«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել, եթե, իհարկե, ընդհանրապես որոշի թեկնածու լինել, ինչում ես նույնպես կասկածում եմ»,- ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսպես էր պատասխանել մեր հարցին, թե ինչքանով է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն` նախագահական ընտրություններում:
Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, մեկնաբանելով Վահան Հովհաննիսյանի տեսակետը` վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել այն պատճառով, որ ՀԱԿ-ը չի ուզենա իրեն վարկաբեկել. «Ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը` որպես ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միասնական թեկնածու, դա շինծու, արհեստական մի բանաձեւ է, որը իր մեջ որեւէ տրամաբանություն, իրականություն, հիմք չունի: Չգիտեմ ով է դա տարածում, բայց երեւի սա տարածում են` հենց ՀԱԿ-ին վարկաբեկելու համար: Բայց եթե մի բան տարածում են ՀԱԿ-ը վարկաբեկելու համար, ուրեմն ՀԱԿ-ը չի կարող ինքն իրեն վարկաբեկել եւ Ռոբերտ Քոչարյանին փորձի աջակցել: Ռոբերտ Քոչարյանին միշտ ՀԱԿ-ը համարել է համար մեկ պատասխանատու «Մարտի 1»-ի սպանությունների համար, «Մարտի 1»-ի կեղծիքների եւ հետագա չարաշահումների համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ