«Այն մարդիկ, ովքեր անկախ Հայաստանը անիծում են, դրանք ստահակներ են եւ տխմարներ»,- այսօր նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կա մարդկանց մի խումբ, ովքեր երանի են տալիս «Սովետական Հայաստանին» եւ նույնիսկ անիծում անկախ Հայաստանը: Պարոն Հայրիկյանի խոսքերով` «Այո, երանի տվողներ կան: Պախմուտովան ասում էր` Սովետական միության ժամանակ կային նստացնողներ եւ նստողներ: Դուք կարծում եք` այդ նստացնողները պիտի ցավո՞վ հիշեին»: Մեր նշած մարդկանց խմբից են տատիկներ-պապիկներն ու չքավոր հատվածը, այս դիտարկմանն էլ՝ պարոն Հայրիկյանը կրկին նշեց, որ դա անգրագիտության հետեւանք է եւ նման կարծիք ունեցող անձինք կրթվելու խնդիր ունեն:
Չե՞ք կարծում, որ անկախության գաղափարը նսեմացրել են իշխանությունները եւ հազարավոր մարդիկ չեն ցանկանում բնակվել այսօրվա անկախ Հայաստանում, Aravot.am-ի այս հարցին էլ, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Իշխանությունների քաղաքական սխալները մշտապես կարող են արժեհամակարգին վնասել: Ինչ վերաբերում է նրան, որ հուսահատության պահին փրփուրներից կախվողի նման վկայակոչում են այլ ժամանակներ, ապա այդ մարդկանց էլ պետք է հասկանալ, որովհետեւ նրանց անցյալը, պատմությունը, իրենց ծնողն է… Անկախ Հայաստանի ժամանակ իշխանությունների թույլ տված սխալները, դրանք անկախ Հայաստանի գաղափարի հետ նույնացնող մարդիկ պարզապես կրթվելու խնդիր ունեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ