունը` հիմքում ունենալով ազգային էթնիկական պատկերը. «Առաջնահերթ, ազգային գաղափարը պետք է ներկայացնի այն ազգային արժեքները, որոնց պահպանության համար պետք է պայքարել: Կարեւոր է արդարության սկզբունքը, որը պետք է համատեղվի հավասարության սկզբունքի հետ: Մյուս արժեքը ճշմարտությունն է կամ ազնվությունը: Այսօր մարդկանց մեծ մասը ղեկավարվում է խորամանկության սկզբունքով՝ կարծելով, թե խելացի է: Ներկայումս Հայաստանում կա մի քանի հարյուր հազար խաբեբա, կաշառակեր չինովնիկ եւ առեւտրական, որոնք ավերում են երկիրը: Նրանց պատկերացմամբ՝ խելքը եւ խորամանկությունը նույն հասկացությունն է: Նման պայմաններում ազգային գաղափարախոսության ընդունման հույս չկա»:

Պարոն Նալչաջյանը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, «էթնիկական տնտեսություն», որը կամբողջացնի հայի կարողությունները՝ ոլորտին համապատասխան. «Որոշ տվյալներով՝ աշխարհում տասը հազար հայ ոսկերիչ կա: Դա նշանակում է, որ մենք տիրապետում ենք այդ նուրբ եւ բարձր արվեստին: Առհասարակ, շրջափակման պայմաններում մենք պետք է զարգացնենք տնտեսության բոլոր բնագավառները՝ առաջնահերթ շեշտը դնելով հեռանկարային ուղղությունների վրա»:

Զեկուցողը նաեւ ասաց, որ ազգային գաղափարախոսության ստեղծման մյուս կարեւոր հիմքը ազգային սիմվոլների հարցն է. «Երեխաները դեռեւս դպրոցից պետք է ճանաչեն ազգային սիմվոլները, որոնց նկատմամբ դրսեւորվող պաշտամունքային վերաբերմունքը ազգի հոգեկերտվածքն ապահովելու միջոցներից է: Անհրաժեշտ է տարանջատել, թե, օրինակ, որ սիմվոլիկան է պետք մեզ եւ թե որքանով են այլ երկրից եկած քրիստոնեական սիմվոլները համապատասխանում մեր ազգին»:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը հանդես եկավ Ազգային գաղափարախոսությունը որպես տեղեկատվական անվտանգության հայեցակարգային հենք. տեղեկատվական անվտանգության գաղափարախոսության կառուցակցման արդի հիմնախնդիրները» խորագրով զեկույցով: Նա նկատեց, որ ներկայումս ընդհանուր մակարդակով խոսվում է ազգային գաղափարախոսություն ունենալու մասին, միչդեռ 20 տարի առաջ հանրությունը խնդրի մասին չէր խոսում. «Ընկնելով պատմության գիրկը՝ սիրում ենք մեզ գովերգել՝ ունակություններն օբյեկտիվ գնահատելու փոխարեն: Որպես սուբյեկտ մենք գիտենք պատմական ճշմարտությունը, սակայն չունենք լծակներ՝ արդարության հաստատման համար: Ադրբեջանի վերջին քայլերից պարզ է, որ նա նոր է ձեւավորում գաղափարական ակտիվությունը, ինչը մեզանում վաղուց է առկա: Մինչդեռ մենք չունենք համապատասխան դիվանագիտական լծակներ եւ խելք, իսկ դիվանագիտական հաղթանակների բացակայությունը հանգեցրեց սպորտային հաղթանակերի քաղաքականացմանը»:

Աթանեսյանի համոզմամբ, տեղեկատվական անվտանգության ապահովման համար առաջնահերթ ազգային գաղափարախոսությունն է կարեւոր. «Ցավալի է, որ մեր Անվտանգության խորհուրդը տեղեկատվական անվտանգության դոկտրինն արտագրեց Ռուսաստանի դոկտրինի տեքստից, որն այդ պետության գաղափարն է արտահայտում: Օրինակ՝ Ռուսաստանի դոկտրինում ՆԱՏՕ-ն ներկայացված է որպես խոշոր թշնամի: Հայաստանի պարագայում պետք է տարանջատել մեր բարեկամին եւ թշնամուն: Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արդարացում է համարվում այն հանգամանքը, որ վերջինս չեզոք պետություն է, սակայն հաշվի առնենք, որ չեզոք պետությանը հեշտ է բարեկամ դարձնել»:

Քաղաքագետի պնդմամբ՝ առանձնակի նշանակություն ունի ազգային հիշողությունը. «Պետք չէ մեզ անվանել առեւտրական եւ վաճառական ազգ. այսօր հայրենասիրություն հասկացությունը դեֆիցիտի մեջ է, քանի որ չենք վստահում միմյանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930