Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում ընտրված գյուղապետերի մեծ մասը Հանրապետականներ են

Սեպտեմբեր 20,2012 16:40

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզի 86 համայնքներում կայացած համայնքապետի ղեկավարի ընտրություններից 68-ը վերընտրվել են, նոր գյուղապետերը ընդամենը `18-ն են:

Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ-ն` նախկին 43-ի փոխարեն այս անգամ Շիրակի մարզում ՀՀԿ-ական գյուղապետերի թիվը դարձել է 49-ը: ԲՀԿ-ն էլ պակաս ջանքեր չի գործադրում իր դիրքերն այս մարզում ամրապնդելու համար. նախկին 2-ի փոխարեն այժմ կան 6 ԲՀԿ-ական համայնքապետեր:

Փոխարենը, ՀՅԴ-ն է զիջում իր դիրքերը. նախկին 8 գյուղապետերի փոխարեն ընտրվել են 7-ը: Ի դեպ, թեև տարբեր համայնքներում 7 կանայք պայքարում էին գյուղապետ դառնալու համար, սակայն նրանցից վերընտրվել է ընդամենը մեկը` Արգենադեմի գյուղապետը: «Ունենք 18 նոր համայնքապետեր, 6 համայնքապետեր իրենց թեկնածությունը չեն առաջադրել, դրանք են` Գյումրի, Գետափ, Հայկաձոր, Շիրակավան, Սարագյուղ, Վարդաղբյուր, 2-ն էլ իրենց թեկնածությունները հանել են, առաջադրվել, հետագայում հանել են, դրանք են` Մեծ Մանթաշը և Սարալանջը, իսկ 10 համայնքերի ղեկավարներ մրցակցության արդյունքում չեն ընտրվել: Դրանք են Արթիկը, Հոռոմը, Բենիամինը, Կրաշենը, Հացիկը, Ոսկեհասկը, Աղինը, Լանջիկը, Ղազանչին»,-տեղեկացրեց մարզպետարանի պաշտոնյան:

Նա նաև ասաց, որ թվով 22 համայնքներում ընտրապայքար չի եղել, գրանցվելուց ու հետագայում ինքնաբացարկ հայտնելուց հետո՝ մնացել են մեկական թեկնածուներ:

Թեժ մրցակցություն է եղել Արթիկում, Մեծ Մանթաշում, Ոսկեհասկում, Ազատանում, Մարմաշենում և այլուր:

Նշենք, որ որոշակի միջադեպեր են գրանցվել Լանջիկում, այստեղ առաջադրված երկու թեկնածուների կողմնակիցների միջև նախընտրական «ռազբորկաներ» են տեղի ունեցել, ու երկուստեք ընկել են ոստիկանության դռները: Այս համայնքում պայքարում էին երկու ՀՀԿ-ականներ` գյուղապետ Սեդրակ Առաքելյանն ու դպրոցի տնօրենի որդին` Արա Մարդոյանը:

Իսկ Ազատանում, ըստ գյուղացիների, նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Կարուշ Ազատյանը իրեն սատարելու համար հավաքել է ռուսաստանաբնակ ազդեցիկ ազատանցիներին ու խոպանչիներին: Նա այդուհանդերձ չի կարողացել հաղթանակ տանել` պարտվելով գործող գյուղապետ, դարձյալ ՀՀԿ-ական Վարդան Իկլիկյանին: «Այդպիսի խոսակցություններ ես էլ եմ լսել, ընտրությունները շատ նորմալ են անցել, եթե նախկին համայնքի ղեկավարը էդպիսի բան արած լիներ , ապա ձայների մեծ տարբերությամբ կանցներ, բայց էդպես չէ: Էդ նույն խոպանիստը Ազատան գյուղի բնակիչ է, էն մեկի քավորն է, սանիկն է, հարևանն է, կամ մեկը մյուսին ճանաչող մարդիկ են, էդ խոպանիստը պետք է գա անպայման էդ մի թեկնածուին ձայն տա՞: Ձայների մեծ առավելությամբ անցել է գործող համայնքապետը, եթե այդպիսի լուրջ քայլ ձեռնարկած լիներ նախկին համայնքի ղեկավարը, բնականաբար պետք է ինքը անցած լիներ:Իսկ եթե չի անցել, նշանակում է էդպիսի քայլեր չեն եղել, բայց խոսակցություններ եղել են, պտտվել են տարբեր տիպի` ասենք տղան Ռուսաստանից տարբեր տիպի ակտիվ աշխատանքներ է կատարել , կամ խոպանիստներին ոտքի են հանել և այլն և այլն», -մեր տեղեկությունները հաստատեց մարզպետարանի պաշտոնյան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930