ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 6-ին կազմակերպվում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ սա ոչ միայն գինու փառատոնի տոն է, այլ նաև՝ բերքի, անհրաժեշտ է գրագետ ու մասնագիտորեն անցկացնել փառատոնը.
«Գինին կհամտեսվի հատուկ բաժակներով, որոնք կարժենան 700 դրամ և վերջում ի հիշատակ ժողովուրդը իր հետ կտանի բաժակները: Բաժակները տեղի բնակիչների ձեռքի աշխատանքներն են, դրանք կավից են, Արենին անգամ նման կերպ փորձում է աշխատատեղեր ստեղծել»:
Փառատոնի կազմակերպման նպատակն է՝ խթանել գյուղական տուրիզմի զարգացմումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները, նպաստել Արենի համայնքում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնը նաև միտված է ներկայացնելու Հայաստանը միջազգային և ներքին զբոսաշրջության շուկայում՝ որպես գրավիչ զբոսավայր, ինչպես նաև միջազգային գինեգործության շուկայում՝ որպես գինեգործության օրրան և գինեգործության մշակույթի կարևորագույն վայր:
Կարդացեք նաև
Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թ.-ին: Անցած 3 տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:
2011թ.-ին Գինու փառատոնի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 6000 հոգի:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ փառատոները ինքնանպատակ չեն, այլ ունեն մշակույթը ցույց տալու ձև ու նպատակ, մարդիկ շփվում են ընդհանուր սեղանի շուրջ և տոնում: Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տեղի բնակիչը շահույթ ստանա, բերքի, բնամթերքի և գինու ոլորտում»:
Սեդրակ Մամուլյանն ասում է, որ փառատոների թիվը գնալով կավելանա, կկազմակերպվեն մի քանի լավ փառատոներ, իսկ մոտակա ժամանակներս հանդես կգան մի հայտարարությամբ, ըստ որի հկ-ի շուրջ կհամախմբվեն այլ հասարակական կազմակերպություններ և որակով կազմակերպելու խնդիր կդնեն: Մամուլյանը կարծում է, որ ամեն ինչի համար պետք է վճարվի, նրանք ամեն անգամ չեն կարող ռեստորաններին համախմբել իրենց շուրջը, դա մեծ ու ծանր բեռ է, անվճար անհնար է, ժողովուրդը պետք է վճարի և զվարճանա:
ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ նման փառատոները ռեգիոնալ զարգացման առանցքներում են. «Սա գինեգործության կրկնակի արժևորումն է, միայն Արենի գյուղի փառատոնը չէ, այլ ընդհանրապես գինու փառատոնն է Հայաստանում, այլ երկրները դա շատ են արժեւորում, սա լավ առիթ է, որ ուղղակի լավ շաբաթ-կիրակի անցկացնեք և խթան կդառնա գինեգործության, ներքին և արտաքին տուրիզմի զարգացման համար»:
Վայոց Ձորի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ
Արամ Գրիգորյանի պնդմամբ, զբոսաշրջությունը խթանելու համար են կազմակերպվում նման տոները և Արենին աշխարհի ամենահին գինու արտադրության կետերից մեկն է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ