Վերջին ժամանակներում շատ է խոսվում հեռուստատեսության դերի և գործառույթների մասին, որի շուրջ հնչած կարծիքները տարբերվելով միմիանցից` բերում են բախման և թաքնված ներանձնային կոնֆլիկտների: Ոմանք պնդում են, որ հեռուստատեսության առաքելությունը հասարակությանը կրթելն ու դաստիարակելն է, ոմանք էլ համոզված են, որ այն պետք է կատարի միայն տեղեկատվական ֆունկցիա` հանրությանն իրազեկելով երկրի ներսում և դրսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ և նման խնդիրների շուրջ փորձեցինք զրուցել «Մշակութային շրջանակ» հաղորդաշարի հեղինակ և վարող, ԵԹԿՊԻ դասախոս Էրիկ Բարսեղյանի հետ, որի համոզմամբ հեռուստահաղորդումը պետք է զերծ լինի ավելորդաբանություններից և եսակենտրոն հաղորդավարին գովազդելու մոլուցքից:
Վերջերս հեղինակային հեռուստահաղորդում եք պատրաստել: Ինչի՞ մասին է այն:
Հաղորդաշարը կոչվում է «Մշակութային շրջանակ», որը հեռարձակվում է «Կենտրոն» հեռուստաալիքով, եթերում է ընդամենը երկու ամիս: Հաղորդման միջոցով բանախոսների շուրթերով նկատում ու բարձրաձայնում եմ այն բացերն ու ձեռքբերումները, որոնք առաջնային են, արդյունավետ ու հայանպաստ մշակութային քաղաքականություն վարելու իմաստով: Խնդիրներ, որոնք գրանցվում կամ նկատվում են մշակույթի ոլորտում ընդհանրապես: Իսկ հաղորդման առավելությունն, ըստ իս, այն է, որ բացի թերությունները նկատելն ու մատնանշելը, առաջարկում ենք նաև տարբերակներ, լուծումներ` առաջացած խնդիրները շտկելու ուղղությամբ: Հյուրերին ընտրում եմ առաջնորդվելով «ազատ մարդ, ողջամիտ կարծիք» սկզբունքով: Խոսում ենք մարդու, քաղաքացու, կյանքի բացատրելի և անբացատրելի կողմերի մասին ու ստացվում է անկեղծ զրույց իր ոլորտը ներկայացնող ազնիվ պրոֆեսիոնալի հետ: Ահա և հաղորդման ողջ էությունը:
Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական հաղորդումը:
Ես գիտեմ, թե ինչպիսին չպիտի լինի իդեալական հաղորդումը: Հաղորդումը չպիտի լինի հեղինակի կամ հաղորդավարի PR-ի զոհը: Հաճախ կարող ես հանդիպել հաղորդումներ, երբ խոսում է հյուրը, բայց, չգիտես ինչու, ողջ հաղորդման ընթացում տեսախցիկը ցուցադրում է հաղորդավարի ապուշ, հիացած դեմքը: Կամ ասենք, հյուրի ոգևորված և խոսքի կուլմինացիոն պահին հաղորդավարն ընդհատում է ու ասենք արտահայտում մոտավորապես այսպիսի մի բան «հաաաաա~ հիշում եմ, երբ ես փոքր էի…»: Վերջ, հաղորդումը տապալված է: Կամ այդքան բռնաբարված «շնորհակալությունների» ու ծափերի շքերթը: Հաղորդման կեսից ավելին մեկը մյուսին շնորհակալություն է հայտնում ու ծափեր կորզում չգիտես ու՞մ կամ ինչի՞ համար: Ինչ վերաբերում է մեր նախագծին, ապա հաղորդման ընթացքում հյուրին ես տալիս եմ հստակ հարց ու ստանում կոնկրետ պատասխան, հաղորդման ընթացքում գրեթե չեմ երևում` մոնտաժի ժամանակ թողնելով միայն օրվա հյուրի պատասխանները: Նրանց մտքերն ինձ համար ավելի կարևոր են, քան իմ երևալու ծածուկ փափագը` այդ կարճ քսան րոպեների ընթացքում:
Ինչպիսի՞ն պետք է լինի արվեստագետը:
Ուսուցիչս` Հենրիկ Հովհաննիսյանը, մի առիթով ասաց. «Երբ կկարդաս մի գիրք, որտեղ չես գտնի քո փնտրածը, չտարակուսես, քանի որ այդ դեպքում նույնպես մի բան իմացար, իմացար, որ այդ գրքում քո փնտրած նյութը չկա: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ն պետք է լինի արվեստագետը, բայց գիտեմ, թե ինչպիսին չպետք է լինի արվեստագետը: Կան մարդիկ, որոնք ձախ ձեռքով աջ ականջ են բռնում ու իրենց համարում են արվեստագետ, սիրում են շատախոսել, շատ բողոքել, մեղադրել ուրիշին սեփական անհաջողություններում, շատ ծխել, շատ խմել, հատկապես անորակ օղի ու դառը սուրճ: Արվեստագետը չպիտի լինի անհաջողակ:
ԶԼՄ–ի դերը մեծ է կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններին սկիզբ տալու համար: Հաշտվո՞ւմ եք դրանց գործելաոճի հետ:
Հիմա բոլորս խոսում ենք սերիալների մասին` մոռանալով ԶԼՄ դաշտը: Իսկական աղետն էստեղ փնտրեք: Հիմնականում հիմար թեմաներ են լուսաբանում, նույնքան հիմար և բովանդակության հետ կապ չունեցող վերնագրերով` բառերի ոճաբանական ու իմաստաբանական այլանդակ ձևակերպումներով իմաստազրկում են լուսաբանվող թեման: Երբ մարդն ամեն օր տեսնում է, որ տասնյակ մարդիկ իրենց նետում են կամուրջներից, նրա ենթագիտակցության մեջ ձևավորվում է կարծիք, որ դա պրոբլեմներից ձերբազատվելու միջոց է, խնդիրները հաղթահարելու տարբերակ, ինչի հետևանքով ինքնասպանություններն ավելանում են, ոչ թե պակասում: Մարդիկ դարձել են նյարդային ու չեն էլ հասկանում, որ դրա պատճառը լրատվական դաշտի ամենաթողությունն է, ամենասկանդալային ու հիվանդ նյութի հեղինակը դառնալու մոլուցքը: Խոսքի ազատության քողի ներքո գրում ենք ամեն այլանդակություն` ակամա դառնալով այդ բացասական երևույթների «գովազդային գործակալը»: Չենք հասկանում, որ հասարակությունն ավելի լավը չի դառնա «սկեսրայրների կողմից բռնաբարված հարսներ», «երիտասարդի կողմից բռնաբարված տատիկներ», «ընտանիքի անդամներին մորթած թմրամոլներ» ու նման երևույթներ անընդհատ լսելով ու տեսնելով: Մի լրագրող կա, որն անընդհատ լուսանկարում է կամուրջներից նետվող մարդկանց ու ավտովթարներ: Ես լրջորեն հարցնում եմ. դրանից ավելացե՞լ, թե՞ պակասել են նման երևույթները: Պետք է ասի, թե իմ նպատակն ա՞յլ է: Պարզապես եղածը լուսաբանե՞լն է: Այդ դեպքում լուսաբանիր դրական բաներ, եղբայր: Դու հո սատանա՞ չես: Այնպես արա, որ նպատակդ ծառայի լավ նպատակի: Եվս մի բան: Օտար բառերով, հատկապես թուրքերենով ողողված է հայկական հեռուստալրատվության և ինտերնետային լրատվական դաշտը: Ես չեմ խոսում միջազգային բառերն անպայմանորեն հայերեն թարգմանելու մոլուցքի մասին: Բայց կան բառեր, որոնց կիրառումը, հատկապես ինտերնետում, երբ քեզ կարդում են, ոչ միայն քո երկրացիները, այլև այդքան «սիրելի» հարևաններդ, ռազմավարական նշանակության վրիպում է դառնում: Ինչ-որ մեկն ինձ կարող է բացատրել, այդ ի՞նչպես եղավ, որ Մեծ Հայքի ժամանակ այդ նահանգը կոչվում էր Արցախ/Արա թագավորի անտառներ/, իսկ հիմա Ղարաբաղ/սև հող, թուրք./: Ինչո՞ւ ենք ամեն գնով ամբողջ աշխարհին «համոզում», որ այո, դա թուրքերի սև հողն է, ոչ թե մեր Արայի անտառը: Տարածքի ազատագրումն այլ բան է, գրագետ ու հայանպաստ դիվանագիտություն վարելը՝ մեկ այլ բան: Այ սա է մեր այսօրվա լրատվությունն` իր ողջ հմայքով:
Ո՞րն է այդ ամենի ելքը:
Հույն փիլիսոփա Սոկրատն ասել է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Մինչև սա չիմանանք, ոչինչ չի փոխվի: Քանզի այդ գիտակցումից հետո է միայն ցանկություն առաջանում ճանաչելու իմաստություն և զխրատ, իմանալ զբան հաճարոյ:
Նկարագրեք ձեզ երեք բառով:
Մի հայկական կենաց կա. երջանիկ, չաղ ու բախտավոր:
Ի դեպ, ի՞նչ եք դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում:
Դասավանդում եմ ռեժիսուրա և դերասանական արվեստ առարկաները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Եվ ինչպիսի՞ դասախոս եք:
Այնպիսի, որը դասավանդման մեթոդիկային մոտենում է, ոչ թե դասախոսի, այլ ուսանողի աչքերով: Միայն այդ դեպքում կարելի է հետաքրքրություն առաջացնել ուսման, գիտելիքի հանդեպ:
Ո՞րն է հաջողությանը հասնելու ճանապարհը:
Պաոլո Կոելիոն ասում է. «Երբ ինչ-որ բանի շատ ես ձգտում, ողջ տիեզերքը օգնում է քեզ նպատակիդ հասնելու համար»:
Ինչպե՞ս կարելի է հարթել կարիերայի «քարքարոտ» ճանապարհը:
Մի առիթով Արմեն Ջիգարխանյանն ասաց. «Մարդը կենդանի է իր պրոբլեմներով»: Համակարծիք եմ վարպետի հետ: Մարդը հասունանում, թրծվում է հենց այդ խնդիրների հաղթահարման ճանապարհին: Կարծում եմ՝ այստեղ նույնպես պետք է շնորհակալ լինել քեզ մարդ դարձնող դժվարություններին:
Ինչպիսի՞ն եք դուք դժվարությունները հաղթահարելիս:
Անզիջում, ինքս ինձ հետ: Կարծում եմ, որ պայքարի ողջ էությունը սեփական թուլությունների հաղթահարումն է: Մարդն իր ողջ գիտակցական կյանքում հաղթում կամ պարտվում է ինքն իրեն: Իմաստասերներից մեկն ասել է. «Եթե պարտվել ես մենամարտում և դրա համար բացի քեզնից ոչ մեկին չես մեղադրում, ապա դա կլինի քո վերջին պարտությունը»: Կարևորն այն է, որ այդ դժվարությունների հաղթահարման ճանապարհին չչարանաս ո՜չ քո, ոչ էլ մարդկության հանդեպ: Եթե չարանաս, կհայտնվես Գորկու «Հատակում», եթե ոչ` կդառնաս ժպտադեմ իմաստուն:
Ի՞նչը կարող է ձեզ հիասթափեցնել:
Դավաճանությունն ու մարտնչող տգիտությունը:
Իսկ ուրախացնե՞լ:
Մարդկային յուրաքանչյուր ծնունդ:
Եթե նույնիսկ նա դառնալու է հերթական Հիտլե՞ր:
Այո, նույնիսկ եթե վտանգ կա, որ նա կդառնա հերթական Հիտլեր: Այդպիսին չեն ծնվում, այդպիսին դառնում են: Այստեղ պետք է փնտրել ոչ թե անհատի պրոբլեմ, այլ հասարակության: Դրանք մարդկային բարդույթներ են, որոնք ձևավորվում են հիվանդ հասարակության ներսում և հետագայում դառնում մեծ աղետների պատճառ: Ադոլֆը չէր դառնա այդպիսին, եթե մի օր նրա նկարչության ուսուցիչը չասեր՝ տղա ջան դու մի զբաղվիր նկարչությամբ, դու անտաղանդ ես: Եվ մի ուսուցչի անփույթ խոսքի հետևանքով ողջ աշխարհը տեսավ Ադոլֆի «տաղանդը»: Կամ վերցնենք Բոնապարտին: Եթե նրան պատանեկան, երիտասարդական հասակում կանայք այդքան չմերժեին… Հետագայում նրա յուրաքանչյուր արշավ ավարտվում էր տվյալ քաղաքի ամենագեղեցիկ կնոջը տիրանալով: Նույն բարդույթն ուներ նաև Մակեդոնացին: Նրա մասին ասում են, թե սեռական շեղումներ է ունեցել, բայց ես վստահ եմ, որ նրա միակ շեղումը եղել է տիրանալու մոլուցքը, տիրանալ բոլորին և ամեն ինչին: Այնպես որ ծնունդը բարի է, իսկ մարդու դաստիարակության համար պատասխանատում են բոլորը:
Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական ընտանիքի մոդելը:
Ընտանիքի և դաստիարակության մոդելի մասին շատ խորիմաստ ու ճշմարիտ է խոսում Անտուան Դը Սենտ Էքսյուպերին իր «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության մեջ: Իսկ իմ բանաձևը հետևյալն է. երբ աշխարհիս երեսին ապրող ամեն մեկ մարդ մտածի իր դիմացինի մասին, բոլորը կլինեն ուշադրության կենտրոնում ու ջերմառատ հոգածության ներքո: Այդ դեպքում ոչ ոք ուշադրության պակաս չի ունենա, իսկ դա կկարգավորի շատ ու շատ այլ բաներ, որոնք թվում է, թե կարգավորվում են այլ միջոցներով: Մարդուն միայն ուշադրություն է հարկավոր, ուրիշ ոչինչ: Սա համամարդկային մեծ ընտանիքի մոդելը պետք է լինի, որը կիրառվի նաև բոլոր փոքր ընտանիքներում: Այդ կենսափիլիսոփայության հիմքում ընկած է տալու, ոչ թե` վերցնելու գաղափարը, ինչը կարծում եմ իդեալական է բոլոր ազգերի ու կրոնների համար:
Իսկ ո՞րն է իսկական հայեցի երաժշտությունը:
Հայեցի է այն ամենը, ինչը սնուցելով հայ մարդու արմատները` նրան ավելի է ամրացնում իր հող
ու ջրին:
Ի՞նչն է ձեզ զայրացնում մեր քաղաքում:
Չարդարացված գիշերային հրավառություններն ու բարձրաձայն խոսող քաղքենիները, որոնք չեն զգում միջավայրի զարկերակն ու ապրում են համառ բթության մեջ: Կար ժամանակ, երբ հրավառությունն իմաստ ուներ: Հիմա, ի թիվս այլ գույների, իմաստազրկվել ու գունաթափվել է նաև դա:
Իսկ ի՞նչն է ձեզ զայրացնում մարդու մեջ:
Դատարկախոսությունից ավելի, ինձ նյարդայնացնում են մարդկային անհարկի ինքնահավանությունն ու հանդգնությունը: Ոչ մի իմաստուն երբեք չափազանց վստահ չի եղել, հիացած չի եղել իր անձով: Հիմա աքլորները շատ են, ավելին, շատ քչերն են, որ աքլոր չեն: Լեզու բերան չունեցող մասնագետներ ու մարդիկ, խնդրեմ, որքան ցանկանաս: Երբ մարդ դադարում է կասկածել իրեն, դադարում է խորհուրդ հարցնել, դա արդեն հոգեկան հիվանդության նախանշաններ են: Էդպիսին եղել են գրեթե բոլոր միապետները:
Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կփոխեիք Հայաստանում:
Նախ, մի քանիսին կզրկեյի կախարդական փայտիկներից:
Ձեր խորհուրդը «նորաթուխ կարիերիստներին»:
Հիշու՞մ եք մի մուլտֆիլմ կար` Я самый самый. Այ այդ ֆիլմում ասվում է. Никогда не говори, что ты самый смелый, самый сильный, самый умный, встретишь более сильного, смелого, мудрого.
Ելենա Չոբանյան