Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը

Սեպտեմբեր 20,2012 16:12

Գագիկ Մարտիրոսյանը կասկածվում է պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, տեղեկացնելով, որ նա ձերբակալվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

Օրեր առաջ նույն այս գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Վերջինս 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2010թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանումը: Եվ, ըստ նախաքննական մարմնի, 2007-2009թթ. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնեական փաստաթղթերում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում Առաքելյանը կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Մեր ունեցած տեղեկություններով, բացի Գագիկ Մարտիրոսյանից, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է նաև կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման նախկին ղեկավար Ժիրայր Ստեփանյանը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930