Այսօր «Տեսակետ» ակումբում անկախության ձեռքբերումների մասին խոսեց դերասան Երվանդ Մանարյանը: Նրա կարծիքով այն, ինչ ձեռք ենք բերել` եղել է դարերի երազանք:
Երվանդ Մանարյանի խոսքով, մենք մի շփոթություն ունեցանք անկախությունից հետո եւ բոլոր հարցերում մեզ ազատ զգացինք. «Չի կարելի այդ աստիճան անկախ զգալ: Դա մեզ համար պետք է կառուցման համար հիմք լիներ: Հիմա ավելի քիչ ենք կառուցում, հիմա ավելի քիչ ենք մտածում մեր երկրի մասին, մտածում ենք միայն մեր հանգստի մասին, ի դեպ` դա էլ ենք վատ անում: Մեր երկիրը պետք է խաղաղ դուրս գա աշխարհի այսօրվա թոհ ու բոհից: Մենք համառորեն մնում ենք: Աստված եթե այդ հնարավորությունը տալիս է մեզ, պետք է մտածված օգտագործենք»:
Մանարյանը խոսեց նաեւ ներքաղաքական իրավիճակի մասին: Նա համոզված է` չի կարող չլինել իշխանություն ու ընդդիմություն: Ընդդիմությունը նրա համար չէ, որ իշխանությանը նեղը դնի, հակառակը, ստիպում է, որ ավելի ճիշտ գործի:
«Երկիրը պատմականորեն ճիշտ վիճակում է, բոլորն են այս դժվարությունների առաջ կանգնում, սակայն, մեր բնավորությունից ելնելով, ավելի է ընդգծվում: Պետք է իմանանք, որ հուսահատվել չի կարելի, ու եթե գտնում ենք, որ իշխանությունը չի անում այն, ինչ որ պետք է, ապա աչքաթող չպետք է արվի»:
Դերասանը տարօրինակ է համարում, որ ղեկավարելուց հինգ տարի հետո միայն Սերժ Սարգսյանը գլխի ընկավ կառավարության թերությունների մասին: Եթե ասենք, որ նախագահի արարքը ընտրությունների հետ կապ չուներ, կստացվի միամիտի տեղ ենք դնում. «Իհարկե կապ ունի, շատ տարօրինակ կլիներ, որ կապ չունենար: Չի կարելի հակառակորդի քայլերը թերագնահատել»:
Երվանդ Մանարյանը շնորհակալ է Իլհամ Ալիեւին` Ռամիլ Սաֆարովին ետ վերադարձնելու համար: Իր խոսքով, Ադրբեջանի նախագահը վերջնականորեն փակեց բոլոր ճանապարհները:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ