Հայաստանում շատ շուտով բջջային հեռախոսի նոր ֆունկցիայի միջոցով, որը կոչվում է SOS, հնարավոր կլինի հետևել երեխային:
Այդ ֆունկցիան հիմնականում ծնողների համար է, ովքեր ցանկանում են մշտապես հետևել իրենց երեխաների շարժին, անցուդարձին: Սա մեկն է այն ֆունկցիաներից, որը ներառված է «Մոբայլ Լոկատոր» ծրագրում: Արտերկրում նման ծրագրեր կիրառվում են արդեն տարիներ շարունակ, սակայն հայաստանյան իրականության մեջ այդ հնարավորությունը նորարարություն է:
Ծրագիրը գրել են «Լոկատոր» ընկերության հայ մասնագետները: Նշենք, որ ընկերությունը 2006թ.-ից Հայաստանում առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա ընկերության մասնագետների կողմից ստեղծված Հայաստանի մանրամասն քարտեզը հնարավորություն է տալիս մեծ ճշգրտությամբ որոշել վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը: Նման համակարգեր օգտագործում են տաքսի, առաքման ծառայությունները, բանկային, ինկասացիոն կազմակերպությունները, և այլն:
«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում «Լոկատոր» ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Վլադիմիր Սոֆյանն ասաց, որ բջջային հեռախոսների համար նախատեսված նոր ծրագիրը հնարավորությունների մի ամբողջ շարք է առաջարկում բջջային հեռախոսի միջոցով, ինչը նորարարություն է հայաստանյան իրականության համար:
Կարդացեք նաև
«Նոր ծրագիրը բազմաթիվ ֆունկցիաներ է ունենալու, այն որոշելու է մարդու գտնվելու վայրը և դրանից կախված ներկայացնելու է մոտակա խանութների առաջարկներն և զեղչերը: Նոր ծրագիրը կունենա նաև հիշեցման ֆունկցիա (reminder): Այն, սակայն, ոչ թե սովորական հիշեցում է` ժամային պայմանավորվածությունների մասին, կամ ոչ միայն «զարթուցիչի» դեր է կատարում, այլև մարդուն հիշեցնում է իր գտնվելու վայրի հետ կապված անելիքները:
Օրինակ, եթե դուք գտնվում եք որևէ դեղատան մոտ, ապա հեռախոսը ձեզ կարող է հիշեցնել, որ պետք է դեղ գնեք»,- ասաց Վ. Սոֆյանը: Նրա խոսքով` ներկայումս աշխարհում սկսել է զարգանալ գովազդի նոր տեսակ` բջջայինի տեղակայումից կախված գովազդը` mobile location based advertisement, որը հնարավորություն է տալիս բջջային հեռախոս օգտագործողին անմիջապես տեղեկանալ, թե իրեն մոտ գտնվող խանութն ինչպիսի զեղչեր է առաջարկում: Այսինքն` նշյալ զեղչերի մասին մարդը տեղեկանում է միայն այն դեպքում, եթե նա գտնվում է այդ խանութի հարակից տարածքում: «Մոբայլ Լոկատոր» ծրագրի միջոցով կարելի է տեղեկանալ ոչ միայն մոտակա դեղատների, խանութների, հյուրանոցների, այլև տարբեր շինությունների մասին, և այլն:
Նոր ծրագրի մասին մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև մասնագետից` վեբ ծրագրավորող Վարդան Գրիգորյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ուրախ է այն փաստի կապակցությամբ, որ արդեն Հայաստանում ևս հնարավոր կլինի օգտվել նման ծառայությունից: «Հուսով եմ` ստեղծողները նախապես հաշվի կառնեն նման ծրագիրը բացասական կողմով օգտագործելու բոլոր հնարավոր տարբերակները, և դրանց դեմ լուծումներ կլինեն: Մասնավորապես, շատ կարևոր է, որ առանց հեռախոսի տիրոջ համաձայնության, երրորդ անձինք չկարողանան օգտագործել այդ ծրագիրը: Ծնողների կողմից երեխաներին հսկելու գործընթացը, թերևս, ամենատրիվիալը կարող է լինել, սակայն ենթադրում եմ, որ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր կցանկանան հետևել իրենց ծանոթին, բարեկամին, ընկերուհուն, ընկերոջը, և այլն:
Շատ եմ կարևորում նման հնարավորության բացակայությունը: Մարդը պետք է նաև պաշտպանված լինի: Եվ վերջին շատ կարևոր փաստը տվյալների արտահոսքի վտանգն է: Տվյալների պաշտպանվածությունը և դրանց անհասանելիությունը երրորդ անձանց պետք է լինի առավելագույն չափով»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ Վ. Գրիգորյանի` ծրագիրը կօգնի նաև գողացված հեռախոսը գտնել. «Չգիտեմ` արդյոք դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Կարծում եմ` ծրագիրը նաև բազմաթիվ տարակարծություններ կարող է առաջացնել մարդկանց շրջանում: Անձամբ ես չեմ օգտվի նման ծրագրից` չցանկանալով հսկել որևէ մեկին, ու, առավել ևս, վերահսկվել այլ մարդկանց կողմից»:
Նշենք, որ նոր ծրագիրը սկզբում կաշխատի միայն Android օպերացիոն համակարգով, սակայն շուտով այն հասանելի կլինի նաև iPhone սմարթֆոնների համար, այսինքն` iOS համակարգերի համար:
Ծրագիրը կլինի եռալեզու` հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն նախևառաջ կթողարկվի ծրագրի անգլերեն տարբերակը: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է իրականացնել Digitec ամենամյա ցուցահանդեսի ժամանակ` հոկտեմբերին: Իսկ, թե որքան կարժենա նոր ծրագիրը` նախաձեռնողներն այդ մասին դեռևս չեն նշում, սակայն հավաստիացնում են, որ` բավական մատչելի:
Նշենք, որ դրսում նման ծառայությունները ներկայացնում են բջջային օպերատորները` MegaFon-ը, T-Mobile-ը և այլք: Մեր երկրում ծրագիրը, հնարավոր է, թողարկվի առանց բջջային օպերատորների հետ համագործակցության: