Այսօր առավոտյան, ժամը 10:46 րոպեին, Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքից հյուսիս` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից վերին տարածքում, 180 մ հեռավորության վրա սողանքային երեւույթներ են ի հայտ եկել: Տվյալ հատվածում նախկինում սողանքային իրավիճակ երբեւէ չի եղել:
Ահազանգից հետո դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ 150 մ երկարությամբ եւ 170-180 մ լայնությամբ տարածքում սողանքային երեւույթներ են առաջացել:
Սյունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` տվյալ հատվածում, հողային զանգվածի ճաքեր եւ ներքին ջրերի հոսք է առաջացել: Հնարավոր փլուզման դեպքում հողային զանգվածը կարող է լցվել «Դինո գոլդի» տարածք կամ միջպետական ճանապարհի Կապան-Գորիս ճանապարհահատված, որը սողանքային գոտուց հեռու է ընդամենը 200 մ:
Այս պահին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը ժապավեններով սահմանափակել է սողանքային հատվածը, իսկ համապատասխան մասնագետները տեղում արդեն ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց արդյունքները կպարզվեն մոտակա օրերին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ