Վարդան Այվազյան-«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերություն հակամարտությունը շարունակվում է: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը երեկ հայտարարություն տարածեց և պարզաբանեց, թե Վ. Այվազյանի՝ իրենց դեմ հնչեցրած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար՝ հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Արդյունքում ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02), որը պետք է վճարի Վարդան Այվազյանը:
Իսկ թե արդյունքում իրավաբանական ինչ նրբություններ կան և ի վերջո այս գործում տուժող կողմը Վ. Այվազյա՞նն է, նշված ընկերությո՞ւնը, թե՞ հայ հասարակությունը, Aravot.am-ը փորձեց պարզել իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի հետ զրույցում: Նա նշեց. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության և Վարդան Այվազյանի միջև հարաբերություններն ինձ հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքրում է Վարդան Այվազյանի հանցավոր գործունեությունը Հայաստանի բնության հանդեպ: Ամերիկյան կազմակերպությունը, որը իր նման մի գող է, պետք է վճարի, թե ի՞նքը գումար պիտի վճարի, կամ պետք է վճարի՞, թե՞ ոչ, դրանք մեր հասարակությանը պետք է չհետաքրքրեն: Մեզ պետք է հետաքրքրի՝ այդ կոռուպցիոն գործարքի արդյունքում հասարակությունը որքա՞ն է տուժել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վճռին՝ Ա. Գրիգորյանը նկատեց. «Նյու Յորքի դատարանի կողմից պաշտպանված ընկերությունն էլ մի գող ընկերություն է, նույն հանցավոր վարքագծով է զբաղվում, ինչ Վարդան Այվազյանը: Նրանք իրար սազող բաներ են: Այլ հարց է, թե Վարդան Այվազյանը ինչպես պիտի դուրս գա Հայաստանի բնությանը հասցրած վնասի պատասխանատվության տակից: Նրան պետք է պատասխանատվության ենթարկել հենց այս հարցով, ոչ թե «Գլոբալ Գոլդ Մայնինգի» հետ կապված»:
Ա. Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրավաբանների շրջանում տարածված է այն կարծիքը, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև չկա դատական ակտերի փոխադարձ կատարումն ապահովող մեխանիզմ, ուստի խնդիր է առաջանալու տվյալ դատական ակտը կենսագործելու հարցում:
Մեր հարցին՝ եթե ամփոփենք՝ Վ. Այվազյանը որքա՞ն վնաս է տվել Հայաստանին, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Հաստատ Հայաստանին նրա պատճառած վնասները հարյուրավոր անգամներ ավելի շատ են, քան Նյու Յորքի դատարանի նշած գումարը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ