Մոտ 2 ու կես ամիս է հայկական ձկնամթերքի, մասնավորապես` իշխան ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան`կտրուկ նվազել են: Ռուսաստանն, այսպես ասած, վետո է դրել հայկական իշխանի վրա` պատճառաբանելով, որ մեր ձկան մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել: Մինչդեռ հակական կողմի վստահեցմամբ, լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ մեր ձկները մաքրամաքուր են, վիրուսակիր չեն եւ մեծանում են կենսաբանական մաքուր միջավայրում, իսկ, եթե նույնիսկ սահմանը հատելուց հետո իշխանի մեջ հայտնաբերված լինի աղիքային ցուպիկ, ապա դա «դիվերսիայի արդյունք» է:
Այսօր «Ելակետ» ակումբում, «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը, որպես ձկնոլորտի մասնագետ, վստահեցրեց, որ հատկապես իշխան ձուկը շա~տ մաքրասեր է, եւ եթե նրա մեջ ինչ-որ վարակ լինի, ապա իշխանը կսատկի:
Ըստ պարոն Աթոյանի Ռուսաստանը որեւէ հիմնավորում չի ներկայացրել: Ըստ նրա, հայկական կողմը կասկածներ ունի, որ այդ ամենը մեր երկրի մրցակից երկրների, մասնավորապես` Թուրքիայի ու Նորվեգիայի ձեռքի գործն է, որոնք նույնպես ձկնամթերք են արտահանում Ռուսաստան: Սակայն, ի տարբերություն նրանց, հայկական ձկնամթերքն ավելի մեծ պահանջարկ ունի:
Պատճառները պարզելու համար, վերջերս մասնագետների մի խումբ, Հայաստանից մեկնել է ՌԴ` ռուսական ձկնամթերքի շուկայում ուսումնասիրություններ անելու: Ըստ պարոն Աթոյանի, պարզվել է, որ շատ խանութներում հայկական իշխանի անվան տակ այլ երկրներից ներկրված ձուկ են վաճառել եւ երբ մերոնք այդ մեքենայությունը «բռնացրել» են, խանութների ղեկավարությունները պատճառաբանել են, թե մոռացել են հայկական իշխանի համար նախատեսված ցուցանակը փոխել:
Կարդացեք նաև
Եթե Ռուսաստանը արգելքը չհանի, ապա, ըստ Աթոյանի, հայկական ձկնաբույծները մեծ վնասներ կկրեն, իսկ մոտ ապագայում էլ ձկնամթերքը մեր երկրում էլ կթանկանա` որոշ ձկնագործների բիզնեսի տապալման պատճառով:
Մեր երկրից ձկնամթերք արտահանող 4 խոշոր ընկերություններն են` «Յունիֆիշ» ՍՊԸ-ն, «Դմիտրի» ընկերությունը, «Գոս» ՍՊԸ-ն եւ «Ակվա տեք ավտոմատիկա» ՓԲԸ-ն:
Ձկնոլորտի մասնագետը վստահեցրեց, որ, եթե Ռուսաստանը փաստեր չներկայացնի եւ շարունակի մեր ձկներին մեղադրել վարակակիր լինելու մեջ, ապա ստիպված կլինենք միջազգային լաբորատորիաներում փորձաքննության տալ` հայկական ձկների բարի համբավն ու հեղինակությունը պաշտպանելու համար:
Ի դեպ, ըստ Աթոյանի, նույն «Դմիտրով» ընկերությունն իր արտադրանքն արտահանում է նաեւ Եվրոպա եւ նրանց կողմից որեւէ դժգոհություն այսքան ժամանակ չի եղել. «Իսկ եվրոպական չափանիշներն ամենախիստն են եւ ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպան ավելի շատ պահանջներ է դնում արտադրողների առաջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ