Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության առնվեցին Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, ՙորովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության՚ (Ա Կոր.14:3)»: